Կարծիք

01.05.2009 14:11


Կառավարելի քաո՞ս

Կառավարելի քաո՞ս

            Չնայած անցյալ անգամ սկսեցի շարունակելի մի նյութ գրել, եւ այսօր էլ պատրաստվում էի դրա երկրորդ մասը տալ, սակայն վերջին օրերին բոլորին հուզող իրադարձությունները ստիպում են ինձ ժամանակավորապես շեղվել նախնական մտահղացումից: «Նախաձեռառնողական» քաղաքականության հետ կապված զարգացումների առումով, թերեւս դժվար է որեւէ նոր բան ավելացնել, քանի որ գրեթե ամեն ինչ արդեն ասվել է: Այնուամենայնիվ մի նրբերանգի մասին կուզենայի խոսել: Այն կարող է շատերին երկրորդական թվալ, բայց իմ կարծիքով այն կարեւոր է:

            Ի վերջո «նախաձեռնողական» արտաքին քաղաքականությունը վտանգավոր է նաեւ նրանով, որ համակարգային քաոսի տպավորություն է թողնում: Այն չի բխում Սերժ Սարգսյանի ու նրան այսօր աջակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի եւ խոստումների ո՛չ ընդհանուր հայեցակարգից, ո՛չ էլ որեւէ կոնկրետ կետերից: Այն որեւէ կերպ չի բխում նաեւ նախընտրական քարոզարշավից: Ճիշտ հակառակը' ողջ քարոզարշավը կառուցված էր հիմնական հակառակորդին «թուրքասիրության» մեջ մեղադրելու վրա, որին հակադրվում էր «ազգային» (իմա՝ «հայդատական») Սերժ, ճակատագրի հեգնանքով՝ Ազատիչը:  

Իհարկե, զուտ ձեւական մոտեցման դեպքում, կարելի է ասել, որ նախընտրական ծրագրերում կային հարեւանների հետ հարաբերությունների բարելավման խոստումներ, բայց բոլորն էլ հասկանում են, որ դա միանգամայն այլ բան է: Ստացվում է, որ Սարգսյանը պարզապես խաբել է իր ընտրողներին: Ընդ որում, խոսքը նախընտրական խոստումների սովորական խախտումների մասին չէ, որոնք անպակաս են պատմության մեջ՝ սկսած դեռ հին հռոմեական ընտրություններից: Կեղծիքը պակաս «գլոբալ» չէ քան բուն ընտրակեղծիքների, եւ ըստ էության դրանց տրամաբանական շարունակությունն, ու ինչ որ իմաստով գագաթնակետն է, քանի որ վերաբերում է քաղաքական ողջ ռազմավարությանը, այլ ոչ միայն կոնկրետ դետալների: Այս առումով նույնիսկ Հայաստանի համար սա կարող է աննախադեպ համարվել: Մեկը կարող է ընտրություններին որպես թեկնածու մասնակցել, ասելով, օրինակ, թե ինքը սոցիալիստ է, եւ ընտրվելու դեպքում բարձրացնելու է ունեվոր խավից գանձվող հարկերը այսքան տոկոսով, իսկ հետո, իշխանության գալով, հարկերը բարձրացնի, ենթադրենք, ոչ թե իր խոստացած, այլ ավելի փոքր չափով: Սա սովորական դեպք է, որը պատահում է աշխարհում ամենուրեք եւ, կարելի է ասել, ամեն օր: Բայց եթե մեկը գնում է ընտրությունների որպես սոցիալիստ, իսկ իշխանության գալով սկսում է իրականացնել ծայրահեղ ազատական տնտեսական քաղաքականության, սա լրիվ այլ դեպք է, եւ սա այսօր մեր դեպքն է:

            Մնում է ենթադրել, որ կա՛մ ոչընտիրի արտաքին քաղաքականությունը որեւէ ռազմավարական եւ գաղափարական հիմնավորում չունի՝ զուտ իմպրովիզ է, կա՛մ նման հիմնավորում կա, բայց հասարակությունից թաքցվում է: Երկու դեպքում էլ դա ավելի քան վտանգավոր է: Առաջին դեպքում վտանգ կա, որ Հայաստանի քաղաքական համակարգը կարող է վերջնականապես վերածվել անկանխատեսելի քաոսի, որի հորձանուտում՝ պետություն կոչվածը կարող է ուղղակի վերանալ: Երկրորդ դեպքում ստացվում է, որ հանրապետությունում իշխանությունը զավթել է էզոթերիկ ուսմունքի կրող ինչ որ աղանդ: Գուցե՞, կարելի է ենթադրել, որ եթե «նախաձեռառնողականությունը» այնումենայնիվ ինչ որ պլանի մի մաս է, ապա դրա գաղափարական հիմնավորումները պետք է փնտրել Տիգրան Սարգսյանի հոդվածների եւ ելույթների մեջ: Մանավանդ որ «նախաձեռնողականությունը», այսինքն' հեղափոխականությունը արտաքին քաղաքականության մեջ կարող է լավ համահարաբերակցվել ներքին «հեղափոխականության» հետ: Հենց Տիգրան Սարգսյանն էլ, ի դեպ, այսօր փորձում էր հարցը տեղափոխել գաղափարական դաշտ՝ «Շատ լավ հասկանում եմ, որ խոսքը գնում է ոչ թե նրա  մասին, թե ինչպիսին են այդ բանակցությունների սկզբունքային կետերը, այլ խոսքը նրա մասին է, որ հայ-թուրքական հարաբերությունների մեր պատկերացումները տարբեր են։ Մենք գիտակցում ենք, որ կան քաղաքական ուժեր, որոնք կողմ չեն, որպեսզի մենք Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատենք և բացենք սահմանները»: Հարցն այսպես դնել, իմ կարծիքով, նշանակում է կոնկրետ քաղաքական խնդիրները տեղափոխել՝ «հայդատական»-«հակահայդատական» իրենց ոճով՝ աղանդավորական գաղափարական վեճերի դաշտ: Ի հեճուկս Սարգսյանի, «խոսքը գնում է», կամ գոնե պետք է գնա հենց բանակցությունների սկզբունքային կետերի, այլ ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների մասին ընդհանրապես: Հայ-թուրքական հարաբերություններ ընդհանրապես կան միայն վերացական տեսական դաշտում, բայց ոչ քաղաքականության մեջ:

            Սակայն եթե, այնուամենայնիվ, հարցն ընդհանրացնենք, ապա, այս ամբողջ պատմության հետ կապված ընդհանրացման մի կետ կարող է լինել: Հայ-թուրքական հարաբերությունների պես խնդիրը կարող է լուծելու փորձ ստանձնել հայաստանյան միայն այնպիսի իշխանությունը, որը վայելում է հասարակության մեծամասնության անվերապահ վստահությունը: Հակառակ պարագայում, հարցի նույնիսկ լավագույն լուծումը՝ բերում է անկանխատեսելի հետեւանքների: Այս պարզագույն ճշմարտությունն էր, որ չհասկացան մեր պրոֆեսիոնալ հայրենասերները, որոնք, Վահան Հոնհաննիսյանի նման տարանջատում են «ազգային հարցերը», ասենք, կեղծված ընտրությունների հարցից՝ վերջինը, փաստորեն, ստորադաս համարելով առաջինին: Չկան այդպիսի առանձին «ազգային» հարցեր: Բոլոր հարցերը, որոնք վերաբերում են մեր պետությանը՝ ազգային են, լինի դա արտաքին, թե ներքին քաղաքականությունը, տնտեսությունը եւ այլն: Ոիղիղ կապ կա կեղծված ընտրությունների եւ հասունացող Կարսի նոր պայմանագրի միջեւ: Ընդ որում, ուղիղ կապ մի քանի գծերով միանգամից: Նախ՝ իրական ընտրողների ձայներից կախված թեկնածուն, որքան էլ խախտի իր կոնկրետ նախընտրական խոստումները, միայն ծայրահեղ պայմաններում կարող է իրականացնել իր խոստացածին ճիշտ հակառակ քաղաքական ռամավարություն, եւ միայն ոչընտիր կառավարությունը կարող է վարել անկանխատեսելի աղանդավորական քաղաքականություն: Երկրորդ՝ կառավարությանը, որը ողջ աշխարհին ապացուցել է, որ կարող է ցանկացած գնով մնալ իշխանության մոտ՝ ի հեճուկս հասարակական բողոքի, չի կարող այդ նույն աշխարհին ասել, թե չի կարող գնալ զիջումների, որովհետեւ իր հասարակությունը դեմ է դրան: Երրորդ՝ ներքին հենարան չունեցող կառավարությունը չի կարող ուժեղ դիրքեր ունենալ արտաքին աշխարհում՝ դրսում Սերժը նույն նվաստացած վիճակում է, որում նա իր ոստիկանների միջոցով դնում է ինձ, երբ ինձ հրելով ստիպում են անցնել փողոցը Հյուսիսային պողոտայի մոտ: Այդ պահին Սերժն ու ես նույնանում ենք, եւ նա զգում է այն ինչ ես եմ զգում, քանի որ ներկայացնում է նվաստացված ու ճնշված մի հասարակություն, որի մի մասնիկն էլ ինքն է: Չորրորդ՝ ճնշելով սեփական հասարակության դիմադրողականության ոգու կրող հատվածը, որեւէ կառավարություն կոտրում է այն նույն մարդկանց, ովքեր երկրի համար արտաքին վտանգի պահին սովորաբար ոտքի են կանգնում: Միթե, որբեւիցէ մեկը հույս ունի, որ իր տանը շառից հեռու թաքնվող քաղքենին է պաշտպանելու Հայրենիքը: Մինչեւ այս մտքերը հասու չեն, ռուսական ռեակցոին գաղափարախոսության ազդեցության տակ գտնվող մեր «ազգայնականներին»՝ նոր Կարսի պայմանագրի ուրվականը շարունակում է շրջել Հայաստանում: Ազատականությունն ու ազգայնականությունը վերջապես պետք է իրար ձեռք մեկնեն, քանի որ Հայաստանի պայմաններում մեկն անլիարժեք է առանց մյուսի:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Այս խորագրի վերջին նյութերը