Տնտեսական

31.08.2011 16:39


Կաթնամթերքի հումքի գները մինչև 50% թանկացել են

Կաթնամթերքի հումքի գները մինչև 50% թանկացել են

«Աշտարակ կաթ» ընկերությունը, արձագանքելով սեփական արտադրության որոշ ապրանքատեսակների գների բարձրացմանը վերաբերող մամուլի հրապարակումներին, անհրաժեշտ է համարում տալ հետևյալ պարզաբանումը:

«Աշտարակ կաթ» ընկերությունը, սերտորեն համագործակցելով կաթ մթերող  6000-ից ավելի  ֆերմերների և գյուղացիական տնտեսությունների հետ, նրանցից 2011թ–ի ընթացքում կաթ է մթերել մոտ 35%-ով ավելի բարձր գնով, քան 2010 թ. նույն ժամանակաշրջանում: Անգամ հաշվի առնելով  սեզոնային որոշ տատանումներ, որոնք առկա են ամեն տարի (թե աճի, թե նվազման ուղղությամբ), նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մթերման գնի նշված աճը մշտապես պահպանվել է նույն մակարդակի վրա: Գաղտնիք չէ նաև, որ այդ ժամանակահատվածում 10-50%-ով աճել են ներկրվող հումքի, փաթեթավորման  նյութերի և վառելիքի գները: Հատկանշական է, որ  ինքնարժեքի նման կտրուկ աճը երկար ժամանակ չի արտացոլվել «Աշտարակ կաթ» ընկերության արտադրատեսականու գների վրա: Պատճառն այն է, որ ընկերությունը միշտ  ուշադրության կենտրոնում է պահել   իր սպառողների շահերը,  գների կայունությունը պահպանելով զուտ իր շահույթի նվազեցման հաշվին, իսկ որոշ դեպքերում նաև` վնասներ կրելով:

Կաթնամթերքի ինքնարժեքի նման կտրուկ բարձրացման պայմաններում գների անխուսափելի բարձրացման ցավոտ հետևանքները հնարավորինս մեղմելու համար «Աշտարակ կաթ»  ընկերությունը նախընտրեց իր արտադրանքի գների վերանայումն իրականացնել որոշակի փուլերով: Ընդ որում, ընկերության արտադրանքի գների ներկայիս որոշակի աճը շարունակում է համարժեք չլինել կաթնամթերքի ինքնարժեքի բարձրացմանը:

«Աշտարակ կաթը»  հանդիսանալով հայրենական արտադրող և խոշոր հարկատու ընկերություն` այսուհետ ևս ջանք չի խնայելու տեղական արտադրության զարգացմանը նպաստելու գործում` միևնույն ժամանակ շարունակելով հաշվի առնել թե' սպառողների, թե՛գործընկերների, և թե՛ ընկերության շահերը:

«Աշտարակ կաթ» ընկերության մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը