Քաղաքական

23.05.2023 11:50


Արևմուտքը որևէ երաշխիք պատրաստ չէ տալ Երևանին ոչ մի հարցում․ Տարասով

Արևմուտքը որևէ երաշխիք պատրաստ չէ տալ Երևանին ոչ մի հարցում․ Տարասով

168am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը տարակուսանքով նշեց՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ չկան արևմտյան երաշխավորներ։

«Եթե մեկը դժգոհ է այն երաշխիքներից, որոնք տասնամյակներ շարունակ տրամադրել են Հայաստանին Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը, այսօր դժգոհ է այդ մեխանիզմից, խաղում է Արևմուտքում, սակայն այնտեղից նույնիսկ որևէ երաշխավորության խոստում չունի, սակայն բավարարվում և համակերպվում է այդ իրավիճակի հետ, ավելին՝ շարժվում այդ ուղղությամբ։ Այստեղ շատ հարցեր կան»,-ասաց նա։

Մյուս կողմից՝ ըստ Տարասովի, ակնհայտ էր, որ ԵՄ-ն դա չի անելու, ԱՄՆ-ը երկար ժամանակ չարձագանքեց ՀՀ հորդորներին, և Հայաստանի հույսն այն է, որ ինչ-որ փաստաթղթի ստորագրումից հետո Արևմուտքի հովանու ներքո՝ Արևմուտքը «տեր կկանգնի» դրան։

«Ի՞նչ մեխանիզմներով՝ ինձ համար անհասկանալի է, քանի որ այդ երաշխիքները վաղուց կարող էին լինել, սակայն չկան, դրանից խուսափում են, պատասխանատվությունից խուսափում են, սակայն շատ են ցանկանում, որ ռուսներն այդտեղից դուրս գան։ Իհարկե, պետք է խոստովանել, որ երաշխավորների բացակայությունն աշխարհում ներկայումս առկա խորը տուրբուլենտության հետևանք է, հենց այդ պատճառով նաև ՌԴ-ն այսօր այլ դիրքերում է, Արևմուտքը չի շտապում տալ խոստումներ, ազդեցության գոտիները վերջնական բաժանված չեն։ Զուգահեռաբար՝ Արևմուտքը չի ցանկանում մեծ ջանքեր թափել, նախընտրում է, որպեսզի կողմերն իրենք, ինչպես կարողանում են, լուծեն իրենց հարցերը, և գուցե հետո իսկապես Արևմուտքը որոշի տեր կանգնել այդ իրավիճակին՝ առանց այն անձամբ ձևավորելու»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի պնդումներին՝ Տարասովն ասաց, որ ՀԱՊԿ-ը դուրս չի գալիս Հայաստանից, այլ ամեն բան գնում, ուղղորդվում է այն ուղղությամբ, որ ՀՀ-ն դուրս գա ՀԱՊԿ-ից, այդ մասին եղավ արդեն ուղիղ ակնարկ։

«Կարծում եմ՝ ավելի ճիշտ է ձևակերպումները ճիշտ անել։ ՀԱՊԿ-ը որևէ տեղ չի եղել ու չի հեռանում, ՀԱՊԿ-ը մշտապես նույն կառույցն է եղել, այսօր ավելի մեծ խնդիրներով և այսօր հատկապես բազմաթիվ առաջարկներով դիմել է Երևանին ու մերժվել։ Բայց սա դանդաղ գործընթաց է, Երևանում կտրուկ քայլերի չեն գնա՝ վստահ չլինելով, որ աշխարհաքաղաքական իրավիճակը հարմար է, իսկ այս օրերին տեսնում եք ՌԴ ԶՈՒ հաղթանակներն Ուկրաինայում։ Այնպես որ՝ իրավիճակը շատ արագ կարող է արմատապես փոխվել, և ՌԴ-ն այդ իրավիճակում լիովին այլ կերպ կգործի»,-ասաց նա։

Այս խորագրի վերջին նյութերը