Մեկնաբանություն

02.12.2011 17:37


Օլիգարխների փոխարեն «ժելեոտածնե՞ր»

Օլիգարխների փոխարեն «ժելեոտածնե՞ր»

Օրերս մի «անմեղ» տեղեկատվություն էր տարածվել ՀՀ կառավարության կողմից։ Ըստ այդմ՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը: Օրակարգի միակ հարցով անցկացված մրցույթի արդյունքներով՝ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման պետական ոչ առևտրային կազմակերպության» գործադիր տնօրեն է ընտրվել Արա Հովսեփյանը: Կազմակերպության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար կազմակերպված մրցույթին ներկայացվել էր 15 հայտ:

Թվում է, թե սովորական գերատեսչական լուր է, սակայն երբ հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ Արա Հովսեփյանը համատեղությամբ նաև նախագահական նստավայրի երիտթևի հովանավորությունը վայելող ՄԻԱԿ կուսակցության ղեկավարն է, ապա պարզ է դառնում, որ Սերժ Սարգսյանի խոսքերը քաղաքականության և բիզնեսի, բիզնեսի և պետական համակարգի տարանջատման մասին ընտրողական բնույթ ունեն։

Տեղին է հիշեցնելը, որ նույն Արա Հովսեփյանին էր վստահվել նաև «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի գործադիր ղեկավարումը։

Ստացվում է, որ իշխանությունները մի կողմից խոսում են օլիգարխի համարում ունեցող մարդկանց կուլակաթափ անելու և նրանց պետական համակարգերից տարանջատելու մասին, մյուս կողմից էլ յուրային համարվող կուսակցականին միլիոնավոր դոլարների բյուջե ունեցող ծրագրերի ղեկավարում են վստահում։

Ո՞վ չգիտի, որ ԾԻԳ–երում, պետական ոչ առևտրային կազմակերպություններում և տարատեսակ հիմնադրամներում մեծ գումարներ են շրջանառվում, և շատ հաճախ այդ գումարների մի զգալի մասը «լվացքի մեքենայի» միջով անցնում ու հայտնվում է կոնկրետ մարդկանց գրպաններում։

Ո՞վ չգիտի, որ ՊՈԱԿ–ները, տարատեսակ հիմնադրամները և ԾԻԳ–երը «օդից» եկած փողերը գրպանելու լայն հնարավորություններ են տալիս մեր օրերի կորեյկոներին։

Կարո՞ղ էր արդյոք Ս. Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին չկցված որևէ այլ կուսակցության ղեկավար հաղթել կառավարության հայտարարած մրցույթում, այն էլ՝ 15–հոգանոց։ Հազիվ թե։

Այդ ինչպե՞ս է պատահում, որ ՄԻԱԿ կուսակցությանն անուղղակիորեն ֆինանսավորում են, այն էլ բյուջետային ու արտաբյուջետային միջոցներից։ Ո՞վ է այս «հրաշամանուկ» Հովսեփյանը, որ ՀՀ կառավարությունն առանց նրա չի կարողանում յոլա գնալ։ Պայմանավորվա՞ծ է Հովսեփյանի կարիերան Սարգսյանի փեսայի գործոնով, թե՞ ոչ։ Ի՞նչ անեն մյուս մասնագետները, ովքեր «ժելեոտածների» թիմից չեն ու «այ էմ ը թեյբըլ» ոճի գավառամտությամբ չեն տառապում։

Սրանք հարցեր են, որոնց պատասխանելիս հստակ եզրահանգումների կարելի է գալ։

Հաշվի առնելով «ազատ, բայց սերժատու» լրատվամիջոցների վարած քարոզչությունը և նախագահական նստավայրի իրական մտադրությունները՝ կարող ենք ասել, որ Սերժ Սարգսյանի ուզածն այն է, որ երկրում, ի դեմս իրեն (դե որ Սերժ ենք ասում, ուրեմն փեսան հետն է), լինի մեկ օլիգարխ, իսկ ներկայումս օլիգարխի համարում ունեցող մեծահարուստ «յուրայինները» ունեզրկվեն և իրենց տեղը զիջեն գործադիր տնօրեններին՝ արահովսեփյաններին, ովքեր մականունավորներից կտարբերվեն նրանով, որ «ժելեոտած» ու «քաղաքակիրթ» իմիջով հանդես կգան հասարակության առջև, կլինեն առավելապես անհայրենիք խունվեյբիններ ու հաճախ կօգտագործեն անգլերեն բառեր։ Ասել է թե՝ Ս.  Սարգսյանն իր գործիք Տիգրան Սարգսյանի միջոցով պայքարում է ոչ թե կլանաօլիգարխիկ համակարգը բարեշրջելու, այլ համակարգի ունեցած օգուտները սեփականաշնորհելու և գերկենտրոնացնելու համար, բայց որպեսզի իր թուրքմենբաշիական ծրագրերին հասարակական տեսք տա, առաջ է քաշել «Խփի՛ր օլիգարխներին, փրկի՛ր Հայաստանը» դեմագոգիկ և նեոբոլշևիկյան կարգախոսը, որը հիշեցնում էր Հիտլերի ցնդաբանությունը նախորդ դարի 30–ականներին կամ ռուս ազգայնականների շիզոֆրենիան բոլոր ժամանակներում։

Այսպիսով, ևս մեկ անգամ պարզ է դառնում, որ Ս. Սարգսյանն ու իր երիտշրջապատը երկակի ստանդարտներ են կիրառում։ Նրանք դեմ են մեծահարուստներին ու խոշոր բիզնեսմեններին, բայց կողմ «մեկ ազգ, մեկ օլիգարխ, մեկ տիրացու, մեկ փեսա» համակարգին, որն ավելի կեղտոտ հարաբերություններ է նախատեսում, քան ունենք այժմ և ունեինք երեկ։ Նրանք անընդունելի և անհանդուրժելի են համարում ինքնուրույնության որոշակի չափաբաժին ունեցող Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի արարքը, բայց հանդուրժում և ընդունում են ինքնուրույնությունից զուրկ մարզպետի շատ ավելի վատ ու իր բնույթով քստմնելի արարքը կին գործարարի նկատմամբ։

Նման ցինիզմով ու փարիսեցիությամբ տառապող իշխանությունն իսկական պատուհաս է դառնում ժողովրդի գլխին։ Սրանց տված վնասն անհամեմատ ավելի շատ է, քան կարող են տալ լֆիկներն ու ալրաղացները միասին վերցրած։ Այնպես որ, «Օլիգարխներն են մեղավոր երկրում տիրող վիճակի համար» քարոզն էժանագին «տրյուկ» է սեփական ձախողումներն ուրիշների վրա բարդելու և պաթոլոգիկ  ագահությունը բավարարելու նպատակով։

Ինչ վերաբերում է այդքան քննարկվող օլիգարխների թեմային, ապա բազմիցս ասել եմ ու հիմա էլ կրկնում եմ՝ ՀՀ թիվ մեկ օլիգարխը Սերժ Սարգսյանն է, ու եթե իշխանություններն իրենց արտահաստիքային խոսնակների միջոցով պահանջում են «ցուցակ» օպերացիա իրականացնել ու երկրից վտարել օլիգարխներին, ապա դա պետք է սկսեն ցուցակի առաջին համարից՝ «ֆուտբոլասերից»։ Հետո անցնեն «տիրացուին», այնուհետև՝ «ժելեոտածներին»։ Հավատացնում եմ, որ այդ ցուցակի ֆինանսատնտեսական կարողություններն ավելի շատ են, քան օլիգարխի համարում ունեցողներինը։ Ընդ որում՝ եթե մականունավոր գործարարները ինչ–որ առումով «տռուդավոյ» են աշխատել իրենց փողերը, ապա «ժելեոտածները» լրիվ «դառմավոյ» փող են «կերել»՝ բացարձակապես որևէ գործարար ռիսկի չգնալով ու յուրացնելով հանրության մուծած հարկերից գոյացած միջոցները, երկրի հաշվին վերցրած վարկերն ու տարատեսակ գրանտները։

Կուզենայի հատուկ նշել, որ իշխանության կողմից հասարակությանը պարտադրվող «Ո՞ր տեսակի տակ կուզենայիք կքած լինել՝ մականունավորի, թե՞ «ժելեոտածի»» երկընտրանքը կեղծ է, քանզի այս երկու տեսակի մեջ չէ, որ պետք է ընտրություն կատարի ՀՀ քաղաքացին։

ՀՀ քաղաքացին պետք է ընտրի բաց և փակ համակարգերի միջև՝ նախապատվությունն, անշո՛ւշտ, տալով բացին։ Իսկ թե այդ մրցակցային պայմաններում մականունավորը, ոչ մականունավորը կամ «ժելեոտածը» որքա՞ն փող կաշխատեն՝ էական չէ։ Կարևորը, որ ազատ մրցակցություն լինի, այլ ոչ թե Սերժ Սարգսյանն իր հայեցողությամբ պետական ընտրովի մարմինների ու «բիզնեսմենների» նշանակի և երկիրն էլ թամաշաների օգնությամբ կառավարի։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը