Տնտեսական

08.11.2011 16:52


ՀՀ կրթության և գիտության նախարարությունը «քցե՞լ» է «Հայկական Կարիտաս»-ին

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը «քցե՞լ» է «Հայկական Կարիտաս»-ին

2003թ. Գերմանիայի Բոնն քաղաքի Կարդինալ Ֆրինգզի անվան գիմնազիայի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ «Հայկական Կարիտաս»-ը  Շիրակի և Գեղարքունիքի մարզերի բազմաթիվ գյուղերում ու քաղաքներում իրականացնում է դպրոցների վերանորոգման և ուսումնական պայմանների բարելավման աշխատանքներ: Սակայն Գերմանական կողմը այս տարվա մայիսից հրաժարվել է ծրագրերի ֆինանսավորումից և ֆինանսական միջոցներն ուղղորդել Հնդկաստանում նմանատիպ ծրագրերի իրականացման համար:

Այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ «Հայկական Կարիտաս»-ի ներկայացուցիչներն անդրադարձել են ծրագրերի կասեցման պատճառներին: Բանախոսների ներկայացմամբ՝ այս տարի ՀՀ ԿԳ նախարարությունը լուծարել է վերոհիշյալ ծրագրի շրջանակներում հիմնովին վերանորոգված Գյուղատնտեսական ակադեմիայի Ախուրյանի հենակետային վարժարանը:

–Խնդիրը հետևյալն է։ Բարերարի համար անհասկանալի է: Հիմովին վերանորոգելով վարժարանը և ՀՀ ԿԳ նախարարության որոշմամբ լուծարելը բոլորիս համար անընդունելի է: Հատկանշական է, որ նախքան աշխատանքները և երկու տարի տևած աշխատանքների ընթացքում մենք տեղեկացրել ենք նախարարությանը, և ոչ մի զգուշացում չի եղել լուծարման մասին,-ասել է «Գերմանական բարեկամություն» ծրագրի ղեկավար Անահիտ Գևորգյանը:

Հայկական Կարիտասի ներկայացուցիչները դիմել են նախարարություն՝ բացատրության պահանջով, սակայն խուսափողական վերաբերմունքի են արժանացել: Վերջիններս նամակ են գրել նաև ՀՀ վարչապետին, սակայն կրկին նամակը անպատասխան է մնացել:

–Ցանկանում եմ, որ մեր պետական այրերը հասկանան, որ փաստի առաջ «Հայկական Կարիտաս»-ը չէ, որ կանգնել է: Փաստի առաջ կանգնում է շահառուն, որին օգնությունը չի հասնում: Եվ այսօր, այս պայմաններում չհամագործակցել ու չաշխատել այն կառույցների հետ, որոնք այս պետության մեջ ժողովրդի որոշակի հոգսեր են հոգում, անհասկանալի է,-ասել է «Հայկական Կարիտաս»-ի գործադիր տնօրեն Անահիտ Մխոյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը