Տնտեսական

07.12.2011 15:20


ՀՅԴ–ն արտահերթ կարգով բարձրացրել է կառավարության անվստահության հարցը

ՀՅԴ–ն արտահերթ կարգով բարձրացրել է կառավարության անվստահության հարցը

ՀՅԴ խմբակցությունը խորհրդարանում արտահերթ կարգով բարձրացրել է հարցապնդում, որով ՀՀ նախագահին ԱԺ–ի կողմից առաջարկվում է քննարկել ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելլւ հարցը։ Սա ՀՅԴ կողմից նմանօրինակ երկրորդ հարցապնդումն է։ Առաջինը ներկայացվել էր 2011թ. մայիսի 25–ին և չէր ընդունվել։

Ներկայացնելով նման հարցապնդում անելու հիմքերը՝ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն ընդգծել է, որ կառավությունը չի առաջնորդվում ԱԺ–ի կողմից հաստատված «ՀՀ կառավարության 2008–2012թթ. գործունեության ծրագրով»։

–Հակառակ պարագայում կառավարության կողմից չէր արձանագրվի 2008թ. և 2011թ. տրված գնահատականների, նրա մատնանշած խնդիրների և նպատակադրումների միջև առկա աղաղակող անհամապատասխանությունը։ Ավելին, կառավարության կողմից շարունակվող ոչ ադեկվատ գործողություններով առկա միջոցներն ու հնարավորությունները ճիշտ չօգտագործելու հետևանքով օրեցօր ավելի ու ավելի անհասնելի են դառնում 2008թ. նախանշած թիրախներն ու ակնկալած սոցիալ–տնտեսական ցուցանիշները՝ էլ ավելի մեծացնելով ներկա կառավարության գործունեության բացասական հաշվեկշիռը։

Ի պատասխան՝ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն ընդգծել է, որ ՀՅԴ–ի կողմից ներկայացված թեզերը կրկնում են 2011թ. մայիսի 25–ին բարձրացված հարցերը, և պնդել.

–Կառավարությունը հետամուտ է եղել կոալիցիոն հուշագրով հանձն առած գերակայություններին և քաղաքականությունն ուղղորդել է այդ ուղղությամբ։ Երբ նավը դուրս է գալիս բաց ծով՝ նավարկության, հետամուտ է լինում վերջնակետին հասնելուն և ամեն դեպքում շարունակում է դեպի այդ վերջնակետը։ Եթե լինում է համընթաց քամի, ապա այն արագացնում է և վերջնակետին շուտ է հասնում, եթե լինում է հակընդեմ քամի, ապա, բնականաբար, այն արագությունը, որով նրա նավը հասնում է նպատակակաետին, դանդաղում է։ Բնականաբար, եթե լինում է փոթորիկ, ապա փոթորկի ժամանակ արագությունն ավելի է դանդաղում, սակայն ուղղությունը, դեպի ուր նավը շարժվում է, մնում է անփոփոխ։

Վաչե Գաբրիելյանը ֆինանսատնտեսական ճգնաժամը նմանեցրել է հենց այդ փոթորկին։

Արմեն Ռուստամյանն էլ այս դիտարկմանն արձգանքել է, որ եթե առագաստանավը չգիտի ուր է գնում, ոչ մի քամի էլ համընթաց չի լինելու, և հենց այդ վիճակում է հայտնվել այսօրվա կառավարությունը։

Արմեն Ռուստամյանն ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին առաջարկել է այս հարցապնդման քվեարկությունը, մյուս բոլոր օրինագծերի նման, նույնպես հետաձգել վաղը։ Նիկոյանը տվել է իր համաձայնությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը