Մեկնաբանություն

28.10.2011 15:48


Իրիկունը 11-ին` մեր հայաթը

Իրիկունը 11-ին` մեր հայաթը

Սեփական ուժերի հանդեպ թերահավատությունը, սեփական կառավարության գործունեության պատճառով չքավորությունն ու հուսահատությունը հասցրել են նրան, որ հայ հասարակությունը իր բոլոր կարևոր խնդիրների լուծումը, հուսալքությունից դրդված, պատկերացնում է միայն դրսի ուժերի հետ:

Այս խնդիրը,  Ղարաբաղյան հաղթանակի հետ կապված, մի անգամ փայլուն վերլուծել էր Վազգեն Սարգսյանը: Բայց դա տարիներ առաջ էր ու այլ Հայաստան էր:

Հիմա Թուրքիայի հետ սահմանի բացումը պայմանավորում ենք Քլինթոնի տրամադրությամբ, Ցեղասպանության ճանաչումը՝ Սարկոզիի ընտրությամբ, Ղարաբաղի խնդրի լուծումը` Մեդվեդևի հավեսով, իսկ Հայաստանի հաջորդ նախագահի ընտրությունը` Պուտինի վերադարձով:

Ստեղծվել է մի վիճակ, երբ մենք պլանավորում ենք մեր ապագան  դրսի ուժերի կիսաիրական-կիսահորինած ռեսուրսների հաշվին, իսկ մեր հակառակորդը` սեփական հզորության: Ցավալին այն է, որ այս մտածելակերպը քարոզվում է իշխանության մակարդակով։ Սերժ Սարգսյանի շրջապատը ՀՀ նախագահի Սարկոզիին մոտիկից տեսնելը կամ Պուտինին ձեռքով բարև տալը ներկայացնում է որպես տիեզերական նշանակության քայլ կամ պարզապես «դաբրո» ստանալու փաստ։ Իսկ սա պետությունների վախճանի ամենակարճ ճանապարհն է:

ԱԺ-ում, լրատվավերլուծական դաշտում մի քանի օր է  քննարկվում է Ս. Սարգսյանի մոսկովյան այցը: Բայց ուր է, թե քննարկվեր այցի թեման և ստորագրված փաստաթղթերի բովանդակությունը: Փոխարենը ակտիվորեն քննարկվում էր, թե Պուտինն ինչպես ընդունեց Սերժին։ Ժպտա՞ց, թե՞ «քեֆսըզ» էր։ Լա՞վ բազկաթոռի նստեցին, թե՞ չորոտ էր … Մի խոսքով նվաստացուցիչ է, շատ նվաստացուցիչ է:

Դե քանի որ Բաղրամյան 26–ում շատ են կարևորում Պուտինի հետ հանդիպման փաստի «ռասկրուտկան» ու դեռ մի բան էլ վերահսկվող «ազատ, բայց սերժատու» լրատվամիջոցներով «դարի դաբրո» են ներկայացնում Սերժի՝ Պուտինին մոտիկից տեսնելու «մոմենտը», ուստի հետաքրքրասերներին ներկայացնենք մեր ունեցած հավաստի տեղեկությունները։ Եվ այսպես. Սարգսյանի և Պուտինի հանդիպումը եղել է շատ ուշ ժամի` 23-ի կողմերը` ինչը նոնսենս է, և էլ ավելի նոնսենս է այն, որ հանդիպումն այդ տեղի է ունեցել ոչ թե կառավարության շենքում, ինչպես հարիր է պետական այցերին, այլ տանը։ Տևողությունը եղել է շատ կարճ, չափազանց կարճ: Այսինքն՝ ստացվում է, որ Սերժ Սարգսյանին պարզապես պետք է եղել Պուտինի հետ թարմ նկար ունենալ, որպեսզի Հայաստան վերադառնալուն պես քարոզի, թե «Պուտին նամ պոմոժետ»։

Մեր կողմից նկատենք, որ Սերժ Սարգսյանի հետ տեղի ունեցածը ուրախանալու առիթ չպետք է դարձնեն գործող նախագահի հակառակորդները, քանզի սա մեր պետության այսօրվա կշռի արտացոլումն է: Ղեկավարները ժամանակի ընթացքում, բնականաբար, փոխվելու են, բայց հայրենիքը չի կարող փոխվել:

Մինչ հայաստանյան քաղաքական էլիտան «պուտինացավ» է կպել ու պատասխանատու հեռուստաընկերությունները ցուցադրում են այդքան սպասված կադրերը Մոսկվայից՝ Ադրբեջանը դարձավ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի անդամ, Յունեսկօ-ի փոխնախագահ, Թուրքիայի հետ կնքեց կարևորագույն համաձայնագրեր: Սա մեկ շաբաթվա համեմատությունն է: Ոչ ավելին:

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը