Մեկնաբանություն

20.12.2011 20:27


Սուտ են խոսում ու չեն էլ ամաչում

Սուտ են խոսում ու չեն էլ ամաչում

Հայաստանի իշխող վերնախավի մոտ արդեն սովորույթ է դարձել սուտ խոսելով երկիր պահելը։ Այն, որ առանց ամաչելու հայտարարում են, թե Հայաստանում արտագաղթի տեմպերն ահագնացող չեն, որ մեր երկրի տնտեսությունը կայունանում է, մարդկանց սոցիալական վիճակը լավանում է, ՀՀԿ–ն էլ ամենամեծ վստահությունն է վայելում հասարակության շրջանում, իրականությունը խեղաթյուրելու տարածված մեթոդ է դարձել։ Բայց վերջին շրջանում ստախոսությունը տարածվել է նաև պաշտոնից հեռացնելու կամ նշանակելու դեպքերի վրա։

Նկատենք, որ սովորաբար պաշտոնական լրահոսում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ շատ քիչ են հանդիպում, բայց վերջին շրջանում Հայաստանում լրիվ այլ պատկեր է։

Մասնավորապես 2010թ. դեկտեմբերի 15–ին մամուլում սկսեցին տեղեկություններ տարածվել, թե Հրայր Թովմասյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար։ Սակայն ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը մեկ օր անց «7օր»-ին վստահեցրեց՝ նշանակում դեռևս չկա։ Նո՛ւյն օրը երեկոյան ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով որոշվեց ՀՀ արդարադատության նախարար նշանակել Հրայր Թովմասյանին:

Պարզ է, չէ՞, որ Սերժ Սարգսյանի մոտ ՀՀԿ խորհրդի նիստում հենց այդ պահին չէր ծնվել Հրայր Թովմասյանին նախարար նշանակելու բուռն ցանկությունը։ Պարզ է, չէ՞, որ եթե մամուլը 2 օր շարունակ արդեն գրում էր այդ մասին, ուրեմն առնվազն այդքան օր արդեն որոշված է եղել Հրայր Թովմասյանի ճակատագիրը։ Մանավանդ որ այսպիսի «սլիվեները» հենց Բաղրամյան 26–ի ցուցումով են սպրդում մամուլ։ Բայց նախագահականից պնդեցին՝ նշանակում չկա՝ շատ լավ իմանալով, որ դե ֆակտո–ն դե յուրե դարձնելու համար ընդամենը ձևական մի ստորագրություն էր պակասում։

Կամ մեկ այլ օրինակ՝ 2011թ. հունիսի 21–ին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, «7օր»-ի հետ զրույցում հերքեց մամուլում հրապարակված այն տեղեկությունը, թե ինքը նշանակվելու է Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնում նշանակվի ինքը։

–Իհարկե դա չի համապատասխանում իրականությանը: Դրանք հերթական ստահոդ լուրերն են,-«7օր»-ին ասել էր Արման Սահակյանը` պնդելով, թե այդ պահին որևէ պաշտոն զբաղեցնելու ցանկություն չունի։

Ուղիղ մեկ օր հետո, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ, Արման Սահակյանը նշանակվեց Պետական գույքի կառավարման վարչության պետ։ Պարզ է, չէ՞, որ այդ հարցը մեկ օրվա մեջ չի որոշվել, կամ հնարավո՞ր է, որ ալամ աշխարհը գիտեր Արման Սահակյանի նշանակման մասին, իսկ անձամբ Արման Սահակյանը չգիտեր։ Բայց դե մարդը առանց երկմտելու հայտարարեց՝ ես պաշտոն չեմ ուզում, այդպիսի բան չկա։

Բայց եթե վերոնշյալ դեպքերում իշխանավորները կարող են «լյապ» տալ ու ասել՝ բա պաշտոնական ոչ մի բան չկար, հո չէ՞ինք կանգնի՝ նախապես հայտարարի, ապա դեպքեր էլ կան, երբ հերքվել են արդեն տեղի ունեցա՛ծ և տեսաձայնագրությամբ փաստագրվա՛ծ դեպքերը։

Զորօրինակ 2010թ. նոյեմբերին «YouTube»-ում տեղադրված տեսանյութը, որտեղ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայ երիտասարդի հետ զրուցելիս ասում էր՝ հայ-թուրքական գործընթացի ժամանակ Սերժ Սարգսյանը զանգահարել է իրեն՝ խնդրելով հետաձգել Ցեղասպանության բանաձևի ընդունումը։ Արձագանքելով այդ տեսանյութին՝ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը հայտնել էր, որ ՀՀ նախագահը երբևէ չի զանգահարել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին, ու այդպիսի խոսակցություն չի եղել։ Այսինքն, ստացվեց, որ այս դեպքում էլ ոչ թե իրենք, այլ Բայդենն է սուտ խոսողը (էստեղ են ասում՝ գողը գողից գողացավ, Աստված տեսավ, զարմացավ)։

Նույնը եղավ նաև Շառլ Ազնավուրի պարագայում։ Այս անգամ էլ ՀՀ իշխանությունների գործուն միջամտությամբ հանրահայտ շանսոնյե՛ն ամբողջ աշխարհի առջև սուտասան դուրս եկավ՝ հերքելով, թե ասել է՝ Հայաստանը ցեղասպանության մեջ է։ Եվ սա այն դեպքում, երբ նրա խոսքերն ապացուցող ձայնագրությունը նույնպես կար։

Սյունիքի մարզպետը ապտակում է, որից հետո նրա մամլո ծառայությունը հերքում է դա։ Հետագայում պարզվում է, որ նույն մարզպետը գործի նախաքննության փուլում զղջացել է իր արարքի համար։ Այսինքն ժամանկին ստել էր։

Արատավոր երևույթները մետաստազների նման արագ տարածվելու ու կլանելու հատկություն ունեն։ Այս աչքակապոցիներով գոյատևող համակարգի ձեռքին նույնիսկ ամենահարգված մարդիկ են փչանում։ Ի վերջո, ձին կապես էշի կողքին, եթե զռալ չսովորի, ապա իշավարի քացի կտա: Միակ ճանապարհն այս պարագայում էշի «ականջները» կտրելն է։

Արեգնազ Մանուկյան

Հ.Գ.։ 2011թ. սեպտեմբերի 13–ին այն ժամանակ դեռ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ևս մեկ անգամ հերքեց տարածվող լուրերը, թե ինքը ցանկություն ունի դառնալ վարչապետ:

Ես ևս մեկ անգամ նրանց համար, ովքեր լավ չեն հասկանում, կասեմ, որ նման ցանկություն Աբրահամյան Հովիկը չունի: Ես ուղղակի հասկացել եմ, որ մարդիկ կան, որոնք ցանկանում են, ու իրենց անվան հետ  իմ անունն էլ են գրում,-ասաց  նա՝ ավելացնելով, որ ՀՀԿ գլխավոր շտաբի պետ դառնալու ցանկություն էլ չունի։

«Եթե որևէ մեկը կարող է ավելի լավ ղեկավարել շտաբը, ապա ես կպաշտպանեմ նրան: Մեզ համար  կարևոր չէ, թե ով է ղեկավարում շտաբը, կարևոր է, թե ով արդյունավետ կղեկավարի: Անձը կապ չունի: Կարևորն այն է, որ մենք բոլորս այնպես անենք, որ ՀՀԿ-ն 2012-ին ևս ունենա մեծամասնություն»,– ասել էր դեռևս շտաբի պետի պաշտոնին չանցած Հովիկ Աբրահամյանը:

Թե հետագայում ինչ դաժան ճակատագիր էր սպասում Հովիկ Աբրահամյանին, բոլորիս է հայտնի։ Նա ոչ միայն նշանակվեց ՀՀԿ շտաբի պետ, այլ դրա համար հրաժարվեց ԱԺ նախագահի պաշտոնից՝ հետագայում վարչապետ դառնալու խոստման դիմաց (համենայնդեպս, Հովիկ Աբրահամյանն այդպես ակնարկեց

Հ.Գ.-2։ Մի անեկդոտ կա՝ բակում խաղացող երեխային մայրը պատուհանից բղավում է.

–Բալե՜ս, տո՛ւն արի։

–Ինչի՞ մամ, սոված ե՞մ։

–Չէ՛, բալես, քո՛ւնդ ա տանում։

Կարծում եմ՝ այս դեպքում Հովիկ Աբրահամյանը ոչ թե ստում էր, այլ իրոք իր անկեղծ ցանկություններն էր հայտնում՝ հրաժարվելով ՀՀԿ շտաբի պետի պաշտոնից։ Պարզապես այդ ժամանակ ինքն էլ չգիտեր, որ բարձրագույն ղեկավարությունն իր փոխարեն որոշելու է՝ Հովիկ Աբրահամյանը ոչ թե սոված է, այլ քունն է տանում։

Այս խորագրի վերջին նյութերը