Մեկնաբանություն

29.11.2011 13:53


«Մարտի 1». ու՞մ էր դա ձեռնտու

«Մարտի 1». ու՞մ էր դա ձեռնտու

2008թ. մարտի 1–ին տեղի ունեցած իրադարձությունները մինչև հիմա տարատեսակ մեկնաբանությունների և շահարկումների առարկա են։ Հայաստանի երեք նախագահներն իրենց գնահատականներն ունեն թեմայի վերաբերյալ։

Հասկանալի է, որ իրական մեղավորների բացահայտումը հնարավոր կլիներ, եթե մենք ունենայինք անկախ դատական համակարգ և զսպումներ ու հակակշիռների գործուն մեխանիզմներ իշխանության թևերի միջև, բայց քանի որ այդ ամենը չկա՝ հարցը տեղափոխվում է քաղաքական հարթություն ու սուբյեկտիվ ընկալումների տիրույթ։

Ո՞վ էր մեղավոր, և ո՞վ շահեց ոչ հռետորական հարցերը դեռ իրենց վերջնական պատասխանները չեն ստացել։ Մեկ բան, սակայն, ակնհայտ է՝ եթե չլիներ «Մարտի 1»–ը, ապա Սերժ Սարգսյանը չէր հայտնվի նախագահի աթոռին։ Ու քանի որ նա ամեն գնով ուզում էր նախագահ կարգվել, ուստի միանշանակ էր, որ նա առնվազն դեմ չի եղել ուժով աթոռ գրավելուն։ Բացի այդ՝ կարգ ու կանոն հաստատելն այդ ժամանակ դրված էր Կառավարության վրա, որի ղեկավարն էր նույն Սերժ Սարգսյանը և, ըստ տարածված լուրերի, շտաբ կոչվածն այդ օրերին գործել է Կառավարության շենքում։

Դեռևս հին ժամանակներից է հայտնի, որ այս կամ այն հանցագործին պարզելու համար տալիս էին «ո՞ւմ էր դա ձեռնտու» հարցը, որի պատասխանն անմիջապես լույս էր սփռում շատ բաների վրա։

Եթե հիմա «Մարտի 1»–ը դիտարկենք «ու՞մ էր դա ձեռնտու» հարցի շրջանակներում, ապա կհանգենք այն եզրակացության, որ դրանից օգտվել է բացառապես Սերժ Սարգսյանը՝ այդտեղից բխող բոլոր եզրահանգումներով հանդերձ։

«Մարտի 1»–ը, մեծ հաշվով, ձեռնտու չէր Ռոբերտ Քոչարյանին, ով հեռացող նախագահ լինելով՝ շահագրգիռ չէր թաթախվել այդ գործի մեջ, չնայած, որպես այն ժամանակվա գործող նախագահ՝ նա պարտավոր էր որոշակի գործողություններ անել և արեց։ Այս առումով 2–րդ նախագահը պարզաբանումներ տվել է իր հարցազրույցներից մեկում։

«Մարտի 1»–ը, մեծ հաշվով, ձեռնտու չէր նաև Լևոն Տեր–Պետրոսյանին, քանի որ հանրահավաքային ալիքը օր–օրի հզորանում էր, և միայն «Մարտի 1»–ով հնարավոր եղավ կանխել առաջին նախագահի վերադարձը Բաղրամյան 26։ Անշու՛շտ, Տեր–Պետրոսյանը պատասխանատվության իր բաժինն ունի տեղի ունեցածի մեջ, բայց ակնհայտ է, որ նա թիվ 1 շահագրգիռ կողմը չէր կարող լինել։

Սերժ Սարգսյանի նախագահ դառնալուն պես նրա շրջապատը սկսեց տարածել, թե 3–րդ նախագահը սրտի խոր կսկիծով է տարել մարտյան իրադարձությունները։ ՀՀԿ «ճկուն» ղեկավարը «տակից» սկսեց քարոզել, թե Ռ. Քոչարյանն է «պոդստավկա» արել Սարգսյանին, բայց «Մարտի 1»–ից օգտվել է բացառապես Սերժ Սարգսյանը, և ծիծաղելի են այն կոկորդիլոսի արցունքները, որոնք հիմա թափում են նախագահական նստավայրից։

Ս. Սարգսյանն ու Լ. Տեր–Պետրոսյանը, ելնելով ինչ–ինչ հաշվարկներից ու քաղաքական նպատակահարմարությունից, մի ժամանակ փորձում էին «Մարտի 1»–ը բարդել Ռոբերտ Քոչարյանի վրա, սակայն ակնհայտ էր, որ դա հնարավոր չէ։ Ի վերջո, երբ Տեր–Պետրոսյանը տեսավ, որ Ս. Սարգսյանը «քցողական» քաղաքականություն է վարում իր հանդեպ, ավելի իրատեսական գնահատական տվեց «Մարտի 1»–ի իրադարձություններին։

Ինչպես հայտնի է, ՀԱԿ վերջին հանրահավաքի ժամանակ մասնակիցների կողմից ընդունվեց  Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հիմքերը մատնանշող հռչակագիրը, որի 4–րդ կետում նշված է. «Սերժ Սարգսյանը ղեկավարել է ետընտրական շրջանում ստեղծված ապօրինի շտաբը, որը կազմակերպել է ուժային կառույցների, օլիգարխներին ենթակա խմբերի և կրիմինալ խմբավորումների գործողությունները խաղաղ ցուցարարների դեմ, ներառյալ սպանությունները»։ Ասել է թե՝ ՀԱԿ–ը ոչ միայն  առաջ է քաշում «Առա՛ջ, դեպի անսերժ Հայաստան» կոնսոլիդացիոն կարգախոսը, այլ նաև վերանայում ու հստակեցնում է իր դիրքորոշումը «Մարտի 1»–ի սպանդի կազմակերպչի մասով՝ սլաքներն ուղղելով Սերժ Սարգսյանի կողմը, ինչը շատ ավելի մոտ է «ո՞ւմ էր դա ձեռնտու» հարցի պատասխանի շրջանակներում մեղավորներին գտնելուն, քան այն, ինչ կար ՀԱԿ–ի մոտ նախկինում։

Թե ինչպիսի զարգացումներ կլինեն «Մարտի 1»–ի մասով և քաղաքական գործընթացներն ինչ բնույթ կկրեն, դեռևս հստակություն չկա։ Մեկ բան ակնհայտ է՝ Սերժ Սարգսյանը տապալել է արտաքին ու ներքին քաղաքականությունը, և նա որևէ շանս չունի վերարտադրվելու, բայց, չնայած այս ամենին նա փորձում է վերարտադրվել, ինչը մարտահրավեր է պետական կառավարման համակարգին ու, ի վերջո, նաև պետությունը։

Կարծում եմ, որ նժարի վրա դնելով Սերժ Սարգսյանի վերարտադրվելն ու Հայաստանի շահերը՝ ընտրությունը միանշանակ կատարվելու է երկրորդի օգտնին։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը