Կարծիք

01.05.2009 14:05


Հայ-թուրքական միջպետական գործընթացի և այսպես կոչված «ճանապարհային քարտեզի» մասին

Հայ-թուրքական միջպետական գործընթացի և այսպես կոչված «ճանապարհային քարտեզի» մասին

Ինչպես ցույց տվեցին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի ս/թ մարտ-ապրիլ ամիսներին անցկացված 200 հարցազրույցները, որոնք մենք քննարկեցինք ապրիլի 14-ին, հայ հասարակության ներկայացուցիչները ծայրաստիճան անհանգստացած և վրդովված են «ֆուտբոլային դիվանագիտության» անվան տակ հայտնի հայ-թուրքական միջպետական գործընթացով, որն արդեն իսկ առաջ է բերել մի շարք խիստ հայավնաս արդյունքներ։ Առկա ամբողջ տեղեկատվությունից կարելի է անվրեպ եզրակացնել, որ ՀՀ բարձրագույն քաղաքական իշխանության որոշ ներկայացուցիչներ, առանց հաշվի նստելու հայ ժողովրդի կենսական շահերի և «Հայաստանի անկախության մասին հռչակագրում» ու ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված դրույթների հետ, ինչպես նաև խախտելով ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու տեղեկատվություն ստանալու (հ. 27) և հասարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական մարմիններից պատշաճ պատասխան ստանալու սահմանադրական իրավունքները (27.1), ընդունել են Թուրքիայի կողմից վաղուց ի վեր առաջադրվող նախապայմանները։ ՀՀ իշխանությունների կապիտուլյանտական վերոհիշյալ գործողություններն ու դրանց հետևանքներն են.

1-ին թուրքական նախապայմանի ընդունում. ՀՀ բարձրագույն քաղաքական իշխանությունը համաձայնվել է ստեղծել հայ և թուրք պատմաբաններից բաղկացած համատեղ հանձնաժողով, որի աշխատանքի մեխը լինելու է Հայոց ցեղասպանության իրողությունը վիճաբանության առարկա դարձնելը։
Հետևանքներ. Իր գոյությամբ և թուրքական ժխտողական պատմագրության ներկայացուցիչների հետ քննարկում-բանավեճերով այդ հանձնաժողովը
ա) միջազգային ասպարեզում կասկածի տակ է դնելու Հայոց ցեղասպանության փաստը,
բ) ի չիք է անելու Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, նպաստելով հայ ժողովրդի համար 1-ին թշնամու՝ Թուրքիայի վաղեմի նպատակին։
Փաստորեն, Հայաստանում բարձրագույն քաղաքական պաշտոններ զբաղեցնող մի շարք անձանց քմահաճույքով դատարկ հնչյունի է վերածվել «Հայաստանի անկախության մասին հռչակագրում» ամրագրված հետևյալ հիմնադրույթը՝ «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականի Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:
Առհասարակ, պետք է արձանագրել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հաղթական երթը տորպեդոհարվեց անմիջապես այն բանից հետո, երբ ՀՀ-ն թույլ տվեց իրեն ներքաշել մեռելածին «ֆուտբոլային դիվանագիտության» մեջ, որի ողջ ընթացքում որևէ պետություն Հայոց ցեղասպանության ճանաչման ակտ չի ընդունել։

2-րդ թուրքական նախապայմանի ընդունում. Առկա տեղեկատվությունը թույլ է տալիս եզրակացնել, որ ՀՀ բարձրագույն քաղաքական իշխանությունը պատրաստվում է ճանաչել Թուրքիայի ներկա սահմանները, հրաժարվելով ցեղասպանության միջոցով հայ ժողովրդին հասցված աղետալի վնասի դիմաց տարածքային, քաղաքական, իրավական, մշակութային, բարոյական և այլ փոխհատուցումներից։ Խոսքն, ըստ էության, վերաբերում է առաջիկայում 1921 թ. Կարսի պայմանագրի վերահաստատմանը՝ անկախ նրանից, հիշատակվելու է այդ պայմանագիրը համաձայնագրի բուն տեքստում թե ոչ։
Հետևանքներ. Այս քայլով ՀՀ բարձրագույն քաղաքական իշխանությունը նպաստում է հայ ժողովրդի համար 1-ին թշնամու՝ Թուրքիայի վաղեմի նպատակին՝ ցեղասպանության արդյունքների վերջնական օրինականացմանը։ 2009թ. ապրիլի 24-ի իր ուղերձում ՀՀ նախագահը հաստատեց «Հայաստանի անկախության մասին հռչակագրում» ամրագրված հիմնադրույթից կամայական և անօրինական նահանջը, չհիշատակելով Հայոց ցեղասպանության հիմնական տարածքը՝ Արևմտյան Հայաստանը։ Համադրելով այս դիտավորյալ բացթողումը ՀՀ նախագահի նախորդ հայտարարությունների հետ, որոնցում նա, մասնավորապես, հայտարարարում էր Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ չունենալու մասին և Արևմտյան Հայաստանը համարում էր լոկ աշխարհագրական տերմին, կարելի է եզրակացնել, որ ՀՀ բարձրագույն քաղաքական իշխանությունը փորձ է կատարում ջնջելու այդ տերմինը ինչպես հայության իրավաքաղաքական բառապաշարից, այնպես էլ հայության պատմաքաղաքական գիտակցությունից։ Հարված հասցնելով Հայաստանի արևմտյան մասը բռնազավթված հայրենիք համարելու բնական և ազգային անվտանգության տեսանկյունից անհրաժեշտ ընկալումին, գիտակցում են դա թե ոչ, մեր պետության ղեկավարները քայքայում են հայության աշխարհընկալման ողջ համակարգը, դրանով իսկ նպաստելով թուրք-ադրբեջանական դաշինքի՝ Հայաստանը ոչնչացնելու հեռահար նպատակներին։
Բացի այդ, բացահայտորեն և առանց որևէ փոխհատուցման հրաժարվելով Հայաստանի բռնազավթված արևմտյան մասից՝
• ՀՀ-ն զրկվում է միջազգային ասպարեզում Թուրքիայի դեմ ճնշում կիրառելու դիվանագիտական կարևոր կռվանից, միաժամանակ, անզեն մնալով նույն Թուրքիայի կողմից իրեն ներկայացվող՝ Արցախն իբր բռնազավթելու չդադարած մեղադրանքների առջև։
• Սեպ է խրվում և խոր պառակտումների տեղ բացվում հայության տարբեր հատվածների միջև, այդ թվում՝ մի կողմից ապահայացման ճանապարհ բռնած քաղաքական վերնախավի ու նրան սպասարկող վարչա-օլիգարխիական շրջանակների և մյուս կողմից' ժողովրդի լայն զանգվածների միջև, ինչպես նաև ամբողջ Սփյուռքի և ՀՀ իշխանությունների միջև։
• Հարված է հասցվում հայ ժողովրդի աշխարհընկալման և հայրենասիրական զգացմունքների ու նպատակների ողջ համակարգին, առաջին հերթին' Հայրենիք-Հայաստանի հիմնարար գաղափարին, ինչը հղի է ծանրագույն հետևանքներով, հատկապես թուրք-ադրբեջանական դաշինքի՝ Հայաստանը ոչնչացնելու ծրագրերի համատեքստում։

3-րդ թուրքական նախապայմանի ընդունում. ՀՀ բարձրագույն քաղաքական իշխանությունը տեղի է տվել Թուրքիայի առաջադրած գաղտնի նախապայմանին՝ հրապարակայնորեն հայտարարելով իր համաձայնությունը՝ թույլ տալու թուրքական ընկերություններին դառնալ Հայկական նոր ատոմակայանի բաժնետեր։
Հետևանքներ. Հայաստանի ազգային անվտանգության համակարգը դադարում է իր գոյությունը և բոլոր առումներով դառնում է զավեշտ, խաթարվում է հայ ժողովրդի հոգեբանական անվտանգությունը, քողարկվում է Թուրքիայի թշնամի լինելը, դյուրացվում են թուրք-ադրբեջանական դաշինքի հակահայկական գործողությունները։

4-րդ թուրքական նախապայմանի ընդունում. Ս.թ. ապրիլի 23-ին հրապարակվել է իր բովանդակությամբ անհայտ, սակայն իր ներգործությամբ ակնհայտորեն հակահայկական հայ-թուրքական «ճանապարհային քարտեզը»։
Հետևանքներ. Անշուշտ, գործողությունների այդ անհայտ ծրագրի հրապարակումը Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվա ճիշտ նախօրեին կատարվել է Թուրքիայի պահանջով, այդ քայլով Թուրքիան
ա) փորձում է ստվերել հայոց համար ապրիլ ամսի և հենց ապրլի 24-ի խորհրդանշական բովանդակությունը, այսուհետև կապելով դրանք ոչ թե Թուրքիայի դեմ հայության բողոքի և պայքարի, այլ հայ-թուրքական սին հաշտեցման և ՀՀ-ի որդեգրած կապիտուլյանտական քաղաքականության հետ.
բ) նվաստացնել հայության ազգային արժանապատվությունը, բարոյապես նախապատրաստել հայ ժողովրդին ազգային շահերից և նպատակներից հետագա նախագծված հրաժարմանը.
գ) ժողովրդի թիկունքում կնքված այդ համաձայնագիրը նպաստեց նաև ԱՄՆ նախագահի խոստմնադրժությանը՝ ապրիլի 24-ի նրա հայատարարության մեջ իրավական կշիռ ունեցող «հայոց ցեղասպանություն» բառեզրույթը չգործածելուն,
դ) առաջացրեց անապահովության զգացում հայրենաբնակ և աշխարհասփյուռ հայության լայն զանգվածներում։

Եզրակացություններ

Ելնելով վերոշարադրյալ իրողություններից, կարելի է եզրահանգել.
1. ՀՀ բարձրագույն քաղաքական իշխանության որոշ ներկայացուցիչների՝ ներհայկական լսարանի համար հնչեցվող ճառերն ու հավաստիացումներն ակնհայտորեն հակասում են միջազգային ասպարեզում նույն պաշտոնյաների իրական քայլերին և հայտարարություններին: Նշված պաշտոնյաների համակարգված և հետևողական քայլերը կարող են վկայել այն մասին, որ այդ անձինք կամայականորեն վերանայել են մեր հանրապետության հիմնարար և հիմնադիր փաստաթղթերը և ձգտում են դրանք նենգափոխել սեփական խմբակային շահերից ու մտավարժանքներից բխող քաղաքականությամբ: Ցանկանում եմ մատնանշել, որ Հայաստանի համար 1 թշնամու՝ Թուրքիայի հետ տարվող չհաշվարկված ու աղետներով հղի ներկա կապիտուլյանտական քաղաքականությունն իր սկիզբն է առնում ՀՀ առաջին նախագահի պարտվողական քաղաքականության գաղափարախոսությունից։
2. Հայ-թուրքական «ճանապարհային քարտեզը» այլ բան չէ, քան հայկական պետականության փուլային կապիտուլյացիայի ծրագիր, իսկ նրա հրապարակումը ապրիլի 23-ին՝ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվա ճիշտ նախօրեին, այդ կապիտուլյացիայի առաջին ակտն է։
Հայ ժողովրդից գաղտնի պահվող այդ ծրագրի մաս կարող է լինել նաև Հայաստանի ազատագրված տարածքն Ադրբեջանին հանձնելու փորձը, ինչի մասին են վկայում վերջին օրերին զուգահեռաբար ակտիվացած բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում, մայիսի 7-ին Պրահայում նախատեսվող Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, Ադրբեջանի ղեկավարության մոտ առաջացած աննախադեպ լավատեսությունը բանակցային գործընթացի նկատմամբ, ինչպես նաև Թուրքիայի Անվտանգության խորհրդի ապրիլի 28-ի որոշումը, որը դարձյալ կապում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավումն Արցախից հայկական զորքերի դուրսբերման, այլ կերպ ասած՝ այս անգամ արդեն արցախյան ճակատում Հայաստանի միաժամանակյա կապիտուլյացիայի հետ։
3. Ս.թ. ապրիլի 23-ին հայ-թուրքական «ճանապարհային քարտեզի» հռչակումով հայկական պետականության 18-ամյա ընթացքը հասավ իր ողբերգական ջրբաժանին, խորհրդանշելով Հայաստանի Երրորդ Հանրապետության հայեցակարգային, արժեհամակարգային և գաղափարական վախճանը։ 2009 թ. ապրիլի 23-ին մենք զարթնել ենք այլ Հայաստանում, մի երկրում, որը հայտնվել է թշնամու դիվանագիտական և գաղափարական ամուր ճիրաններում։ Այս պայմաններում, կարծում եմ, այն անմիջական քայլերը, որոնք կարող են որոշակիորեն լիցքաթափել հայ ժողովրդի ընդերքում առաջացած արդար վրդովմունքը, հետևյալն են. ՀՀ արտգործնախարարի հրաժարական, հայ-թուրքական, այսպես կոչված, «ճանապարհային քարտեզի» անհապաղ դենոնսացիա, Թուրքիայի հետ ներկա պարտվողական բանակցային գործընթացի անհապաղ դադարեցում, մինչև վերջինիս կողմից Հայաստանի նկատմամբ թշնամական քաղաքականության դադարեցումը, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը և Արցախյան հիմնախնդրում Ադրբեջանին օժանդակելուց հրաժարվելը։

Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ
Քաղ. գիտ. դոկտոր
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն

www.ararat-center.org

Այս խորագրի վերջին նյութերը