Տնտեսական

13.11.2011 21:59


Թակա՞րդ, թե՞ թիրախ. հարկային փաթեթի շուրջ

Թակա՞րդ, թե՞ թիրախ. հարկային փաթեթի շուրջ

Այս նեղ մաջալին, երբ Սերժ Սարգսյանը զբաղված է հանել–դնելով ու երբ կադրային այդ «ռակիռովկաները» հանրությանը ներկայացվում են որպես դարի աննախադեպ իրադարձություն, մեկ էլ հանկարծ, որտեղից որտեղ հարկային փաթեթ լույս աշխարհ բերվեց։ Փաթեթ, որը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի խոսքերով՝ հարկային ամբողջ բեռը ծանրացնելու է խոշոր բիզնեսի ուսերին, իչնպես նաև կյանքի է կոչելու ստվերի և շքեղության հարկի հաշվին։

Խորհրդարանը չէր հասցրել ուշքի գալ 2012թ. պետական բյուջեի նախագծի 101մլրդ ծախսային մասից, կառավարությունը երկրորդ «հարվածը» հասցրեց ու բավականին հապճեպ կերպով ԱԺ ներկայացրեց այս հարկային փաթեթը։ Ճիշտ է Վարդան Այվազյանը պնդում է, որ այն արդեն շուրջ երկու ամիս է քննարկում են իրենց հանձնաժողովում, բայց նույն այդ տնտեսական հանձնաժողովի անդամ, ԲՀԿ–ական Գոհար Ենոքյանը հանձնաժողովի նիստի ժամանակ վրդովված դժգոհեց, որ հաստափոր գրքին հավասար փաթեթն իրենց առջև է դրվել նիստից կես ժամ առաջ։

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՅԴ–ական Արծվիկ Մինասյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ հարկային փաթեթն ավելի երկարաժամկետ զարգացումների համար է նախատեսված ու դրա մի մասը, կամա թե ակամա, առնչվում է պետական բյուջեի հետ, և դրանով է պայմանավորված նման հապշտապ կերպով խորհրդարանին այն ներկայացնելը։

–Իհարկե կարող էին ավելի շուտ ներկայացնել։ Թե ուշացման պատճառն ինչում է, դժվարանում եմ ասել,–ընդգծեց Ա. Մինասյանը։

Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը, սակայն, անարդար համարեց այդ դժգոհությունները։ Նա մեզ տված հարցազրույցում պնդեց, որ առնվազն երկու ամսից ավել է ԱԺ–ում այդ փաթեթը բոլոր խմբակցությունների, բոլոր հանձնաժողովներում քննարկել են։

Ինչևէ, փաթեթում առկա մտահուգությունները երկու ամիս առաջ կամ հետո ներկայացնելով՝ չեն վերանում։ Կարծիք կա, որ այն անմիջականորեն (բացասական իմաստով, իհարկե) ազդելու է տեղական արտադրողների վրա։

Փորձեցինք ճշտել այն պատգամավորների տեսակետը, որոնք սեփականատերեր են։ «Երևան գարեջուր» ՓԲԸ-ի սեփականատեր Հակոբ Հակոբյանն օրինակ նշեց, որ կառավարության ներկայացրած հարկային փաթեթի նախնական տարբերակում բավականին շատ մտահոգիչ կետեր են եղել և իրենց պայքարի շնորհիվ դրանք հաջողվել է հարթել։

–Բայց դե հարկային փաթեթի այս տարբերակում էլ կան բավականին բաներ, որոնք մտահոգության տեղիք են տալիս,–նշեց Հակոբ Հակոբյանը։

Նա պնդում է, որ հարկային այս փաթեթի կիրառման դեպքում տեղական արտադրության գարեջրի գինը 42 դրամով ավելանալու է, ինչը հանգեցնելու է գարջերի սպառման ծավալների՝ հետաբար նաև տեղական արտադրության ծավալների կրճատմանը։ Ֆինանսների փոխնախարարն իհարկե համամիտ չէ այս տեսակետի հետ։ Նա պնդում է, թե գարեջրի գինը կբարձրանա ընդամենը 20 դրամով և այդ չնչին բարձրացումը չի կարող ազդել սպառման ծավալների վրա։

–Տա՛ Աստված, որ ես սխալված լինեմ, ես չեմ վախենում դրանից։ Բայց նշեմ, որ տեղական արտադրողին պետք է պահել, պահպանել, փայփայել, արտոնություն տալ, որպեսզի երկիրը զարգանա։ Ներկրողներով ոչ մի երկիր չի զարգացել և չի զարգանա,–պնդեց Հակոբ Հակոբյանը,–այս փաթեթը տեղական արտադրողի վրա որոշ չափով բացասական ազդեցություն կունենա։

«Կոնկրետ օրինակով՝ մի մարդ, ով միայն երեք շիշ գարեջուր խմելու հնարավորություն ունի, եթե գինն ավելացավ, բնականաբար նա երեք շիշ չի խմի, երկո՛ւսը կխմի։ Այսինքն, այստեղ ես մտավախություն ունեմ, որ սպառման ծավալները կընկնեն, իսկ այդ դեպքում և՛ բիզնեսն է տուժում, և՛ պետությունն է տուժում։ Այստեղ միակողմանի մեկը չէ, որ տուժում է, որովհետև եթե ծավալն ընկավ, հարկերը քիչ են գնալու բյուջե, շահույթ քիչ է լինելու, բիզնեսի համար վատ է լինելու։ Մենք պետք է այնպես անենք, որ փոքր և միջին բիզնեսը զարգանա։ Այն երկիրն է հարուստ, որտեղ փոքր և միջին բիզնեսը զարգացած է։ Խոշորների արտադրանքի վաճառողը, բնականաբար, փոքր և միջին բիզնեսն է։ Այս ճանապարհով՝ գնային թանկացման, եթե խոշորների մոտ ծավալները պակասեցին, վաճառքի ծավալներն էլ են պակասելու։ Դա մեկը մյուսի հետ շաղկապված է։ Այս ամենի արդյունքը մենք կտեսնենք մեկ տարի հետո»,– իր մտահոգություններն էր ներկայացնում սեփականատեր պատգամավորը։

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի ՕԵԿ–ական անդամ Գագիկ Բաղդասարյանը, ով գյուղատնտեսության, ձկնաբուծության, վառելիքի ոլորտում մանրածախ բիզնեսի հետ անմիջական կապ ունի, կարծում է, որ հարկային այս փաթեթը կարող է լուծել բյուջեի 101մլրդ. խնդիրը, բայց այդ նախագծում նաև անհասականալի պահեր է տեսնում։

–Մենք, փաստորեն, ուզում ենք ստվերը բերել հարկային դաշտ։ Այսինքն այն մարդկանց, ովքեր չեն վճարում, կամ թերանում են հարկերը վճարելու մեջ, ուզում ենք պարդարենք, որ հարկերը վճարեն։ Բայց անհասականալի է, թե ո՞նց պետք է մենք անենք, մանր ու միջին բիզնեսին ի՞նչ վիճակի մեջ ենք դնում։ Մենք ոնց որ թե նրանց հարկային այդ ծանր բեռից ուզում ենք մի քիչ թեթևացնենք, և այդ բեռը դնենք խոշոր հարկատուների վրա։ Բայց չստացվի այնպես, որ մենք խոշոր բիզնեսին ավելի շատ ուղարկենք ստվեր,–մեզ ասաց ՕԵԿ–ական պատգամավորը՝ ավելացնելով,– մենք  ուզում ենք նրանց բերենք հարկային դաշտ, հանենք ստվերից, ստեղծենք հավասար պայմաններ, որպեսզի մարդը սրտանց այդ հարկը վճարի՝ հայտնվելով հավասար հարկային դաշտում։ Բայց չստացվի այնպես, որ այդ մարդիկ չկարողանան իրենց բիզնեսն արդյունավետ կազմակերպել և ճարահատված գնան այս կամ այն  չինովնիկի հետ համաձայնության և գումարը տան այնտեղ, ոչ թե պետական բյուջե։ Մտավախությունս դա է։

Փոխարենը Ֆինանսների փոխնախարարը չի կարծում, որ այս փաթեթը պատկերավոր ասած կխեղդի խոշոր բիզնեսը։ Նրա խոսքերով՝ կառավարությունն ուղղակի եկամուտների վերաբաշխման խնդիր է լուծում։

–Մենք ավելի մեծ բիզնեսից ավելի շատ հարկեր ենք արդարացիորեն առաջարկում գանձել, քան այսօր։ Մենք խոշորի համար լրացուցիչ հարկային բեռ չենք ավելացնում։ Հարկման արդարության սկզբունքները մենք պահպանում ենք, որը նշանակում է՝ ավելի շատ եկամուտ ստացողը պետք է վճարի ավելի շատ հարկ,–մեր հարցին ի պատասխան ասաց Սուրեն Կարայանը։

Հասկանալի է, սակայն, որ այս պնդումները գործարարության հետ անմիջական առնչություն ունեցողների սրտին մխիթարանք լինել չեն կարող, քանի որ նրանք գործ ունեն ոչ թե խոստումների և հավաստիացումների, այլ իրականության հետ։

Արեգնազ Մանուկյան

Հ.Գ.։ 2011թ. նոյեմբերի 9–ին գործարար համաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ մոտակա ժամանակներում իրենք հանրությանն ու առաջին հերթին գործարարներին կառաջարկեն մասնակցելու մի մեծ ծրագրի, որը կարող է իրոք ստեղծել ոչ միայն աշխատատեղեր, այլ նաև կայունություն մեր ներքին տնտեսական շուկայում։

Փաստորեն ի՞նչ ունենք այսօր. մի կողմից ինչ–որ վիրտուալ ծրագիր, որի մասին դեռ ընդամենը խոսվում է, իսկ մյուս կողմից՝ բյուջեի եկամտային մասի ապահովման համար սպասվելիք ճնշումների իրական նախագիծ ու մտահոգիչ կետերով լի հարկային փաթեթ, որոնք ԱԺ–ի ա՛յս քառօրյայում արդեն կդրվեն քննարկման։

Այս խորագրի վերջին նյութերը