Կարծիք

13.09.2011 16:51


Կոնգրեսի գնացքն արդեն մեկնել է

 Կոնգրեսի գնացքն արդեն մեկնել է

Ստիպված եմ արձանագրել, որ հայաստանյան քաղաքական դաշտում այնքան տխուր իրավիճակ է, որ դեռ անդրադառնում ենք Կոնգրեսին և այդ կառույցի կազմակերպած ինքնանպատակ հանրահավաքներին:

Մեր հասարակությունն այնքան թույլ է, որ Կոնգրեսի առաջնորդների մտքով անցնում է, թե դեռ կարելի է որոշ թվով մարդկանց քթից տանել ու բերել: Համաձայնվե՛ք, որ եթե Հայաստանում քաղաքացիական հասարակությունը գոնե ինչ–որ չափով կայացած լիներ, ապա այսօր արդեն նույնիսկ մի հոգի հույսեր չէր կապի Հայ ազգային կոնգրեսի ղեկավարների հետ: Դեռ մի կողմ թողնենք վիկիլիքսյան բացահայտումները և կենտրոնանանք Կոնգրեսի ղեկավարների վերջին ամիսների հրապարակային հայտարարությունների վրա: Դրանք այնքան հակասական են, մեկը մեկից տարբերվող: Իսկ այսպես լինում է, երբ քաղաքական ուժը, քաղաքական գործիչներն անկեղծ չեն և ժողովրդի միջոցով նեղ անձնական խնդիրներ են լուծում:

Երբ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց «երկխոսությունը», ու մի պահ Կոնգրեսի ղեկավարներին թվաց, թե իրենք հարց լուծող տղաներ են ու գրպանում էլ ունեն պատգամավորական տեղեր, սկսեցին ժողովրդի հետ խիստ վերևից խոսել, ավելին՝ դարձան ներիշխանական կայունության երաշխավորներ և անգամ հպարտացան, որ իրենց ջանքերով բարձրացրել են Սերժ Սարգսյանի միջազգային հեղինակությունը: Չմոռանանք նաև՝ ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը խիստ դիտողություն արեց նրանց, ովքեր հանրահավաքներից մեկի ժամանակ բացականչեցին «հի՛–մա՛, հի՛–մա՛»:

Բնականաբար, այս ամենն աննկատ չէր կարող մնալ, և շատերը, ովքեր դեռ ինչ-ինչ հույսեր էին կապում Հայ ազգային կոնգրեսի հետ, հասկացան, որ եթե Հայաստանում փոփոխություններ լինեն, ապա դրանց նախաձեռնողը և իրականացնողը հաստատ Կոնգրեսը չի լինելու: Այս ամենը հանգեցրեց նրան, որ գոնե ամիսը մի հանրահավաք անցկացնելը Կոնգրեսի համար լուրջ խնդիր դարձավ: Նույնիսկ երկու հազար մարդ Ազատության հրապարակում հավաքելը դարձավ գերխնդիր: Չօգնեցին նաև գեղարվեստական ֆիլմերի գովազդային հոլովակներ հիշեցնող կոչերը: Ինչ–որ պահի կոնգրեսականները ժողովրդին հրավիրում էին «ցասման» հանրահավաքի, բայց հետո հասկանալով, որ շատ են հեռու գնացել, հրաժարվեցին «ցասումից»: Իսկ «ցասման» հանրահավաքը պետք է լիներ սեպտեմբերի 9-ին:

Սեպտեմբերի 9-ին տեղի ունեցավ Կոնգրեսի պատմության ամենատխուր և խայտառակ հանրահավաքներից մեկը: Խոսքը ոչ թե սակավամարդության, այլ հնչած ելույթների մասին է: Ակնհայտ է, որ Կոնգրեսը որոնումների մեջ է: Ավելի քան պարզ է, որ կոնգրեսականները շփոթված են, չեն հասկանում և լավ պատկերացում չունեն՝ ինչ պետք է անեն: Ամենայն հավանականությամբ, Լևոն Տեր-Պետրոսյանին ու նրա շրջապատին թվում էր, որ երբ հայտարարեն «երկխոսությունն» առկախելու մասին, Սերժ Սարգսյանի աչքերում արցունքներ կհայտնվեն, և նա թախանձագին կխնդրի շարունակել երկխոսությունը: Հիմա Կոնգրեսին ինչպես չնմանեցնել այն աղջկան, որն իր արժեքը բարձրացնելու նպատակով «ոչ» է ասում տղային և անակնկալի գալիս, երբ մի օր հասկանում է, որ տղան չի պատրաստվում ծնկաչոք ներողություն խնդրել: Բնականաբար, աղջկան ոչինչ չի մնում, քան գիշերները լաց լինել բարձի վրա: Հիմա էլ Կոնգրեսին մնում է միայն բազմաչարչար ժողովրդին համոզելով բերել Ազատության հրապարակ և Սերժ Սարգսյանին ապացուցել, որ իրենք դեռ կարող են իրարանցում առաջացնել:

Դժվար է հավատալ, որ այս ամենից հետո Լևոն Տեր-Պետրոսյանին կրկին կհաջողվի շուրջը հավաքել տասնյակ հազարավոր մարդկանց: Կարծում եմ, որ ժողովրդի ակտիվ հատվածի ճնշող մեծամասնությունն արդեն ավելի քան լավ գիտի՝ որն է Տեր-Պետրոսյանի և նրա թիմի նպատակը, և հաստատ չի աջակցի նրանց նեղ անձնական նպատակների իրականացմանը: Դեռ զարմանալի է, որ այսքանից հետո գտնվում են մարդիկ, որոնք հույսեր են կապում ընդամենը մի քանի ամիս առաջ ներիշխանական կայունության համար ջանքեր գործադրող ուժի հետ:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա նա, որքան էլ վատ կառավարող ու վիճակը ճիշտ չգնահատող նախագահ լինի, այնուամենայնիվ, այնքան խելք ունի և կհասկանա, որ «երկխոսության» ընթացքում Կոնգրեսը կորցրեց իր համակիրների ճնշող մեծամասնությունը և այսօր ոչինչ է:

Հիմա Կոնգրեսն այն վիճակում է, որ առավելագույնը կարող է իրականացնել Սարգսյանի այս կամ այն հրահանգները: Կոնգրեսի ղեկավարությունը մտածելու ժամանակ ունի, և և մտածելու ընթացքում էլ հաստատ կհասկանան, որ այլևս չեն կարող ժողովրդին դուրս բերել հրապարակ ու փողոց՝ սպառնալով իշխանափոխություն անել: Մեր ժողովուրդը որքան էլ ցածր կենսամակարդակ ունենա, այսուհանդերձ, դեռ ի վիճակի է դասեր քաղել սեփական կոպիտ սխալներից: Պարզապես ժողովրդի համար իրավիճակը ծանրանում է այնքանով, որ դեռ չի տեսնում այն ուժը, որը կդառնա իր շահերի արտահայտիչը: Եվ այստեղ արդեն իրենց խոսքը պետք է ասեն այն քաղաքական ուժերը, որոնք, դուրս լինելով «երկխոսություն» խաղից, ի վիճակի են իրենց գործողություններով համախմբել ժողովրդի ակտիվ հատվածին:

Մեր երկրի առջև ծանր խնդիրներ են դրված, որոնց լուծումը չպետք է հետաձգել: Իսկ ներկա իշխանություններով դրանք լուծել հնարավոր չէ: Սպասելու ժամանակ էլ չկա: Եթե  քաղաքական դաշտում արմատական տեղաշարժեր չլինեն, ճահճահոտը կխեղդի մեր հասարակությանն ու կկործանի երկիրը: Չի կարելի մտածել, որ շարունակ կեղծելով ընտրությունների արդյունքները, շարունակ ոտնահարելով մարդու տարրական իրավունքները, ճնշելով բիզնեսի ներկայացուցիչներին՝ կարելի է առաջ շարժվել և գոյատևել:

Գեղամ Նազարյան

Այս խորագրի վերջին նյութերը