Տնտեսական

26.10.2011 17:37


Ազատ առևտրի ստեղծման համաձայնագիրը կխոչընդոտի՞ եվրաինտեգրման գործընթացը

Ազատ առևտրի ստեղծման համաձայնագիրը կխոչընդոտի՞ եվրաինտեգրման գործընթացը Այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը հարց է բարձրացրել ԱՊՀ անդամ–պետությունների ստորագրած ազատ առևտրի մասին համաձայնագրի վերաբերյալ, որին միացել է նաև Հայաստանը։ Նա խնդրել է պարզաբանել փաստաթղթի բովանդակությունը՝ ի՞նչ օգուտներ է Հայաստանը քաղելու այդ համաձայնագրից, և արդյոք այն չի՞ խոչընդոտի Եվրամիության հետ ասոցիացման համաձայնագրի ստորագրմանը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն ի պատասխան նշել է, որ այդ համաձայնագիրը չի հակասում Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ ունեցած պայմանավորվածություններին, քանի որ հիմք են ընդունված ԱՀԿ կանոնները, ինչպես նաև Արժույթի միջազգային հիմնադրամի կանոնակարգը։ Ըստ վարչապետի՝ դա հնարավորություն է ստեղծում մեր տնտեսվարող սուբյեկտներին առևտուր իրականացնել առանց մաքսատուրքերի վճարման։ Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք ազատ առևտրի գոտու ստեղծումը չի՞ խոչընդոտի եվրաինտեգրման գործընթացը, վարչապետն ասել է՝ ընդհակառակը, համաձայնագրում ներդնելով եվրոպական ստանդարտներ՝ այն պարունակում է ժամանակակից մեթոդների կիրառում, ինչը բնորոշ է Եվրամիությանը։ Տ. Սարգսյանը նաև հավելել է, որ իրենք տեղյակ են պահել եվրոպական գործընկերներին այս գործընթացի մասին և ոչ մի առարկություն չեն ստացել։ 7or.am  

Այս խորագրի վերջին նյութերը