Մեկնաբանություն

06.10.2011 13:25


Սարգսյաններ. եղբայրը եղբոր դեմ

Սարգսյաններ. եղբայրը եղբոր դեմ

Արամ Սարգսյանը ժպիտը դեմքին օպերայի հարթակին հանգիստ լսում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը իր եղբորը` Վազգեն Սարգսյանին ասում է բանդիտ: Անցած շաբաթ Լևոնը բառացի հայտարարեց. «ինչպես ձեւավորվեց ՀՀԿ-ն` գիտենք. դա 98 թվականին ստեղծված իրավիճակում օպորտունիստների կողմից ստեղծված բանդա էր, որը խնդիր դրեց տիրել իշխանությանը եւ տիրեց»:

Արամ Սարգսյանը եթե շատ ջանք ՜էլ թափի Լևոնի ասած բանդայի տակ բացի Վազգեն Սարգսյանից ուրիշ անուն չի էլ կարող գտնել:

Հանրապետական կուսակցության պաշտոնական կայքում գրված է.«1998թ. հուլիսին ՀՀԿ-ն, Երկրապահ կամավորականների միությունը (ԵԿՄ) եւ ԱԺ «Երկրապահ» պատգամավորական խումբը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որով սկիզբ դրվեց ՀՀԿ շրջանակներում քաղաքական համախմբման գործընթացին»: Հանրապետական կուսակցությունը 1990-ին ստեղծել էր Աշոտ Նավասարդյանը, իսկ 1998-ին հենց Վազգենը իր երկրապահներով մտավ հանրապետական ու կուսակցությունը դարձրեց իր իշխանության հենարանը, հետո էլ որպես հանրապետական 1999-ին դարձավ վարչապետ, Լևոնի ասածով «տիրեց իշխանությանը»:

Ու հիմա Վազգենի եղբայրը, ով քաղաքականություն է մտել որպես Վազգեն Սարգսյանի ժառանգորդ, նրա գործի շարունակող, վարչապետ է դարձել 99թ. հոկտեմբերի 27-ից հետո, Վազգենի մահից հետո միայն նրա համար որ Վազգենի եղբայրն է, հնազանդորեն ընդունում է, որ եղբայրը «բանդիտ» է:

Բայց հո էնպես չի, որ Սարգսյանները թողնեն ով ինչ ուզի խոսի, մեկը մի քիչ էն ձև չխոսի կգյուլլեն, ինչպես Վազգենի մյուս եղբայրը գնդակահարել տվեց Տիգրան Նաղդալյանին: Ինչ կա, հավի պես մարդուն կխփեն, թագավորի պես չորս տարի կնստեն դուրս կգան: Էնպես որ զգույշ է պետք լինել:

Բայց մեկը կա ում ոչ միայն կարելի է, այլև նրա ասածը որպես ճշմարտություն են ընդունում, նրա հետևից անմնացորդ գնում են Արամ Սարգսյանը իր «Հանրապետություն» կուսակցությունով, «Հանրապետություն» կուսակցության Վազգեն Սարգսյանի զինակից անդամներով. Պապիկը, Հիմնադիրը ինչ ուզի կասի, կարող է Վազգենին բանդիտ ասել, եթե ասում է ուրեմն մի բան գիտի: Բայց մենակ բանդիտ ասելո՞վ է Լևոնի ու Վազգենի հակասությունը երևում: «Բանդիտը» միայն որակում է, իրական հակասությունը շատ ավելի խորն է ու սկզբունքային: Վազգենը հենց գլխավոր ֆիգուրներից մեկն էր եթե ոչ գլխավորը, ով Լևոնին նախագահի աթոռից գցեց` պատճառը հայտնի է` Լևոնը ուզում էր ղարաբաղյան հարցը փուլային լուծել, այսինքն գրաված տարածքները հանձնել, իսկ ապագայում էլ Ղարաբաղը, Վազգենը չթողեց:

Իսկ եղբայրը` Արամ Սարգսյանը միացավ Լևոնին, որ նրան կրկին դարձնի նախագահ: Լավ, 2007-2008-ին Արամը կարող էր ինքն իրեն խաբել ու ուրիշներին խաբել, ասել` հիմա Լևոնը այլ կերպ է մտածում: Բայց չէ, վերջին չորս տարիներին Լևոնը բազմիցս պնդել է իր 97-ի  դիրքորոշումը, իսկ հենց էս տարի BBC-ին տված հարցազրույցում հստակ ասեց. «1997թ.–ին կար հնարավորություն լուծելու հիմնահարցը։ Այսինքն, ինչ–որ տարածքներ փոխանցել Ադրբեջանին, հաշտություն հաստատել և այլն, ձևավորել Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, այնուհետև լուծել Ղարաբաղի վերջնական կարգավիճակը… Ղարաբաղցիները դա քիչ էին համարում, մաքսիմալիստական մոտեցում ունեին: Մտածում էին կարելի է ավելի սեղմել և ավելին ստանալ :Ոչ միայն ղարաբաղցիները, այլև իմ թիմում կային մարդիկ, որ համոզված էին, թե այդպես է»: Ու իր թիմի մարդը հենց Վազգեն Սարգսյանն էր:

Ուրեմն, Արամը այժմ պայքարում է, որ իրականանա էն ինչին եղբայրը դեմ էր, այսինքն, Արամը այժմ պայքարում է Վազգեն Սարգսյանի դեմ: Ի՞նչ կտա դա իրեն, երրորդ տե՞ղը ՀԱԿ-ի պատգամավորական ցուցակում, իսկ երկխոսությունը, եթե բարենպաստ շարունակվի, ո՞վ գիտի, գուցե ավելի բա՞րձր հորիզոնական:

Իսկ Լևոնը հաջողությամբ իր վրեժը լուծեց Վազգեն Սարգսյանից, նրա եղբորը դարձնելով իր հետևորդը` ինձ տապալեցի՞ր, դե տես բանդիտ` եղբայրդ դարձել է իմ հենարանը:

Վահան Իշխանյան

Հոդվածը տպագրվել է «Ժամ» լրատվավերլուծական կայքէջում՝ http://www.zham.am/blog/?p=717

Այս խորագրի վերջին նյութերը