Կարծիք

27.09.2011 17:05


Սեպտեմբերի 26. ժողովրդավարության պայքարի մոռացված օրը

Սեպտեմբերի 26. ժողովրդավարության պայքարի մոռացված օրը

-Էսօր ինչ օր ա, գիտե՞ս,-զանգեց ընկերես:

-Չէ, ի՞նչ օր ա:

-Վատ ա, որ չես հիշում:

-Հիշեցի, 96թվին զորքը մտավ Երևան:

Ինչի՞ էի մոռացել, առաջ միշտ էլ հիշում էի:

15 տարի առաջ, սեպտեմբերի 26-ին առավոտ Մոնումենտից մարշուտնիով իջա կենտրոն, Պապլավոկի մոտով Իսահակյանով անցա Մաշտոց: Փողոցը շղթայել էին զինվորները, ներքևում էլ տանկն էր: Թե տանկեր խի՞ էին բերել, պիտի կրակեի՞ն ցուցարարենրի վրա: «Յա, բարև, էս դու ինչ ես անում»,-լեյտենենտը ծանոթ դուրս եկավ, «բարև Վահան ջան, ինչ պիտի անեմ, բերել կայնցրել են, բայց որ բան լինի հո չենք կրակելու, ո՞վ կկրակի ժողովրդի վրա»:

Կինո Նաիրիից ներքև Մաշտոցով չէիր կարա իջնեիր: Որ ժողովուրդը Օպերայի հրապարակին չմոտենար, Օպերա տանող բոլոր փողոցները վերևից զինվորների շղթայով փակել էին: Հետո իմացա, որ ներքևից էլ Աբովյանից էին փակել, իսկ ընկերս էլ տեսել էր, ոնց Կինո Մոսկվայի մոտ Վազգեն Սարգսյանը կրակեց մեկը ընկավ ու շտապօգնությունը նրան տարավ:

Զինվորների կողքով անցա, հասա գրողների միություն:

-Էս գժվել ես Վահան, ուր ես դուրս եկել,քեզ են ման գալիս,-Շագան առանց բարևի զարմացած վրա տվեց:

-Ոնց թե:

-Քեզ փնտրում են, ցուցակի մեջ ես:

Խուզարկել էին համ մեր տունը, համ էլ նախկին կնոջս տունը:

Մեր տանը երկրորդ խուզարկությունը, մեկը 1985թվին սովետական ԿԳԲ-ն, մյուսը 96թվին հայկականը` Հայաստանի անկախ պետության ոստիկանությունը: 85-ին ԿԳԲ-ի քննիչ Ժորա Վարդանյանը հարցաքննությանը ինձ ասում էր` ջահել եք, գլուխներդ գցել եք` անկախություն բան, ես էլ քո տարիքին Ղարաբաղ-մարաբաղ էի ասում, բայց հետո խելքի էկա, էնպես որ պատմի` էղե՞լ ես Արամ Մանուկյանի գերեզմանին մայիսի 28-ին: 95-ին Ժորա Վարդանյանը արդեն անկախ ՀայաստանիԿԳԲ-ի քննիչ էր, հետո Շահումյանի(Հիմա Աջափնյակ-Դավթաշեն) դատավոր, հետո էլ Կենտրոն-Նորք Մարաշ ատյանի ընդհանուր իրավասությունների դատարանի նախագահ:

96-ին հաջողացրի, չընկա դրանց ձեռը, ինտուիցիա՞ն էր, որ 25-ի գիշերը տանը չքնեցի, իսկ հաջորդ օրն էլ էլի սուրացի Մոնումենտ, հետո ուրիշ կոնսպիրատիվ բնակարան ու Մուշեղ Սաղաթելյանի քացիների տակից պրծա:

Իսկ ով ընկավ դրանց ձեռքը առանց ծեծվելու դուրս չեկավ, քացիների տակ ընկան բոլորը առանց խտրականության` պատգամավորներ, քաղաքական գործիչներ, լրագրողներ, շարքային ցուցարարներ: Ծեծեծում էին ամենադաժան կերպով, ԱԺՄ-ի Աբոն խնդրել էր, որ սրտին չխփեն, ինֆարկտ է տարել, ու հատուկ սկսում էին հենց սրտին խփել: Մի մեջբերում 2007-ին գրածս «Առանց ընտրության» էսեից.

96-ին բռնել էին հարյուրներով: Իշխանություն փոխե՞լ: Առռը քեզ: Պատգամավոր Դավիթ Վարդանյանին, ոտքերն ու ձեռքերը կապած, ծեծել էին, ազատվելուց հետո ասում էր, որ ծեծելու մի քանակ կա, երբ էլ ցավին ցավ չի ավելանում, բայց չէին բավարարվում, ծեծում էին անընդհատ: Աեմնադաժան ծեծողն էր գաղութների վարչության պետ Մուշեղ Սաղաթելյանը, որին Լևոն Տեր-Պետրոսյանը իր ճառում ներկայացնում է որպես այս իշխանությունների կողմից ճնշված: Ասում էին, որ Կիմ Բալայանի ծեծված մարմինը վիդեոյով նկարել էին, տարել ցույց տվել վերնախավին, նայել էին ասել՝ արյուն չկա, էլի ծեծեք: Ծեծողները մի քիչ խղճով էին եղել, տոմատի հյութ էին քսել Կիմի վրա, նկարել, թե իբր արյունոտվել է: Իշխանությունները հանգստացել էին: Կիմը պատգամավոր չէր, դաշնակ էր, յոթ ամիս նստեց, դատեցին ու նոր ազատեցին: Հիմա Սահմանադրական դատարանի դատավոր է:

Ընկերս`Վահե Վարսանյանը, սեպտեմբերի 26-ին միամտաբար իջել էր քաղաք, կարծում էր, թե ցույցերը կշարունակվեն, բռնվել էր, լավ ծեծել էին, նա էլ 8 ամիս նստեց, դատվեց: Հիմա դեղի բիզնեսով է զբաղվում, գործերը վատ չեն:

Դասընկերս՝ Հովիկը, քաղաքականության հետ կապ չուներ, ծրագրավորող էր, բայց նա էլ անցավ 96-ի բռնություններով: Տեսնես հիմա ո՞ւր է: Լևոնի ելույթը հիշեցրեց Հովիկին, պարզվեց՝ ԱՄՆ-ում է, նրա mail-ը գտա, նամակ գրեցի, ի՞նչ էր եղել իր հետ 96-ին, պատասխանեց. «Խոսակցություններ կային, որ ընդդիմության բոլոր առաջնորդներին բռնել են, ես աշխատում էի Արմինպեքս բանկում, ԱԻՄ-ի գրասենյակի մոտ էր, ասի՝ մի հատ մտնեմ տեղեկություն ստանամ: Մի քանի զինվոր կալաշնիկովով մուտքի մոտ կանգնած էին: Նրանք ինձ ներս թողեցին առանց պրոբլեմի: Նրանք բոլորին ներս էին թողնում, բայց ոչ մեկին դուրս չէին թողնում: Այնտեղ կային ԱԻՄ-ի մի տասնհինգ անդամ: Պատգամավոր Արամազդ Զաքարյանը ասում էր՝ դուք չեք կարող ինձ ձերբակալել, ես պատգամավոր եմ: Նրան սկսեցին ուժեղ ծեծել, կալաշնիկովով քիթը ջարդեցին: Սկսեցին բոլոր տղամարդկանց կալաշնիկովով ծեծել: Կանայք ճչում էին: Հետո ձերբակալեցին բոլոր տղամարդկանց, տարան Նալբանդյան փողոցի ինչ-որ շենք (ոստիկանության վեցերորդ բաժին): Մենք կարծես վտանգավոր հանցագործներ էինք, մեզ ծեծում էին: Հրամայեցին պառկել կեղտոտ գետնին: Ես մտածում էի՝ մի ժամ առաջ ազատ մարդ էի ու ոչ մի վատ բան չէի արել, իսկ հիմա բանտում եմ, ինձ անասունի նման են վերաբերվում ու ծեծում են, ինչի՞ համար: Մենք էնտեղ մնացինք էդ դիրքով մի քանի ժամ: Ես հիշում եմ, որ զինվորներից մեկը ասում էր մյուսին. «Ես լավ կայֆի տակ էի, հիմա եկել եմ ստեղ էս ապուշների համար»:

Նրանք մեզ տարան դատարան ու մոտ վեց ժամ պահեցին: Այնտեղ շատ բանտարկված տղամարդիկ կային: Մի ծեր մարդ կար, որին շատ ուժեղ ծեծել էին: Հետո դատավորը կարդաց դատավճիռը, ու մեզ տարան բանտ: Ես մնացի էնտեղ տասը օր: Մի քանի օր հարազատներս չգիտեին՝ ուր եմ: Ուտելիքը շատ վատն էր: Մեզ երկու անգամ էին կերակրում՝ առավոտը տասնմեկին ու ցերեկը մեկին (հա, հա, կերակրաժամերի մեջ տարբերությունը երկու ու քսաներկու ժամ էր): Նախաճաշը մի կտոր հաց էր ու մի բաժակ թեյ, երկրորդն էլ՝ էլի նման բան: Էս դեպքերից մի քանի շաբաթ անց ես գնացի ԱՄՆ: Սիրտս կոտրվել էր:

Մեկ էլ 88-89 թվերին էր իշխանությունը զորք մտցրել քաղաք, հիմնականում շիկահեր սլավոն զինվորներ: Նրանց կողքով քայլելիս մտքիդ ծերով էլ չէր անցնի որ մեջները ծանոթ կգտնես, Օպերայի հրապարակը շրջափակած օտար ռուս զինվորներ, որոնց ծաղիկներ էին բաժանում հայ կանայք: Օտար իշխանությունը գնաց, ու իրականացավ անիրականանալի երազանքը` Հայաստանը անկախ պետություն է:

Մենք անկախություն ստացանք ինչի՞ համար, որ վեց տարի անց արդեն 96-ին Օպերայի մուտքը փակող զինվորները լինեն քո հայրենակիցնե՞րը: Իսկ բանակը քո դեմ հանողներն էլ Կրեմլում նստած վիրտուալ դեմքերը չէին, որոնց միայն հեռուստատեսությամբ ես տեսել, անկախ Հայաստանի ղեկավարներին անձամբ ես ճանաչել, նրանց հետ քայլել ցույցերին, նրանց կոչով բռունցք պարզել, ու խմել ես նրա հետ ով հայտարարեց, թե ընդդիմությունը 100 տոկոսով էլ հաղթեր մեկ է իշխանությունը չէինք տալու:

Ուրեմն, կրկնեմ էն ինչ հայտնի է, բայց խլացվում է նոր ընդդիմության քարոզչամեքենաներով. 96թիվ, նախագահական ընտրություններում հաղթում է Վազգեն Մանուկյանը, սակայն արդյունքները կեղծում են իշխանությունները ու հռչակում, թե վերընտրվել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

Ժողովրդական ընդվզումը հինգ օր շարունակվում էր, ընդդիմության պահանջը մեկն էր` բացել քվեաթերթիկների մի քանի պարկ ու վերահաշվարկել: Ի՞նչ էին արել, ընտրությունների ավարտից հետո, երբ ընտրական տեղամասերի արձանագրություններով պարզվել էր, որ Լևոնը չի անցել, նոր արձանագրություններ էին գրել ու կեղծել տվյալները: Ընտրությունների կեղծիքները բնորոշող «նկարչություն» բառը 96թվին մտավ շրաջանառության մեջ, որը 2008-ին սկսեցին օգտագործել նրանք, ովքեր առաջին նկարչիստներն էին եղել:

Իշխանությունը մերժում էր վերահաշվարկը: Ցույցերը ի վերջո հանգեցրին Ազգային ժողովի վրա գրոհին. սեպտեմբերի 25-ին ցուցարարները կոտրեցին ԱԺ-ի ճաղերը ու ներխուժեցին շենք: Ինչո՞ւ հենց Ազգային ժողով, որովհետև այնտեղ էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Ես էլ նրանց հետ մտա ու գնացի ուղիղ կենտրոնական ընտրական հանձնաժողով: Ինձ ներս թողեցին գրասենյակ, ու տեսա հանձնաժողովի նախագահ Խաչիկ Բեզիրջյանի շփոթված ու երկյուղած դեմքը: Հետո, ես պատկերացնում էի, թե կգա էն օրը, երբ Բեզիրջյանը կպատմի, թե ինչպես ուժային նախարարները` Վանոն ու Վազգենը ստիպել են իրեն կեղծել ընտրությունների արդյունքները: Էդ օրը չեկավ, փոխարենը նա ում համար կեղծել էր ընտրությունները, բերդում նստելու տեղ կրկին մտավ քաղաքականություն սրբի կերպարով` մեղադրելով իշխանություններին բոլոր այն բաներում ինչ իր իշխանությունն էր արել`ընտրություններ կեղծելու, սպանությունների, կոռուպցիայի մեջ, եկավ երկրպագուների բանակով, ովքեր նրան կնքեցին ՀՀ «հիմնադիր» նախագահ տիտղոսով:

95 թե՞ 96 թի՞վն էր Հայաստանի ժողովրդավարության թաղումը: 95-ին եղան ընտրություններում առաջին բացահայտ կեղծիքները ու պարտադրվեց միապետական սահմանադրությունը: Իսկ 96-ին երկրորդ անգամ կեղծվեցին ընտրությունները, բայց առաջին անգամ անկախ Հայաստանի իշխանությունները անկախ Հայաստանի քաղաքացիների ընտրությունը տրորեցին զորքով. սեպտեմբերի 26-ը խորհրդանշում է հենց ազատ ընտրության տապալումը:

Ի՞նչ կլիներ, եթե 96թ. ժողովրդավարությունը հաղթեր, ընտրությունների միջոցով իշխանության գար ընդդիմությունը:

«Եթե ես եւ մյուսները ժամանակին սկզբունքայնություն ու համարձակություն ցուցաբերած լինեինք ու կարողանայինք «հիմնադիր» նախագահին ու նրա հետնասենյակում երկրորդ փուլ լինել-չլինելու հարց որոշող «հզորներին» ասել պարզ մի միտք` «պարտվել ենք` գործենք ըստ օրենքի», ապա հաստատ ա՛յլ Հայաստանում էինք այսօր ապրելու»,- ասում է 96-ի իշխանության ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը «Մեղավորը մենք ենք» տեքստում:

Այնուամենյանիվ 96թիվը մի բան տվեց, 96-ի շնորհիվ էր որ երկիրը ազատվեց ԼՏՊ-ից: Պարզ դարձավ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ լեգիտիմ է` զրկված որևէ աջակցությունից, որն էլ հնարավորություն տվեց 98թ. հեռացնել նրան: Եթե չունես ընտրող, եթե նախագահը ընտրողների ձայներով չի ընտրվում, ուժայիններն են նրան պահում, ուրեմն ուժայիններն էլ կարող են հանել:

96-ի այդ նշանակությունը ես չէի նկատի, եթե կրկին Տեր-Պետրոսյանը չդներ իր թեկնածությունը ու չստիպեր համեմատել ներկա ու նախկին իշխանությունները, ներկա ու նախկին նախագահներին, որտեղ ներկաները դառնում են նախընտրելի: Հենց միայն բանտարկյալների նկատմամբ վերաբերմունքը, 2008-ին ձերբակալված քաղբանտարկյալներից միայն մի քանիսին էին ծեծել, ստվար մասը ոչ մի հարված չէր ստացել: Դե թող լրագրողները հարցնեն`Ալեքսանդր Արզումանյանին, Կարապետ ռուբինյանին, Շանթ Հարությունյանին կամ Սուրեն Սիրունյանին ձեզ մատով կպե՞լ են ու նաև վերկանգնեն, գրեն թե նա ով էսօր ընդդիմություն է, ինչպես է վարվել 96թվին պատգամավորների հետ: Չեն անի:

Մի անգամ առիթ ունեցա մուտք գործել Վարդաշենի քրեակատարողական հիմնարկ հանդիպեցի Սարգիս Հացպանյանի հետ: Նրա խցի դուռը փակ էր, խցից դուրս բերեցին, հանդիպման սենյակում սուրճ խմեցինք ու երկար զրուցեցինք: Բայց մյուս քաղբանտարկյալների դռները բաց էին, նրանցից մեկը հանգիստ պտտվում էր շենքում, ու հըլը վերակացուի վրա էլ գոռում` հըլը արի ստե արա, ու համազգեստավոր վերակացուն խեղճ-խեղճ ենթարկվում էր: Ոսկերչյանին մի հատ հրել էին համաշխարհային աղմուկ բարձրացրին, իրավապաշտպանները անմիջապես լցվեցին նրա կամեր` ո՞վ ա խփել, ո՞նց ա խփել: Իսկ 96-ին լուր չունեիր թե ինչ է կատավում ոստիկանության, բերդի պատերի ներսում, փաստաբանն ո՞ւմ շունն էր, որ թողնեին հանդիպեր կալանավորի հետ ուր մնաց ես կամ որևէ լրագրող մտներ ու սրճեր քաղբանտրկյալի հետ: Միայն ազատվելուց հետո դժգույն դեմքով կալանվածները պատմում էին, թե ոնց են իրենց ջարդել:

Սա՞ է կյանքը` պայքարում ես մի իշխանության դեմ, գրում ես, բացահայտում ես իշխանության ապօրինությունները, մարդու իրավունքների խախտումները, ընտրությունների կեղծիքները, կոռուպցիան, մեկ էլ ընդդիմություն է դառնում նա` «հիմնադիրը», ով հիմքն է դրել բռնության, կոռուպցիայի, պետական տեռորի, քաղաքական սպանությունների ու թաղել ժողովրդավարությունը, ում համեմատ ներկաները փառք են, թողնում են շնչես, գործես, հկ բացես ու գիրք տպես իրենց դեմ(ԼՏՊ-ի իշխանության ժամանակ անհնար էր առանց ԿԳԲ-ի դաբրոյի հասարակական կազմակերպություն բացելը, այդ մասին տես «Առանց ընտրության» էսսեում), ու քո արած ամբողջ աշխատանքը սկսում է ծառայել «հիմնադրին» իշխանության բերելուն: Չգիտեմ, գուցե սա հայկական կյանքն է, կարծես միայն Հայաստանում հնարավոր եղավ իր դարն ապրած դիակի վերկենդանացումը:

Ավելին, Տեր-Պետրոսյանը գալիս էր վրեժով, մասսաների աջակցությունից շատ ավելի անհանդուրժող դարձած ու նրա քսենոֆոբիական հռետորությունը «խոստանում» էր շատ ավելի դաժան հաշվեհարդար իրեն չընդունողների նկատմամբ:

Սա մի ընդդիմություն է, որ իշխանություն ունեցավ հասարկության, մտավորականների, ակտիվիստների կամքի վրա, ծախված ու դավաճան որակելու տեռորով ճորտացրեց հասարակության ակտիվ շերտի զգալի մասը ու նաև իշխանության մեջ գտնվող բազմաթիվ պաշտոնյաների(մի ծանոթ լրագրող պատմում էր, որ պաշտոնյաները Լևոնի դեմ հաճախ են խոսում, բայց հենց միացնում ես դիկտաֆոնը վախեում են խոսել` շառից հեռու): Այլ կերպ ասած Լևոնը այս անգամ էլ որպես ընդդիմություն խլեց մարդկանցից ազատ կամք արտահայտելու կարողությունը:

ՀՀՇ-ական իշխանության մասին ճշմարտությունը ասելը դարձավ վտանգավոր բան, եթե հիշում ես անցածը ուրեմն իշխանության կամակատարն ես: Նրա իշխանությունից միայն մի բան էր մնացել` հիշողությունը, այն էլ ուզում էին խլել մեզնից: Ովքեր չէին ուզում զիջել, չէին ուզում հանձնել իրենց հիշողությունը, որակվում էին դավաճան ու տականք:

2008-ի շարժումը ժողովրդավարության պարոդիան էր և ծաղրը, ՀՀՇ-ի և Լևոնի ժողովրդավարությունից, ավազակապետությունից, սպանությունից ու կոռուպցիայից խոսելը նույնն է, թե նացիստները հրեասիրությունից խոսեն, որսորդները կենդանիների պաշտպանությունից, մարդասպանները քարոզեն` մի սպանիր, գողերը` մի գողանա:

2008-ի մարտի մեկին երրորդ անգամ զորք մտցվեց քաղաք: Պարզ է, իշխանությունը իր խնդիրն էր լուծում` նա ժառանգել էր իր ընդդիմախոսից ընտրություններ կեղծելն ու իշխանությունը ամեն գնով պահելը: Եթե մեկ, երկու անգամ ընտրությունը կեղծելը թույլատրելի է, ապա ինչո՞ւ երրորդ, չորրորդ անգամները պետք է անթույլատրելի լինի: Բայց իշխանության շահերը էս անգամ համընկան նաև իշխանություն չունեցող մի ստվար հատվածի շահերին ու զորքը ակամա պաշտպանը դարձավ էն հազարվոր քաղաքացիների, ովքեր լուռ տագնապով հետևում էին, որ հանկարծ նախկինները կրկին ներկա չդառնան:

Էսպես ժողովրդավարությունը վիրավորում է` հայտնվել է նրանց բերաններում, ովքեր իրեն բռնաբարել են ու թաղել, ամոթից նահանջում է, թաքնվում, սպասում, որ անցնեն տագնապալի օրերը ու կրկին կարողանա հայտնվել: Ու նրա հետ էլ թաքնվել է սեպտեմբերի 26-ը: Ահա, թե ինչու եմ մոռացել նրան:

Վահան Իշխանյան

Հոդվածը տպագրվել է zham.am կայքում՝ http://www.zham.am/index.php?lid=am&pageName=ambeon&id=691162313

Այս խորագրի վերջին նյութերը