Մեկնաբանություն

22.12.2011 01:17


Իշխանությունը կարող է նոր «հուշագիր» ստորագրել

Իշխանությունը կարող է նոր «հուշագիր» ստորագրել

Ինչպես հայտնի է, Գագիկ Ծառուկյանի հայտնի հարցազրույցից հետո Սերժ Սարգսյանը փորձում էր վերակենդանացնել «կոալիցիոն նոր հուշագիր» կոչված անիմաստ փաստաթուղթը և այնպես անել, որ իշխող կոալիցիան միասնական ցուցակով մասնակցի ԱԺ ընտրություններին, բայց չկարողացավ հասնել իր ուզածին։

Քաղաքական կուլիսներում տեղի ունեցող գործընթացներին ու տեղեկատվական հոսքերին հետևողների համար արդեն ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանին չհաջողվեց Գագիկ Ծառուկյանի վրա ճնշումներ կիրառելով՝ նրանից ստանալ ՀՀԿ–ի հետ միասնական ցուցակով գալիք ԱԺ ընտրություններին մասնակցելու համաձայնություն։ Այսինքն՝ այն ջանքերը, որոնք թափում էր իշխանության սերժսարգսյանական թևը, այն քարոզչահոգեբանական գրոհները, որոնք կիրառում էին կոալիցիոն ոխերիմ գործընկերները ԲՀԿ–ի դեմ՝ որևէ արդյունքի չբերեցին։ Ծառուկյանը տեր կանգնեց սեփական խոսքին և Սերժ Սարգսյանին թողեց «տիրացուի» ու փեսայի հույսին։ Բայց վերջիններիս հույսն էլ այն էր, որ ԲՀԿ–ին խաղից հանեին մինչև ընտրությունները։ Չստացվեց։ «Չկպավ»։

Դրանից առաջ նախագահական նստավայրը, հուսահատությունից դրդված, պայթեցնում էր ՀԱԿ–ի ու ԲՀԿ–ի իր «ականներին» և դաշտ մտցնում նորաթուխ «դհոլներին» (դավիթշահնազարյաններ, արամզավենիչներ, «Հայբուսակի» ռեկտոր և այլն), սակայն իրենց արածն իրենց մնաց։ Իսկ դա նշանակում է, որ հերթական անգամ հիմար վիճակում հայտնվեցին սերժական քարոզիչները, ովքեր բացահայտված ագենտի կարգավիճակ ստացած կայքերում ու թերթերի էջերում էժանագին հոդվածներ էին գրում այն մասին, թե ՀՀԿ–ԲՀԿ միասնական ցուցակն արդեն կայացած փաստ է և դրանից ելնելով էլ հեռուն գնացող եզրակացություններ էին անում։ Պատկերացնել կարելի է, թե ինչ աստիճանի են սրանց փչացնում երիտսերժականները՝ իրավիճակից դրդված իրարամեժ պատվերներ իջեցնելով։

«Ազատ, բայց սերժատուները» հիմա ստիպված պետք է գրեն, որ Ծառուկյանը Սարգսյանի հետ համաձայնեցված է առանձին մասնակցելու ու այլ տարբերակ չունի, քան ԲՀԿ–ից ու քաղաքականությունից հեռանալը։ Մի ժամանակ էլ որպես սրտի մխիթարանք գրում էին, թե Իջևանում սերժական թեկնածուի պարտությունն էլ է ՀՀԿ «ճկուն» ղեկավարի մտածած «բարդագույն» կոմբինացիայի արդյունք։ Համաձայնե՛ք, որ սա արդեն անելանելիության, սեփական թուլությունը անհաջող կերպով թաքցնելու և ինչ որ տեղ նաև շիզոֆրենիայի դրսևորում է։ Մարդիկ, ակնհայտորեն, խճճվել են իրենց քարոզի մեջ։ Մեկ գրում են, թե միասնական ցուցակը «OK» է, մեկ էլ թե՝ միասնական ցուցակը չկա, բայց պետք էլ չէր Սերժ Սարգսյանին։ Այստեղ են ասել՝ աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասաց խակ էր։

Ուշագրավ է, որ նախագահի թիմին հունից հանում է Գագիկ Ծառուկյանի լռությունը։ Իրականությունը, սակայն, այն է, որ Ծառուկյանը չի լռել ու հստակ մեսիջներ է հղել հանրությանն ու քաղաքական ուժերին,  ըստ որոնց՝

Ա. ԲՀԿ–ն կոալիցիայից չի պատրաստվում դուրս գալ, որպեսզի օգտագործի իր լծակները և իշխանության ներսից կարողանա ընտրողների տված քվեն պահել, ինչպես որ դա եղավ Իջևանում, և բացի այդ՝ կոալիցիայից դուրս գալն ինքնանպատակ չէ ու չի հանդիսանում քաղաքական լակմուսի թղթի պես մի բան (ՕԵԿ–ը տարիներ առաջ դուրս էր եկել իշխող կոալիցիայից ու իրեն հայտարարել ընդդիմություն, սակայն  տեսանք, թե ինչ եղավ հետո),

Բ. Կոալիցիայից դուրս չգալով հանդերձ՝ ԲՀԿ–ն առանձին է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին,

Գ. Գալիք նախագահական ընտրությունների թեման թողնված է «հաջորդ դասին»,  քանի դեռ չեն ամփոփվել խորհրդարանական ընտրությունների արդյունքները, իսկ արդյունքներն այդ որոշվելու են ոչ թե հուշագրերով ու մագաղաթներով, այլ ժողովրդի ցանկությամբ,

Դ. Լևոն Տեր–Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունն ընդունված է ի գիտություն, ինչը նշանակում է, որ «Հայաստանն առանց ընտրակեղծիքների» կարգախոսի շուրջ հնարավոր է համագործակցություն ինչպես ՀԱԿ–ի, այնպես էլ շահագրգիռ մյուս քաղաքական ուժերի, հասարակական կառույցների ու անհատների հետ։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի՝ միասնական ցուցակ ունենալու ցանկության «փոզմիշ» լինելուն, ապա նախագահական նստավայրում կարող են բավարավել ինքնաբացահայտված հաճախորդների («Հայբուսակի» Անո և էլի մեկ–երկու հոգի) հետ յուրօրինակ հուշագիր կնքելով ու դա հանրությանը որպես «միասնական ցուցակի» փաստ ներկայացնելով։ Ի դեպ, այդ գործի մեջ կարող են ներգրավել նաև ՕԵԿ–ին, որն անկասկած կստորագրի ցանկացած թղթի տակ, քանզի ուրիշ ճար չունի։ Եթե նշյալ հաճախորդներին ավելացնում ենք նաև սադոյաններին ու խոսրովհարությունյաններին, ապա ստացվում է հզոր «ֆուտբոլային» թիմ։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը