Մեկնաբանություն

10.10.2011 15:05


Հայ–թուրքական արձանագրությունների 2–րդ տարելիցը

Հայ–թուրքական արձանագրությունների 2–րդ տարելիցը

Երկու տարի առաջ հոկտեմբերի 10–ին Ցյուրիխում ստորագրվեցին հայ–թուրքական զույգ արձանագրությունները։ Սերժ Սարգսյանի թիմը, հակառակ սպասվող վտանգների մասին զգուշացումներին, գնաց այդ քայլին, այնինչ ակնհայտ էր, որ «ֆուտբոլային» դիվանագիտությունը տապալվելու էր, ու հայկական դիվանագիտությանը չէր հաջողվելու լուծել այն երկու խնդիրները (հայ–թուրքական ներկա սահմանի բացում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում), որոնք խոստանում էին «նախաձեռնողականները»։

Ժամանակը, սակայն, ամեն ինչ իր տեղը դրեց։ Արձանագրվեց սերժսարգսյանական թիմի, այդ թիմի սազանդարների դերը ստանձնածների, «թուրքագետների», «վերլուծաբանների» և մյուս պնակալեզների խոշոր պարտությունը։

Արձանագրությունների ստորագրումը փաստացի կանգնեցրեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, իսկ Ղարաբաղի հարցում Թուրքիան, օգտվելով Սերժ Սարգսյանի կոպիտ սխալից, դարձավ ակտիվ խաղացող, ում հետ աշխարհաքաղաքական բոլոր կենտրոններն սկսեցին բաց ձևով քննարկել հակամարտության լուծման հարցը։ Ասել է թե՝ հայ–թուրքական գործընթացից մեզ «օգուտ» մնաց միայն Ղարաբաղի հարցում ճնշումների մեծացումն ու ՀՀ նախագահի անհասկանալի ուրախությունը մեր ֆուտբոլիստների՝ գոլ ընդունելուց հետո։

Միակ իրական ձեռքբերումն այս տխրահռչակ «ֆուտբոլից» այն էր, որ գործնականում ապացուցվեց տարիներ շարունակ քարոզած Լևոն Տեր–Պետրոսյանի գաղափարական սնանկությունն ու հակահայկական էությունը։ Իսկ դա նշանակում է, որ «ֆուտբոլային» դիվանագիտության պարտության խարանը կրում են ինչպես Սերժ Սարգսյանի թիմը (որպես իրականացնողներ), այնպես էլ Տեր–Պետրոսյանը (որպես գաղափարախոս)։

Ինչ մնում է մեր անելիքներին, ապա պաշտոնական Երևանը պետք է հետ վերցնի իր ստորագրությունն այդ չարաբաստիկ փաստաթղթերից ու հետագայում առաջնորդվի արտաքին քաղաքական նոր հայեցակարգով, բայց դա արդեն նոր իշխանությունների խնդիրն է, քանի որ այս իշխանությունն ու զուգարանների բացում պահանջող «ընդդիմությունը» գաղափարական նույն դաշտում են գտնվում և հավասարապես ձախողվել են՝ կրելով համատեղ պատասխանատվություն։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը