Քաղաքական

14.10.2011 14:01


ՀԱԿ ներկայացուցիչ. «Այլևս խոսել արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին մենք անիմաստ ենք համարում»

ՀԱԿ ներկայացուցիչ. «Այլևս խոսել արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին մենք անիմաստ ենք համարում»

Հոկտեմբերի 14-ին հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Լյուդմիլա Սարգսյանը անդրադարձել է Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակին։

-Քանի որ իշխանությունը այս պահի դրությամբ ոչ մի հարցում զիջելու տրամադրություն չունի և չի գիտակցում, որ զիջումը ուժեղ իշխանության հատկանիշ է, ապա այլևս խոսել արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին մենք անիմաստ ենք համարում,–հայտարարել է Սարգսյանը՝ ավելացնելով, որ իրենց գլխավոր պահանջը նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականն է։

«7օր»–ի հարցին՝ արդյոք ՀԱԿ–ի համար ձախողում չէ՞ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջից հրաժարվելը այդքան տարիներ համառորեն պահանջելուց հետո, Լյուդմիլա Սարգսյանը, փաստացի ընդունելով, որ ձախողումը ՀԱԿ–ին նույնպես վերաբերվում է,  պատասխանել է.

- Կարծում եմ՝ դա ձախողում է նախ և առաջ իշխանությունների համար, քանի որ մեր պահանջների նշաձողը բարձրանում է։ Եթե մենք երկխոսության արդյունքում խոսում էին արտահերթ խորհրդարանականի մասին, ապա այսօր միայն դրանով էլ խնդիր չի լուծվի, ուրեմն պահանջում ենք Սերժ Սարգսյանի անվերապահ հրաժարականը։

Միաժամանակ Լյուդմիլա Սարգսյանը նշել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը հնարավոր էր միայն երկխոսության միջոցով, որպես երկխոսության արդյունք։

Հիշեցնենք, որ Լյուդմիլա Սարգսյանը ՀԱԿ այն ներկայացուցիչներից է, ովքեր մշտապես համոզված են եղել ու հայտարարել, թե խորհրդարանական արտահերթ ընտրությունները Հայաստանում անպայման կանցկացվեն։ (http://7or.am/archives/61739)

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը