Հարցազրույց

06.09.2011 14:06


Առնո Կուռ

Առնո Կուռ

Հարցազրույց «Պահանջում ենք կաթողիկոսի հրաժարականը» քաղաքացիական նախաձեռնության հեղինակ, դիզայներ Առնո Կուռի հետ

Ձեր նախաձեռնության անդամները բացահայտել են, որ Քանաքեռում՝ Խաչատուր Աբովյանի տուն թանգարանից ոչ հեռու, Սուրբ Աստվածածին միջնադարյան եկեղեցու տարածքը դարձել է կրոնական կազմակերպությունների հավաքատեղի, սիրային հանդիպումների ու գործողությունների վայր, ինչպես նաև կռվատեղի թաղի երիտասարդների համար: Իսկ եկեղեցին շրջապատող միջնադարյան տապանաքարերի տարածքը վեր է ածվել աղբանոցի: Ըստ Ձեզ՝ այս իրավիճակի պատասխանատուներն ովքե՞ր են։

-Իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն կաթողիկոսն է, այնուհետև Արարատյան թեմը, որին էլ հենց պատկանում է այս եկեղեցին: Ցանկացած կառույցում երբ այս խորության խնդիրներ են առաջանում, պատճառը միանշանակ վերադասից է, ոչ երբեք ենթականերից: Սա ընդամենը մեկն է հարյուրավոր դեպքերից, որն ի ցույց է դնում մեր հոգևորականության մտածելակերպն ու անլուրջ վերաբերմունքը հայ առաքելական եկեղեցու նկատմամբ: Այստեղ արտացոլված են այն բոլոր խնդիրները, որոնց մասին մենք արդեն բազմիս բարձրաձայնել ենք: Այս եկեղեցու ցավալի վիճակը մարմնավորում ու ամբողջացնում է այն բոլոր խնդիրները, որոնց մասին մենք բազմիս բարձրաձայնում ենք։ Կարծես սա փոքրիկ մակետը լինի առհասարակ եկեղեցու՝ իր լքվածության ու դրանից բխած ցավալի երևութներով, ու իր մեջ արտացոլում է մեր հոգևորականության մտածելակերպը. ինչպես մեկ դույլից վերցրած ջրի մեկ կաթիլով կարելի է տեսնել ողջ դույլի պարունակությունը միայն այն դեպքում, երբ դույլի ջուրը պղտոր է, այնպես էլ այս եկեղեցու պատկերով պարզ տեսանելի է ողջ եղեղեցին: Այդ խնդիրները բազմաթիվ են, դրանցից ամենակարևորները թերևս սրանք են. 1.Մենք բարձրացնում ենք միջնադարյան եկեղեցիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքի հարցը. ինչպես տեսաք, այս ուշ միջնադարյան բազիլիկ տիպի եկեղեցու կտուրը արոտավայր է հիշեցում:

2. Ժողովրդի կողմից եկեղեցու հանդեպ ունեցած անհարգալից վերաբերմունքը, որն ակնհայտորեն երևում է այս եկեղեցու օրինակով: Շրջակայքը, որտեղ տապանաքարերն են, աղբանոց է հիշեցնում, և, ինչպես հարևանությամբ բնակվողները մեզ ասացին, այնտեղ թաղի երիտասարդների հաշիվները մաքրելու ու սիրային գործողությունների վայր է: 3. Հոգևորականության մեջ առկա նյութապաշտական մտածելակերպը կամ հակահոգևորականությունն է, որն արտահայտվում է այստեղ շատ պարզ մտայնությամբ, քանի որ հարևանությամբ՝ մոտ հիսուն մետրի վրա, գործում է Սուրբ Հակոբ հայ առաքելական եկեղեցին, այս մեկի գործարկումը պարզապես շահութաբերության տեսանկյունից հավասար է զրոյի։ Ի դեպ, սա մի վառ արտահայտություն է եկեղեցում առկա նյութապաշտության, որը հակաքրիստոնեական է, ու, ինչպես տեսնում ենք, հանգեցնում է ցավալի իրավիճակի: 4. Հայոց լեզվի հանդեպ ոչ սրտացավ վերաբերմունքն է բարձրագուն հոգևորականության կողմից, որը, ինչպես արդեն ասել ենք, արտահայտվեց լեզվի ազգադավ օրինագծի քննարկումներում նրանց համակ լռությամբ: Այս եկեղեցու անտերության հետևանքով ռուսական սրբապատկերներ ու ռուսատառ գրվածքներ կան ներսում, ինչն առաջին հերթին խոցում է, օրինակ, իմ ազգային և մարդկային արժանապատվությունը: 5. Վերջապես ամենացավալի խնդիրը՝ Հայ առաքելական եկեղեցու անգործության հետևանքով աղանդավորներին է՛լ ավելի լայն գործունեության հնարավորություն ընձեռելը, ինչն ակնհայտ երևաց այս եկեղեցու օրինակով: Այս բոլոր խնդիրները բխում են եկեղեցու հանդեպ անտարբեր, ոչ սրտացավ ու բարձիթողի վիճակից:

-Արդյոք այս անտարբերությունը Հայաստանում գտնվող եկեղեցիների հետ կապված միա՞կ դեպքն է։

Այսպիսի դեպքերը շատ են, և մենք շարունակաբար հասարակությանն ենք պատրաստվում ներկայացնել դրանք: Սակայն այս դեպքը առանձնահատուկ է նրանով, որ մայրաքաղաքի մի քանի միջնադարյան եկեղեցիներից մեկն է. այսինքն, պիտի աչքի լույսի պես փայփայենք դրանք, բայց արի՛ ու տե՛ս՝ անտերության մատնված ու աղբանոցի վերածված մի տխուր պատկեր է դրա փոխարեն այսօր: Մի քանի կիլոմետր հեռավորության վրա կենտրոնում հենց այս օրերին նոր եկեղեցի են կառուցում, որը պիտի դառնա կաթողիկոսի նստավայրը, դրա ի՞նչ անհրաժեշտությունը կա: Միայն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի փոփոխությունը կարո՞ղ է խնդրի լուծում հանդիսանալ։ Այսօր հայ առաքելական եկեղեցին անհապաղ և շատ լուրջ ռեֆորմների կարիք ունի, որը, բնականաբար, ի վիճակի չէ կատարել Գարեգին Բ-ն:

Դուք ահազանգում եք աղանդավորական կազմակերպությունների տարածման մասին, բայց չե՞ք կարծում, որ Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջելով՝ նպաստում եք դրանց տարածմանը։

Ցանկանում եմ մեկ անգամ ևս շեշտել, որ հայ առաքելական եկեղեցին չափազանց կարևոր արժեքներ է պարունակում, որոնք հայկական ինքնության մասն են, այն սոսկ կրոնական կազմակերպություն չէ: Եկեղեցու թուլանալով՝ թուլանում են այդ արժեքները, հասարակությունը հեռանում է դրանցից: Գարեգին Բ-ի անլուրջ վերաբերմունքի արդյունքում աղանդավորներն առավել ակտիվ են սկսում գործել՝ նախ և առաջ հարվածելով հենց հայ առաքելական եկեղեցուն:

Ձեր տարածած հաղորդագրությունից անմիջապես հետո պարզաբանմամբ հանդես եկավ «Կյանքի խոսք» ավետարանական եկեղեցու մամլո քարտուղար Արմեն Լուսյանը՝ նշելով, որ այդ պնդումները հերյուրանք և ապատեղեկատվություն են, և որ եկեղեցական էթիկայի տեսանկյունից «Կյանքի խոսք» ավետարանական եկեղեցու համար անընդունելի է որևէ քրիստոնեական եկեղեցու շինության բակում կամ դրա անմիջական հարևանությամբ կրոնական բնույթի հավաքների ու արարողությունների անցկացումը:

–Բնականաբար, «Կյանքի խոսք»–ի հերքումը լրիվ սպասելի էր, սակայն էականն այստեղ մեր հայ առաքելական եկեղեցու դիրքորոշումն ու կարծիքն է, ինչպես նաև պատասխանատվությունը: Ասեմ նաև, որ մեզ այս ամենը պատմեցին հարևանությանբ բնակվող մարդիկ, ու նրանցից շատերը դժգոհում էին, որ խանգարում են իրենց քունը, ու առավոտյան 7-ին և երեկոյան 11-ին գալիս են ու երգեր երգում։ Մեջբերում եմ նրանցից մեկի խոսքերը. «Մեր թաղի ջահելներն են էլի «Կյանքի խոսք»–ից։ Մեր այցելություններից 2 օր անց տեղեկացանք, որ վերջին 2 օրերին նրանք դադարել են գալուց։ Եթե որևէ մեկը կասկածում է, կարող է գնալ և զրուցել բնակիչների հետ: Ի դեպ, մենք հորդորում ենք բոլոր մտահոգ անձանց գնալ և պարզել այս ամենը, չեմ կարծում, որ «Կյանքի խոսք» եկեղեցու կենտրոնում տեղյակ չլինեն սրա մասին, իսկ եթե տեղյակ չեն, ապա տեղեկացնում ենք… Ստացվում է, որ եկեղեցու հարևանությամբ բնակվող բոլոր մարդիկ միաձայն ստում են, իսկ այս մարդը ճիշտ է ասում:

–Ձեր ահազանգին արձագանքել է նաև Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանը՝ պնդելով, որ Ս. Աստվածածինը կրկին կդառնա գործող եկեղեցի, Առաջնորդական փոխանորդի կարգադրությամբ եկեղեցին վերանորոգումից հետո կունենա հոգևոր հովիվ և կհոգա համայնքի հոգևոր պահանջները: Այս պատասխանը բավարարո՞ւմ է Ձեզ։

–Մի քիչ ուշ, բայց հասկացան։ Իհարկե, ես ակնկալում էի, որ կհերքեն, բայց սա արդեն գոնե մեկ քայլ է դեպի առաջ։ Չնայած, բնականաբար, չեմ հավատա իրենց խոստմանը, մինչև աչքովս չտեսնեմ։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը