Հարցազրույց

22.09.2011 12:03


Լևոն Բարսեղյան

Լևոն Բարսեղյան

«Ասպարեզ» ակումբի հարցազրույցը նույն ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ

-Պարո՛ն Բարսեղյան, ո՞րն էր այսօր Երևան գնալու Ձեր նպատակը:

 

-Մենք դա որոշել էինք երեկ: Նպատակը բողոքելն էր Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված զորաշքերթին օտար երկրների զորամասերի և նրանց դրոշների առկայության դեմ: Ակցիայի կազմակերպիչներս կարծում ենք, որ անկախության զորահանդեսը ոչ մի ընդհանուր բան չունի օտար երկրների դրոշների հետ, մանավանդ այն երկրի, որից Հայաստանը, փաստորեն, անկախացել է:

 

-Գյումրուց  միայն Դո՞ւք էիք մասնակցում:

 

-Այո՛, միայն ես էի մեկնել:

 

-Էլ ովքե՞ր էին մասնակցում ակցիային:

 

-Տարբեր երիտասարդներ, տարբեր տեղեր աշխատող կամ չաշխատող ջահելներ: Բոլորն էլ հավաքվել էին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով: Մոտ տաս հոգի էին հավաքվել այն պահին, երբ ոստիկանները մոտեցան և խլեցին պաստառները: Դրանց վրա գրված էր 3 կարգախոս` «Ազատ, անկախ Հայաստան», «Ո՛չ օտար դրոշներին» և «Հայաստանը Ռուսաստանի մաս չէ»: Այսինքն, իրենք թերևս  համաձայն չեն այս կարգախոսներին. երևի, ըստ իրենց, Հայաստանը Ռուսաստանի մաս է:

 

-Ի՞նչ պատճառաբանությամբ խլեցին պաստառները:

 

-Ոչ մի պատճառաբանություն, ոչ մի բացատրություն: Դա իրենց գործելաոճին հատուկ է, նորություն չէ: Այսինքն, իրենց ինչ պետք է, տանում են:

 

-Ոստիկանները ակցիայի մասին տեղյա՞կ էին:

 

-Մենք ցանկացել էինք, որ ամեն ինչ հրապարակային լինի, ուստի «Ֆեյսբուքում» հատուկ բաց էջ էինք ստեղծել, որ բոլորն էլ այդ մասին իմանային: Գիտեինք, որ իրենք տեղյակ էին, ու փորձելու են խոչընդոտել, բայց որ այդպիսի ուժեր կնետեին այնտեղ, չէինք ենթադրում:

 

-Հենց ակցիայի սկզբո՞ւմ խլեցին պաստառները:

 

-Երբ ես հասա Երևան, արդեն 8. 30-ի սահմանում էր, Սարյանի արձանի մոտակայքում մոտ 20 ոստիկան տեսա, մի քանիսն էլ քաղաքացիական հագուստով էին: Ժամը 9-ի սահմանում ոստիկանները շատացան՝ 30-40 հոգի դարձան: Նրանց մեջ էին ոստիկանության Կենտրոն բաժնի մի մեծ խումբ աշխատակիցներ, այդ թվում՝ պետի տեղակալը՝ փոխգնդապետ Արա Պողոսյանը: Ինքը մոտեցավ ինձ և հարցրեց՝ ինչ երթ է, ես էլ բացատրեցի, որ եթե մարդիկ հավաքվեն, հնարավոր է՝ բողոքի երթ լինի ընդդեմ զորաշքերթին օտար դրոշների ներկայության: Ինքն էլ ասաց, որ դա ճիշտ չէ: Ես էլ բացատրեցի, որ ճիշտն ու սխալը ինքը չպիտի որոշի. դա սահմանված է Սահմանադրությամբ, և ամեն մարդ ունի իր կարծիքն արտահայտող միջոցառումներ անցկացնելու իրավունք: Այդ պահին հեռացավ: Հետո հավաքվեցին մի քանի հոգի, լրագրողներ եկան: 3-րդ պաստառն էի նկարում, երբ նորից մոտեցավ նույն փոխգնդապետը և բացատրեց, որ եթե մենք փորձենք երթ անել, մեզ բաժին են տանելու: Ես էլ իրեն բացատրեցի, որ մենք մեր կարծիքն ենք արտահայտում, և իր նման ոչ մի ոստիկան չի կարող մեզ խանգարել: Այդ պահին էր, որ ասաց. «Մեզնից լավ մտածող մարդիկ կան, ովքեր մտածել և գտել են, որ այս ակցիան պիտի չլինի»:

Ես էլ պատասխանեցի, որ իր համար այդ մարդիկ վերադաս են, իսկ ինձ համար՝ ոչ: Երկրորդ զգուշացումից հետո ես լրագրողներին պատմեցի մեր զրույցի մասին, ու մենք սկսեցինք մեր երթը Սարյանի արձանից մինչև «Տղամարդիկ» արձանախմուբը,  բարձրացրիք դրոշն ու սկսեցինք վանկարկել «Ազատ, անկախ Հայաստան»:

 

-Ոստիկանները Ձեզ ե՞րբ և ինչպե՞ս  բերման ենթարկեցին:

-Հենց հասանք մայթին, ոստիկանները մեր թևերն ընկան, մինչ այդ էլ էին հրմշտում, պետի տեղակալն էլ ինձ համարյա գրկել էր ու ասում էր. «Մի՛ դիմադրիր, վիճակդ ավելի ես բարդացնում»:

Ու այս ամենը տեսանյութերում երևում է: Իրենց այն հայտարարությունը, թե, իբր, մեզ հրավիրել են զրուցելու և անձը ճշտելու, իրականությանը, մեղմ ասած, չի համապատասխանում: Դա սուտ է: Ես Գյումրիից չեմ հասել Երևան, որ անծանոթ միլիցոնց հետ զրուցեմ իրենց միլիցիանոցում: Ինձ ու մի երիտասարդի՝ Առնոյին, հետևի նստատեղին տեղավորեցին, ու կողքներումս էլ միլիցիա նստեցրին, որ չփախնենք իբր: Նման բան, հիշում եմ, եղել է այն ժամանակ, երբ 1988-ին Լաչինում ընկերներիս հետ մեզ բռնեցին, ու ադրբեջանցի ոստիկաններն էին կողքներս նստել…:

 

-Ոստիկանությունում ի՞նչ եղավ: Կմանրամասնե՞ք:

 

-Մեզ սկսեցին հարցեր տալ, մենք չպատասխանեցինք՝ բացառությամբ անուն, ազգանուն և ծննդյան տվյալները հաղորդելուց: Ասացինք, որ մյուս հարցերին կպատասխանենք միայն փաստաբանների ներկայությամբ: Հետո մի ինչ-որ գնդապետ որոշեց ինձ նկատողություն անել, որ ոստիկանությունում չի կարելի ոտքը ոտքին գցել (լրիվ են խելքները գցել դրանք), ես էլ բացատրեցի, որ ոչ մի կանոնադրությունում նման բան չկա: Հետո ինձ հետ եղած երիտասարդը ասաց, որ երազել է զորահանդեսը տեսնել, ու մեզ հեռուստացույցով ապահովեցին: Գնացինք մի առանձին սենյակ ու տեսանք՝ ինչպես պաշտպանության նախարարը ռուսերեն ողջունեց ռուսաց զորամասին, ինչը օրենքի խախտում է. ինքը պարտավոր էր հայերեն անել դա, ամոթ էր: Ժամ ու կես սպասելուց հետո, երբ արդեն լրացել էր մեզ բաժին տանելու 3 ժամը, և կա՛մ պետք է ձերբակալեին, կա՛մ ազատ արձակեին, մեր փաստաբանին ներս թողեցին: Ոստիկանները հրաժարվեցին նաև արձանագրություն կազմել՝ ասելով, որ դա բերման ենթարկել չէ. պարզապես հրավիրել են զրույցի: Ու առանց որևէ փաստաթղթի դուրս եկանք: Դրսում հավաքվել էին բոլոր հայտնի իրավապաշտպանները՝ Միքայել Դանիելյանը, Արթուր Սաքունցը, Ավետիք Իշխանյանը, Արտակ Զեյնալյանը, լրագրողներ, ընկերներ, հասարակական գործիչներ, մոտ 3 տասնյակ մարդ: Շամպայն էին բերել հետները, շնորհավորեցինք իրար ու ոստիկանների ներկայությամբ նորից շարունակեցինք վանկարկել այն, ինչ հայտնի է, ու կրկնելու կարիք չկա: Ու երբ պատրաստվում էինք հեռանալ, Մեսրոպը՝ ընկերս, տեսավ, որ մի ջահել ոստիկան, քաղաքացիական հագուստով, ծառի հետևից նկարում է ծածուկ, ես բոլորին հետ կանչեցի ու առաջարկեցի միասին նկարվել ոստիկանի տեսախցիկով: Բայց նրա հավեսը փախավ…

 

-Փաստորեն, խախտվել են Ձեր իրավունքները: Ի՞նչ եք անելու:

-Վաղը կամ մյուս օրն անպայման կդիմենք դատարան՝ ոստիկանության դեմ: Կար տարբերակ, որ ես դիմեի հենց ոստիկանություն՝ ոստիկանական համազգեստ հագած մարդկանց կողմից հանցագործություն կատարելու մասին հաղորդմամբ: Բայց դա կլիներ դատախազական վարույթի գործ: Իսկ մենք գիտենք, որ դատախազը շան միս չի ուտում (ընդհանրապես հայտնի բան է), ու որոշեցինք վարչական դատարան դիմել, որպեսզի վիճարկենք ոստիկանության ապօրինությունները: Սրանք էլ մի բան չեն, բայց գոնե միլիցիք կչարչարվեն:

 

-Ինչպե՞ս կբացատրեք Հայաստանի իշխանության՝ հայկական զորահանդեսին ռուսական դրոշների առկայության ցանկությունը:

-Դրանով նրանք փաստում են իրենց պրոտեկտորատի կարգավիճակը, այսինքն՝ ընդունում են իրենց ենթապետություն լինելը: Ուղղակի այսօր կայսերապետական մեխանիզմներն են այլ, քան նախկինում էին: Չեն էլ մտածել, որ այդ դրոշները չպետք է այդտեղ լինեին: Երբ շատ ես խորանում, հասկանում ես, որ անկախության գաղափարը շատերն այնքան էլ լավ չեն ընկալում: Նույն իմ այս դրոշը որ միլիցիք խլեցին, բայց վերադարձրին, ինձ հետ եղել է նաև Բուրսայում Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղի ժամանակ: Թուրքերի դրոշները փոքր էին, մի քանի հազար հատ սարքել էին թերթի չափ, իսկ իմը մեծ էր՝ մոտ 3 մետր, 4 հոգով էինք բռնել, կախել տրիբունայից ցած: Թուրքերը փորձեցին միջամտել, բողոքել: Բայց անվտանգության աշխատակիցները սաստեցին նրանց, ու ամբողջ խաղի ընթացքում մեր դրոշը կախված է եղել տրիբունայից, ու ոչ մի թուրք ոստիկան կամ պաշտոնյա չի համարձակվել ասել, որ Հայաստանի եռագույնը չպիտի լինի խաղի ժամանակ: Իսկ հայ ոստիկանները հենց տեսան, հասկացան, որ պիտի ոստիկանություն տանեն մեզ, ահա ձեզ անկախություն: Սրանք զուգահեռներ են, որ հիշում եմ մեր տխրահռչակ ոստիկանների այս միջադեպի հետ կապված:

 

-Այսօրվա միջադեպը որպես անձնական վիրավորա՞նք եք ընդունում:

 

-Ես ինչ-որ բանով չեմ տուժել այսօր. դա բարոյական վնաս էլ չի, ումի՞ց` միլիցո՞ւց նեղանամ: Պարզապես իմ համոզմունքը խորացավ, որ Հայաստանի երրորդ հանրապետությունն ավարտվել պրծել է: Որովհետև, երբ ինչ-որ մարդիկ հարձակվում են եռագույնի և այն մարդկանց վրա, որոնք վանկարկում են «Ազատ, անկախ Հայաստան», ուղղակի ստահակներ են և Հայաստանի Հանրապետության թշնամիներ: Արեցին այն, ինչ ուզում էին, ու հիմա երջանիկ են այն մարդիկ, ովքեր երազում էին մեր անկախության զորահանդեսին ռուսական դրոշներ տեսնել: Բայց այդ երջանիկները պիտի իմանան, որ անկախության մասին պիտի ցածրաձայն խոսեն, որովհետև ամոթ է՝ իրենց իմացածը անկախություն չէ: Նրանք իրականում չեն հասկացել, թե անկախությունն ինչ է: Եթե իրենք անկախություն ասելիս պառադ են հասկանում, դա ուրիշ բան …:

 

-Այս ամենն ինչպե՞ս կմեկնաբանեք:

 

-Ուղղակի հանձնարարված էր խափանել բողոքի ակցիան, որովհետև չգիտեին, թե այն մինչև վերջ ինչպիսին էր լինելու: Իսկ մենք միայն մոտենալու էինք հրապարակին և օտարերկրյա դրոշների առկայության ժամանակ բողոքի բացականչություններ էինք անելու: Այդքան բան: Այսինքն, իշխանությունները ոստիկաններին բանեցնում են իրենց ուղեղին փչած ցանկացած հիմարությունն անել տալու համար: Ու այդ փոխգնդապետին էլ շուտով գնդապետի կոչում կտան ու առաջ կքաշեն կատարած «հերոսության» համար:

Այս խորագրի վերջին նյութերը