Տնտեսական

21.11.2011 13:35


Կարագի փոխարեն սփրեդ վաճառած օրինախախտ ընկերությունները տուգանվեցին

Կարագի փոխարեն սփրեդ վաճառած օրինախախտ ընկերությունները տուգանվեցին

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կարագի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող տնտեսվարողների  փաստաթղթաշրջանառության ուսումնասիրությամբ հայտնաբերել է մի շարք խախտումներ, որոնք էլ կասկած են հարուցել նրանց գործունեության հանդեպ:  Հանձնաժողովի նախաձեռնությամբ Երևան քաղաքի խոշոր խանութներում կատարվել են կարագի հսկիչ գնումներ: Գնված մթերքը հանձնվել է լաբորատոր փորձաքննության: Փորձաքննության արդյունքներով ևս հաստատվել է, որ մի շարք տնտեսվարողներ խաբում և մոլորեցնում են սպառողներին` կարագի անվան տակ վաճառելով գնային և որակական առումով էապես տարբեր սննդամթերք` բուսասերուցքային սպրեդ, որը տեսքով գրեթե չի տարբերվում կարագից և բնականաբար շատ ավելի էժան է: Հանձնաժողովի դիտարկմամբ, այն տնտեսվարողները, որոնք բուսասերուցքային սփրեդը վաճառել են  կարագի անվան տակ անհավասար մրցակցային պայմաններում են հայտնվել բարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ` ստանալով մրցակցային լուրջ առավելություններ:

 

Այսպես, իրավախտումները կատարվել են 2 ճանապարհով: Մի դեպքում տնտեսվարողները ներկրել են բուսասերուցքային սփրեդ, սակայն այն առևտրի կետերին իրացրել են կարագի անվան տակ: Այդ ներկրողներն են «Բիո-Ֆուդ», «Բրենդ Լիդեր», «Կարթել-Աննա», «Ֆելիքս-Սարգ» և «Արդիս» ՍՊԸ-ները:

Հանձնաժողովը բացահայտել է նաև դեպքեր, երբ սպառողին խաբել է ոչ թե ներկրողը, այլ հենց սուպերմարկետը, որը, փաստաթղթերով մատակարարից գնել է բուսասերուցքային սփրեդ, սակայն այն վաճառել է որպես կարագ: Այդ ընկերություններն  են «Ալեքս Գրիգ», «ՍԱՍ Գրուպ», «Սթար Դիվայդ», «Ֆրեշ», «Նոր Զովք» ՍՊԸ-ները: Տեղեկացնենք, որ վերոնշյալ բոլոր ընկերությունները Հանձնաժողովի որոշմամբ մանրածախ առևտրի ոլորտում հանդիսանում են գերիշխող: Եվ հենց այդ պատճառով էլ Հանձնաժողովը ուսումնասիրություններն իրականացրել է այդ ընկերություների սուպերմարկետներում և չի բացառվում, որ նման խախտումներ թույլ են տալիս նաև այլ խանութներ, որոնք Հանձնաժողովի տեսադաշտից դուրս են:

 

Չարաշահող ընկերությունները հիմնականում ընդունեցին իրենց խախտումը` խոստանալով հետագայում բացառել նման դեպքերի կրկնությունը:  Ի դեպ, Հանձնաժողովը մոնիտորինգի միջոցով արդեն պարզել է, որ խախտումներն այս ընկերություններում վերացված են: Հաշվի առնելով, որ բոլոր դեպքերում էլ իրավախախտման բնույթը նույնն է, անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար ՏՄՊՊՀ որոշմամբ սահմանվեց 3 մլն դրամ տուգանք` յուրաքանչյուր իրավախախտման նկատմամբ: Տուգանքի ընդհանուր չափը կկազմի 30 մլն դրամ:

Նշենք, որ համաձայն օրենքի,  տնտեսվարողի ցանկացած վարքագիծ, որը կարող է մոլորեցնել հասարակությանը նրա առաջարկած ապրանքների վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն:

Միևնույն ժամանակ Հանձնաժողովը տուգանվողներին զգուշացրեց, որ երկրորդ անգամ նման խախտումներ հայտնաբերելու դեպքում տուգանքի չափն անհամեմատ ավելի մեծ կլինի: Ի դեպ, վերոնշյալ բացահայտումներն աննախադեպ են այն առումով, որ մինչ այս տնտեսվարողների գործունեության նման լայնածավալ փաստաթղթային ուսումնասիրություն և զուգահեռաբար լաբորատոր փորձաքննություն չի իրականացվել:

ՏՄՊՊՀ-ը ուսումնասիրությունների ողջ փաթեթը կուղարկի նաև ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն:

ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար` Գայանե Սահակյան

Այս խորագրի վերջին նյութերը