Լրահոս

04.11.2011 15:46


Գյումրեցի հաշվապահ. «Մեր տնտեսությունը վերից վար խոցելի է»

Այսօր Շիրակի մրցունակության կենտրոնում ՓՄՁ հիմնադրամ ոչ առևտրային կազմակերպության ղեկավարն ու տեսչական բարեփոխումները համակարգող աշխատանքային խմբի ղեկավարը գյումրեցի գործարարներին ու հաշվապահներին են ներկայացրել ստուգումների կազմակերպման և անցկացման մասին  ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները: Գործարարներն ու հաշվապահները հանդիպման ընթացքում բուռն դժգոհություններ են հայտնել վարվող տնտեսական քաղաքականությունից և պետության կողմից բիզնեսին ցուցաբերվող վերաբերմունքից: Հաշվապահ Ալբերտ Մարտիրոսյանը հանդիպման ժամանակ անդրադարձել է կառավարության գործունեությանը՝ նշելով, որ չնայած կառավարությունը բարեփոխումների մասին է խոսում, այդ բարեփոխումների շատ չնչին մասն է իրականություն դառնում. մնացածը մնում է թղթի վրա:

«Աշխարհին ու ժողովրդին համոզում ենք, որ գիտե՞ք, բարեփոխում ենք անում: Ի՞նչն ես բարեփոխում: Պետությունը հիմք պետք է ունենա, որ բարեփոխես: Այսօրվա բիզնեսի բարեփոխման մասին խոսելն անտրամաբանական է, նյութ չկա բարեփոխելու, բիզնես չկա: Ուժային մեթոդներով հետապնդվող, խոցելի բիզնես ունենք: Նույնիսկ խոցելի է այն օլիգարխը, որը միլիարդներ ունի, այդ մարդն ավելի խոցելի է, քան այն «բուտկի» տերը: Շատ–շատ այդ բուտկա ունեցողը փակի ու գնա, օլիգարխը չի կարող դա անել: Մեր տնտեսությունը վերից վար խոցելի է, հիմքն է պետք փոխել, իմիտացիան պետք է վերացնել: Ինչքան ուզում է՝ «Գրանդ» տան, ինչքան ուզում է՝ օրենք փոխեն, եթե երկրի հիմքը չի փոխվում, արդյունք չկա»- ասել է Ալբերտ Մարտիրոսյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը