Կարծիք

16.08.2011 11:46


Լավագույն կամ ոչ լավագույն տղերքը հեռանում են

Լավագույն կամ ոչ լավագույն տղերքը հեռանում են

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից մեկնել է 458 հազար 98, իսկ Հայաստան է ժամանել 368 հազար 753 մարդ: Սա պաշտոնական վիճակագրությունն է: Բացասական հաշվեկշիռը կազմում է 89 345 մարդ: Նույն պաշտոնական տվյալների համաձայն, այսօր Հայաստանում բնակվում է 3 մլն 266 հազար 400 մարդ:

Իհարկե, այսօր արդեն դպրոցականներն էլ գիտեն, որ Հայաստանում իրականում ապրում է մոտ մեկ միլիոնով ավելի քիչ մարդ, քան պնդում են իշխանությունները: Վարչախումբը չի հրաժարվում թվեր նկարելու ավանդույթից եւ խաբում է ժողովրդին եւ ամբողջ աշխարհին: Դժվար չէ ենթադրել, որ բոլոր նրանց, ում հետաքրքիր է Հայաստանը, շատ լավ տեղեկացված են մեր երկրի բնակչության իրական թվի մասին: Հիմա հնարավոր է հարց առաջանա, թե այդ դեպքում ո՞ւմ են պետք կեղծիքները: Պատասխանը շատ պարզ է. պետք են նրանց, ովքեր կեղծում են ընտրությունները, ովքեր չեղած կենսաթոշակառուներ կամ նպաստառուներ են հորինում:

Ահա եւս մեկ ապացույց, թե որքան ծանր հիվանդ է Հայաստանը: Անկախությունից հետո մարդկանց մտածելակերպում գրեթե ոչինչ չի փոխվել: Սովետի ժամանակներում ձեւավորված խաբելն ավելի է արմատավորվել եւ առավել լկտի բնույթ ստացել:

Բայց Սովետական Միության ժամանակ չէին հանդգնում կեղծել բնակչության թիվը: Կեղծում էին կովերի կաթնատվությունը, բայց ոչ բնակչության թիվը:

Ինչ վերաբերում է արտագաղթին, ապա նույն պաշտոնական տվյալներից որեւէ եզրակացություն անել հնարավոր չէ: Անչափ դժվար է հասկանալ, թե մեկնածներից քանիսն է գնացել մշտական բնակության, իսկ քանիսը` խոպան: Անգամ դժվար է որոշել, թե գնացողները մեկնել են ընտանիքիներով, թե ոչ: Այսուհանդերձ, նույնիսկ այս թվերից պարզ է դառնում, որ արտագաղթը շարունակվում է:

Բնակչության իրական թվի մասին են վկայում նաեւ պաշտոնական այն տվյալները, ըստ որոնց 2011 թ. հնգամսյակի տվյալներով, Հայաստանում ծնվել է 8 հազար 977 տղա եւ 7 հազար 661 աղջիկ: Ստացվում է, որ հինգ ամսվա ընթացքում ծնվել է 16 հազար 638 երեխա: Եթե աճի այս տեմպերը պահպանվեն, ապա այս տարի կծնվի մոտ 40 հազար երեխա: Համեմատության համար նշենք, որ 1970թ., երբ Հայաստանում բնակվել է 2.5 մլն մարդ, ծնվել է 55 հազար 700 երեխա: Այսպիսով, ստացվում է, որ 70 թվականի համեմատ այս տարի կծնվի 16 հազարով ավելի քիչ երեխա, այն դեպքում, երբ պաշտոնական վիճակագրությունը հուշում է, որ 41 տարի առաջ բնակչությունը 750 հազարով ավելի քիչ էր:

Մեկ այլ համեմատություն` 1985թ., երբ մեր երկրում բնակվել է այնքան մարդ, որքան այսօր, ծնվել է 80 հազար 300 երեխա: Համաձայնեք, որ նույն բնակչության թվի պայմաններում ծնելիությունը Հայաստանի նման երկրում չէր կարող կիսով չափ կրճատվել:

Հիշեցնեմ նաեւ, որ 1985թ. յուրաքանչյուր ընտանիքում ծնվում էր միջինը երկու երեխա: Այլ կերպ ասած, 80-ականների կեսերին ծնելիությունը Հայաստանում միջին մակարդակի վրա էր: 1985թ. հազար բնակչի հաշվով ծնվել է 24.1 երեխա: Կրկին համեմատության համար նշենք, որ հազար բնակչի հաշվով 1955թ. ծնվել է 38, 1960թ.` 40, իսկ 1965թ.` 29 երեխա: Համաձայնեք, որ որեւէ մեկը չի համարձակվի պնդել, որ այժմ հազար բնակչի հաշվով ծնվում է ընդամենը 11 կամ 12 երեխա: Եթե հաշվի առնենք, որ նույն պաշտոնական վիճակագրությունը պնդում է, որ ամուսնությունների թիվը աճում է, ապա հասկանալի է դառնում, որ կեղծիքը թաքնված է երկրի բնակչության ընդհանուր թվի մեջ:

1970թ., երբ Հայաստանում բնակվում էր 2.5 մլն մարդ, ամուսնական տարիքի էին հասել պատերազմի տարիներին ծնվածների երեխաները: Հասկանալի է, որ այդ տարի պետք է գրանցեր ծնելիության մինիմումը հազար բնակչի հաշվով: 1970թ. հազար բնակչի հաշվով ծնվել է 22.1 երեխա: Եթե մի պահ պատկերացնենք, որ այսօր այդ ցուցանիշն էլ ենք գերազանցել բացասական իմաստով, եւ ընդունենք, որ հազար բնակչի հաշվով ծնվում է 19 կամ 20 երեխա, ապա կպարզենք, որ Հայաստանում այսօր փաստացի բնակվում է մոտ երկու միլիոն մարդ:

Ուշադրություն դարձրեք, որ որեւէ վիճակագրական տվյալ հաղորդելիս չի նշվում, թե հազար բնակչի հաշվով որքան է ծնելիությունը կամ մահացությունը: Այսպիսով, հերթական անգամ արձանագրում ենք, որ վարչախումբը շարունակում է խաբել ամենակարեւոր հարցում: Բնակչության թիվը ներկայացվում է ոչ իրական: Սա եւս մեկ անգամ մեզ հուշում է, որ հնարավորին չափ շուտ պետք է ազատվենք նման իշխանությունից:

Հնարավորին չափ շուտ պետք է ազատվենք նաեւ այդ իշխանության հետ «երկխոսող» եւ իրականում վարչախմբի հետ սերտաճել ձգտող, այսպես կոչված, ընդդիմությունից, որի հպարտությունն են հանդիսանում ոստիկաններին հայհոյող ջահելները:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը