Տնտեսական

30.11.2011 21:44


Գործազուրկների, գործատուների ու «Հայկական աշխարհի» ճարտարապետների մասին

Գործազուրկների, գործատուների ու «Հայկական աշխարհի» ճարտարապետների մասին

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը հայտարարում է, որ Հայաստանում գործազրկությունը կազմում է բնակչության շուրջ 19%–ը։ Սակայն, ըստ մասնագետների, այդ թիվը շատ ավելի մեծ է։

Հայաստանի փողոցներով քայլելիս շենքերի, խանութների պատերին, անգամ կանգառների տաղավարներին  հաճախ փակցված կտեսնենք հայտարարություններ՝ «Աշխատանքի  տեղավորման գործակալություն», «Փնտրում եմ աշախատանք», «Պահանջվում  է աշխատող»։ Այնպիսի տպավորություն է՝ ասես մարդիկ անվերջ աշխատող կամ աշխատանք են փնտրում։

Պաշտոնական տվյալներով՝ 3 մլն–ից քիչ ավելի բնակչություն ունեցող երկրում վեց–յոթ տասնյակից ավելի աշխատանքի տեղավորման գործակալություն գոյություն ունի, որտեղ առնվազն 4–5 հազարն աշխատանք փնտրելու դիմում  է ներկայացնում։

Եթե հաշվի առնենք այն, որ այդ գործակալությունները վճարովի  ծառայություններ են մատուցում՝ սկսած 3000 դրամից, և այն, որ ոչ բոլոր գործազուրկները կարող են իրենց թույլ տալ գրանցվել  այդ գործակալություններում, ապա կարելի է ենթադրել՝ որքան շատ են իրականում աշխատանք փնտրողները։

«Գործ բոլորին» աշխատանքի  տեղավորման գործակալությունից, օրինակ, տեղեկացնում են, որ իրենց մոտ շուրջ 7000 մարդ է գրանցված, և սպասում է համապատասխան աշխատանքի, իսկ գործատուները հիմնականում պահանջում են վաճառողուհիներ, թարգմանիչներ և հաշվապահներ։

«Ակսեպտ» աշխատանքի տեղավորման գործակալությունից էլ հայտնում են, թե քանի որ իրենք միայն գրասենյակային գործ են առաջարկում, իրենց մոտ հենց նման մասնագիտություն ունեցողներն են գրանցվում՝ շուրջ 3000 հոգի, իսկ գործատուների քանակն ավելի  քիչ է, քանի որ կազմակերպությունը վճար է գանձում  նաև  գործատուներից, ինչը շատ հաճախ ստիպում է գործատուին խուսափել այստեղ դիմելուց։

«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունից էլ մեզ հայտնում են, որ, նոյեմբերի 1–ի դրությամբ, 83.900 մարդ է գրանցված որպես աշխատանք փնտրող, որոնց մեջ տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են՝ բուժքույրեր, մանկավարժներ, ինժեներներ, վարորդներ և այլն։

Իսկ  հոկտեմբեր  ամսվա դրությամբ՝  ընդամենը 2.035 աշխատանքի  առաջարկ կա, որոնց առյուծի բաժինը հասնում է բանվորներին՝ 1.235 հայտ։

Մնացած 800 հայտը ծառայողական բնույթի աշխատանքներ են։

«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության աշխատանքի խորհրդատվության և տեղեկատվության բաժնի պետ Ցողիկ Բեժանյանը նշում է, որ շատ հաճախ հայտերը կրկնվում են յուրաքանչյուր ամիս, քանի որ տարբեր պատճառներով հնարավոր  չի լինում այդ տեղի համար աշխատող գտնել։

–Պատճառները շատ տարբեր են՝ աշխատավարձերի  ցածր լինելը, գործատուի կողմից ոչ  բարվոք աշխատանքային պայմաններ  առաջարկելը, ոչ  համարժեք աշխատանք առաջարկելը և այլն,–ասել է  նա։

Ըստ Ցողիկ Բեժանյանի՝ մարզերում այս պահին շատ է բժիշկների, ուսուցիչների, ինչպես նաև  սպասարկման ոլորտի  աշխատողների պահանջը, այնինչ նույն այդ մասնագիտություն ունեցող գործազուրկ մարդիկ Երևանում տարիներ շարունակ չեն կարողանում աշխատանք գտնել։

Երբ Հայաստանը թոթափեց իր ուսերից Խորհրդային Միության բեռն ու անկախություն ձեռք բերեց, բոլորը լիահույս սպասում էին, որ  ահա վերջապես մեր երկիրը կկարողանա ինքնուրույն շարժվել ու շատ ավելի  լավ կյանք կունենա, քան այն տարիներին, սակայն ավաղ... Ճիշտ է՝ ազատությունը թանկ բան է, բայց այսօր Խորհրդային տարիներին ապրած մարդկանցից կլսես այդ օրերին երանություն տվող խոսքեր հատկապես աշխատանքի  տեղավորման տեսանկյունից։ Սա մտահոգելու տեղիք պետք է տա բոլորիս, ում համար թանկ է անկախությունը, որպեսզի այն չնույնացվի վատ կյանքի ու գործազրկության աճի հետ։

Այն, որ հասարակ ժողովուրդն այսօր երանի է տալիս խորհրդային տարիներին, ոչ այլ ինչ է, եթե ոչ իշխանությունների մեղքը, որոնք այդպես էլ չկարողացան այնպիսի  պայմաններ ստեղծել, որ քաղաքացին սեփական հայրենիքում լիարժեք մարդ զգալու հնարավորություն ունենա։ Թվում էր՝ արդեն գլուխներս հանել էինք վեր, արդեն որոշակի աշխատատեղեր էին ստեղծվում գործարարների մոտ, հիմա էլ այդ  գործարարների «սևն են տալիս» ու այս ընթացքում հազարավոր մարդկանց թողնում անգործ, նրանց ընտանիքներին էլ՝ անոթի։

Այստեղից էլ  ծնվում է ամենամեծ չարիքը՝ արտագաղթը։ Վերջին տվյալներով՝ 2011թ. հունվար–սեպտեմբեր ամիսներին Հայաստանից մեկնողների թիվը 89.868–ով ավելի է, քան ժամանողների։ Սա նշանակում է, որ այս ամիսների ընթացքում  89 հազ արտագաղթող ենք  ունեցել։ 3 մլն բնակչություն ունեցող երկրի համար սա  ահռելի թիվ է։ Չնայած մասնագետները նշում են, որ այս թվի մեջ բարձր տոկոս են կազմում արտագնա աշխատանք կատարողները, բայց դա ավելի վատ է, երբ սեփական աշախատուժդ ուրիշ տեղ է օգտագործվում։

Իսկ  ի՞նչն է պատճառը, որ մարդիկ նույն բանվորությունը համաձայնվում են անել ոչ թե սեփական երկրում, այլ արտերկրում։ Հոգեբան Կարինե Նալչաջյանի պնդումներով՝ օտարության մեջ մարդն ավելի ազատ է զգում՝ չունենալով հասարակական վերահսկողություն, հատկապես մեր էթնոսին բնորոշ շրջապատի վերահսկողություն, և մարդու  անհատականությունը սուր չի արտահայտվում։

–Բացի այդ, այստեղ կա նաև զուտ բարեկեցության խնդիր, քանի որ այդ նույն աշխատանքը  շատ ավելի է բարձր է գնահատվում դրսում, քան այստեղ, և, ի վերջո, մարդն ավելի  շատ է  վաստակում,–նշել  է հոգեբանը։

Սակայն շատ հաճախ բարձր աշխատավարձի հետքերով մարդիկ նաև  ծուղակն են ընկնում՝ դառնալով թրաֆիքինգի զոհ։

Այսօր համացանցում, պատերի  կամ թերթերի  հայտարարություններում հաճախ կարելի է հանդիպել նման հայտարության՝ «Շտապ արտերկրում, սկսած 500 հազ դրամ աշխատավարձից, աշխատանքի  են հրավիրվում 18–30 տարեկան կանայք և աղջիկներ՝ բարետես»։–Իսկ թե ինչ աշխատանքի  մասին է խոսքը, կոնկրետ որտեղ և ինչ մասնագիտությամբ մարդիկ են պետք՝ նշված չէ։ Ակնհայտ երևում է, թե ուր է տանում նման հայտարարությունը։

Այս ամենի մասին կառավարությունը շատ բան ունի մտածելու, բայց կարծես թե չի էլ  փորձում դա անել, եթե հաշվի առնենք «Հայկական աշխարհի» ճարտարապետ, տեխնոպարկերի, համաշխարհային կենտրոնների նախագծող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կատակով արած այն հայտարարությունը, թե «ինչ է՝ չթողնենք արտագաղթեն, որ այդ բողոքավոր զանգվածը մնա ու հեղափոխությո՞ւն անի»։

Ժողովուրդն ասում է՝ կատակի միայն մի տոկոսն է կատակ. մնացածն իրականություն է։

Հեղինե Հարությունյան

Այս խորագրի վերջին նյութերը