Քաղաքական

22.12.2022 08:22


Պաշտոնյայի ավտոշարասյունը իրավունք կստանա անսահմանափակ արագությամբ երթևեկել. նոր նախագիծ

Պաշտոնյայի ավտոշարասյունը իրավունք կստանա անսահմանափակ արագությամբ երթևեկել. նոր նախագիծ

ՀՀ կառավարությունը հանդես է եկել իրավական նոր նախաձեռնությամբ` առաջարկելով որոշ փոփոխություններ կատարել կառավարական էսկորտների երթևեկությանը վերաբերող կանոններում։

Մասնավորապես առաջարկվում է հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման ժամանակ երթևեկության անվտանգության համար պատասխանատվությունը դնել վարորդների վրա, մինչդեռ գործող կարգավորմամբ, նման դեպքերում պատասխանատվություն են կրում ուղեկցող շարասյան ղեկավարները (ուղեկցող խմբի ավագը):

Մեկ այլ կարգավորմամբ էլ առաջարկվում է գործող օրենքով սահմանված առավելագույն արագությունը (բնակավայրերում՝ մինչև 100 կմ/ժ, բնակավայրերից դուրս՝ 120 կմ/ժ) գերազանցելու իրավունք վերապահել շքախմբում ներգրավված ավտոմեքենաներին։ Դրա համար առաջարկվում է սահմանել բացառություն` «հատուկ նշանակության տրանսպորտային միջոցներով երթևեկող անձանց կամ անվտանգությունն ապահովելու նպատակով ուղեկցման և էսկորտ ուղեկցման համար ներգրավված ավտոմոբիլներով և մոտոցիկլետներով երթևեկող անձանց վրա հարձակման կամ դրա անմիջական սպառնալիքի դեպքերի» համար։

Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի մահվան գործով տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով կառավարության նախաձեռնած փոփոխությունների նախագիծը, կարծիք հայտնեց, որ այդ կերպ կառավարությունը փորձում է ինքն իրեն ապահովագրել ու իրենց ավտոշարասյուների հնարավոր պատահարների դեպքում պատասխանատվությունը թողնել վարորդների վրա։

«Կառավարությունը փոխանակ շտկումներ մտցնի իր ուղեկցման գործողություններում ու ՃՈ–ի համապատասխան գործառույթներում, հակառակը` փորձում է ապահովագրել, որ հետագայում, եթե ևս մեկն ընկնի ավտոմեքենայի տակ, որևէ մեկը պատասխանատվության չենթարկվի»,–ասաց Ասլանյանը։

Հղի կնոջ վրաերթից հետո, նրա խոսքով, կառավարությունը պետք է հակառակը` հստակեցներ գործող մեխանիզմները, հստակեցներ, թե որ իրավիճակում ով ինչի համար է պատասխանատու կամ սահմաներ, թե որ դեպքերում ինչ արագությամբ պետք է ընթանա շարասյունը։

«Հիմա չկա կոնկրետ արագություն։ Սահմանված է միայն առավելագույն արագություն` 100 մկ/ժամ։ Բայց չի հստակեցվում, թե որ դեպքում ինչ արագությամբ պետք է երթևեկեն, որ դեպքում` 100, որ դեպքում` 80։ Իմ այդ հարցերին դատարանում էլ չեն կարողանում պատասխանել, այդ թվում` շարասյան ղեկավարը։ Փոխանակ այս կանոնները սահմանեն, հիմա հակառակը` փորձում են մի անսահմանափակ արագություն վերցնեն, որ հետագայում էլի դժբախտ պատահար լինի, մեղադրեն հետիոտնին»,–ասաց փաստաբանը` հավելելով, որ նման փոփոխությունն անընդունելի է, քանի որ քաղաքացու կյանքի անվտանգությունը չի կարող ստորադասվել շարասյան մեջ գտնվող անձի ֆիզիկական անձռնմխելիությանը։

Բացի այդ, Րաֆֆի Ասլանյանը նկատում է, որ առաջարկվող կարգավորումը չի հստակեցնում, թե ինչ հարձակման կամ սպառնալիքի դեպքում է ուղեկցողներին իրավունք վերապահվում սահմանված առավելագույն արագությունը գերազանցել։ Հետևաբար, այս դրույթը ևս հետագայում կարող է մեկնաբանվել կամայականորեն։

«Եթե ֆիզիկական հարձակում է, զենքի գործադրում է, նման դեպքերում քրեական օրենսդրությամբ արդեն սահմանված նորմերն են գործում` ծայրահեղ անհրաժեշտության վիճակին վերաբերող։ Այսինքն` արագ քշելը կլինի ծայրահեղ անհրաժեշտության վիճակով պայմանավորված, և որևէ կապ չունի շարասյան ուղեկցման հետ»,–ասաց Ասլանյանը` պարզաբանելով, որ այս նորմը տարածվում է նաև շարքային քաղաքացիների վրա ու կարիք չկա կոնկրետ պաշտոնյաների համար հատուկ կարգավորում անելու։

Ինչ վերաբերում է առաջարկվող կարգավորումների ու Սոնա Մնացականյանի մահվան փաստով իրականացվող վարույթի հնարավոր կապին, Րաֆֆի Ասլանյանը նշեց, որ նոր սահմանվող նորմը չի կարող հետադարձ ուժ ունենալ ու վերաբերել տվյալ վրաերթի դեպքին։

Նշենք, որ կառավարական ավտոշարասյուների երթևեկությունը կարգավորվում է 2006 թվականի օգոստոսի 18-ին կառավարության ընդունած «Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման, ավտոտրանսպորտային շարասյուների անվտանգ երթևեկության ապահովման կարգը հաստատելու մասին» N 1467-Ն որոշմամբ։ Հենց այս որոշման մեջ էլ գործադիրը, իսկ ավելի կոնկրետ` Ազգային անվտանգության ծառայությունն առաջարկել է կատարել վերոհիշյալ փոփոխությունները։

Որոշման նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման հարթակում։

Դրա հանրային քննարկման ժամկետն ավարտվում է 2023թ–ի հունվարի 5–ին, որից հետո հավանաբար կներկայացվի կառավարության հաստատմանը։ Իսկ ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Նշենք, որ գործող կարգավորումներով հատուկ նշանակության տրանսպորտային միջոցներով երթևեկում են հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, Ամենայն հայոց կաթողիկոսը, օրենքով սահմանված դեպքերում՝ ՀՀ պաշտոնաթող նախագահները, 2021թ–ին կատարված փոփոխությունից հետո` պաշտոնաթող վարչապետը, ինչպես նաև ՀՀ ժամանած օտարերկրյա պետությունների ղեկավարները, օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավարները, արտաքին հարաբերությունների գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները և նրանց ուղեկցող անձինք։

Հիշեցնենք` 2022 թ. ապրիլի 26-ին` ժամը 18:05-ի սահմաններում, Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ Փաշինյանին ուղեկցող մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել հղի Սոնա Մնացականյանին։ Վերջինս տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, մահացել էր։

Այս խորագրի վերջին նյութերը