Կարծիք

07.05.2009 14:11


Ազատական ազգայնականության նախադրյալները

Ազատական ազգայնականության նախադրյալները

 

 

 

«Ապա Մուշեղ, ստրատելան Հայոց Մեծաց ընտրեաց

իւր արս ընտիրս....ազատս ազգայինս ...

միաբանս միակամս, եւ կազմեաց զնոսա»

(Փավստոս Բյուզանդի «Հայոց պատմություն»-ից)

            Եզրերի մասին

            Նախ' եզրերի ընտրության մասին: Ազատականությունը և ազգայնականությունը' լիբերալիզմի եւ նացիոնալիզմի փոխարեն տվյալ դեպքում ոչ միայն տուրք են օտար ծագման եզրերը հայացնելու ավանդույթին, այլև նոր իմաստներ ստանալու կարևոր հնարավորություն: Իրոք, լիբերալիզմն ու նացիոնալիզմը պատկանում են միջազգային այն եզրերի շարքին, որոնք երկու դար անընդմեջ օգտագործվելուց հետո՝ չափից ավելի լայն ու լղոզված իմաստ են ձեռք բերել: Դրան գումարվում է նաեւ հետսովետական տարածքում այդ եզրերի յուրահատուկ օգտագործումը, որով դրանք է՛լ ավելի են օտարվել կոնկրետ իմաստից: Ազատականություն և ագայնականություն եզրերի օգտագործումը թույլ է տալիս վերականգնել երկուսի անմիջական ընկալումը և խուսափել ավելորդ վերացականությունից, հետևաբար նաև մտքի անհստակությունից, դեմագոգիայից և ինտելեկտուալ անպատասխանատվությունից: Վերացականության կարիք չկա, քանի որ և՛ ազատության ձգտումը, և՛ ազգայինը' հայրենի տարածքի և մարդկանց նկատմամբ սերը, եթե ոչ պարտադիր, ապա գոնե շատ բնական և առօրեական զգացմունքներ են (իհարկե, եթե հաշվի չենք առնում դրանց քաղաքական և գաղափարախոսական շահարկումը. բայց հենց վերջինից խուսափելուն է ուղված տվյալ դեպքում հայերեն համարժեքների օգտագործումը):

            Այսօրվա վիճակը

            Այսօրվա իրավիճակը, որի կարեւորագույն տարրերից է հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական «կարգավորումների» արագացված տեպմով «զուգահեռ» (միայն «զուգահեռ»' ուրիշ բան հանկարծ չհասկաք J) ընթացող պրոցեսները, կարելի է մեկնաբանել որպես զուտ տեսական մի սխալի խիստ գործնական հետեւանք: Տեսության սխալը' ազատության և ազգգային արժեքների հակադրությունն էր: Գաղափարական-տեսական այդ սխալի պատճառով էր, որ իրենց «ազգայնական» համարող ուժերը և փորձագետ-վերլուծաբանները, չեն նկատել ու չեն նկատում այն վտանգը, որը ազգային-պետական անվտանգության տեսակետից ներկայացնում են կեղծված ընտրությունները, քաղաքացիական դիմադրողականության ճնշումը, արդարադատության բռնաբարությունը: Անկախ իրենց համակրանքից կամ հակակրանքից կոնկրետ քաղաքական ուժերի և գործիչների նկատմամբ, իրական ազգայնականները պետք է պայքարեին ընդդեմ այս բոլոր երևույթների' կանխատեսելով այսօրվա իրավիճակի վտանգը: Տեղի ունեցավ ճիշտ հակառակը' «ազգայնականների» մեծ մասը պաշտպանեց տեղի ունեցողի իշխանական վարկածը: Այսօր էլ քննադատելով Սերժ Սարգսյանի նախաձեռնողականությունը' նրանք հակասություն չեն տեսնում իրենց երկու դիրքորոշումների ' մարտի մեկի իշխանական վարկածի պաշտպանության և վարչակարգի արտաքին քաղաքականության քննադատության միջև: Սա կա՛մ սուրբ միամտություն է, կա՛մ հասարակության գիտակցված մոլորեցում: Նախաձեռնողականությունը ուղիղ հետևանք է մարտի մեկի ջարդի: Այսպիսով գաղափարախոսական սխալը բերում է վերլուծության և կանխատեսման սխալի, ինչպես նաև կոնկրետ քաղաքական գործիչների և փորձագետների մասնագիտական սնանկությանը: Որտե՞ղ են այս վիճակի ակունքները:

            Ռուսական ռեակցիոն գաղափարախոսությունը և հայ «ազգայնականությունը»

            Ազգայինի հակադրությունը քաղաքացիական ազատության գաղափարին «հայրենի արտադրանք» չէ: Սա է հայկական «ազգայնականության» պարադոքսը' «ազգային գաղափարի» կարևորագույն տարրերը ունեն օտարածին' ապազգային ծագում: Տվյալ դեպքում մեզ հետաքրքրող հակադրությունը ներմուծված է Ռուսաստանից: Դա գուցե այդքան էլ վնասակար չլիներ, եթե չհակասեր Հայաստանի ազգային-պետական պայմաններին և պահանջներին: Ռուսաստանում այդ հակադրությունը, թերեւս բնական է, հաշվի առնելով այդ երկրի կայսերական ավանդույթը, որն այսօր էլ չի ընդհատվել (բայց Ռուսաստանում էլ վերջին տարիներին եղան բավականին հաջող փորձեր երկու գաղափարները սինթեզելու ուղղությամբ, հատկապես, այսօր, ցավոք, չգործող nazlobu.ru կայքում): Մինչ մի ժողովորդի համար, որը վերջին հարյուրամյակում վարել է հակակայսերական ազգային-ազատագրական պայքար, որի վերջին դրվագներից մեկն էլ' Ղարաբաղյան շարժումն ու պատերազմը հաջողությամբ պսակվեց ազգային գաղափարի և քաղաքացիական պայքարի համադրության համատեքստում, բացարձակ արհեստական է երկու տարրերի հակադրությունը:

            «Ռուսական հետքի» վարկածը հաստատվում է այն փաստով, որ ազատականության և ազգայնականության հակադրությունը ակտուալ չէ հետսովետական տարածքի այն երկրներում, որոնք դուրս են ռուսական ազդեցության գոտուց կամ պայքարում են դրանից դուրս գալու համար' Ուկրաինա, Վրաստան, Մերձբալտիկա, Մոլդովա և այլն' այս բոլոր երկրներում ազգայինը և քաղաքացիականը դաշնակիցներ են: Հակառակ վիճակը, որն առկա է մեր մոտ որպես ռուսական ազդեցության գոտու մաս, բերում է պետության գոյության համար ռազմավարական վտանգ ներկայացնող փակ շղթայի' քաղաքացիական ինքնակազմակերպումը և պայքարը հանգեցրել են անկախ ազգային պետության կայացմանը, սակայն պետությունը ճնշում է այն նույն ուժը որի ծնունդն է ինքը' դատապարտելով ինքն իրեն ռազմավարական պարտության կամ կապիտուլյացիայի:

            Ռուսական ռեակցիոն գաղափարախոսության ազդեցությունը հանգեցնում է նաև վերլուծականության ճգնաժամի: Ռուսական ԶԼՄ-ների կողմից մշակված «գունավոր հեղափոխության» տեսությունը, որը ցանկացած քաղաքացիական պայքար և  դիմադրություն բացատրում է «դավադրության տեսության» եզրաբանությամբ պակաս վտանգավոր չէ, քան ծտի և խոզի գրիպերի վիրուսները' հանգեցնելով բանականության մթագնմանը և իրականության անմիջական զգացողության կորստին: Գտնվելով այդ մտավոր վիրուսի ազդցեցության տակ' «ազգայնական» համարվող հայ վերլուծաբանները չնկատեցին վերահաս մարտահրավերը' մարտի մեկի հղի էր Կարսի նոր պայմանագրով, և հղիության ժամկետը, կարծես մոտենում է ավարտին:

            Պետականազուրկ ազգի ազգայնականությունը

            Հայ «ազգայնականության» պարադոքսները թվարկումը կարելի է շարունակել: Օրինակ միայն Հայաստանում են հնարավոր «ազգայնականներ», որոնք դեմ լինեն ազգային-պետական անկախությանը: Իսկ այդպիսիք քիչ չէին 80-ականներին: Կասեք, թե հիմա այդպիսիք չկան: «Պաշտոնապես» չկան, քանի որ անկախության դեմ այսօր ոչ ոք բարձրաձայն չի արտահայտվում: Բայց դա չի նշանակում, որ գործնականում «ազգայնականներից» շատերն այսօր նույն գծի շարունակողներն են: Պատահական չէ անկախության շրջանի առաջին տարիների նկատմամբ նրանց մոլի ատելությունը, և «Սովետական Հայաստանի նման գյոզալ երկիրը քանդեցին» տիպի նրանց բացահայտ արտահայտությունները: Այստեղ կարևոր նրբերանգ կա' պետք է տարբերել 90-ականն թթ-ի իրոք բազմաթիվ և համակարգային (այլ ոչ միայն պատահական) թերությունների անկեղծ քննադատությունը, և այդ տարիների' այսինքն անկախացման և ռազմական հաղթանակի շրջանի բացարձակ դիվականացումն: Վերջինիս ենթատեքստն է' հայերն արժանի չեն անկախության:

            Վաղուց նկատված է նաև, որ հայ «ազգայնականների» մի զգալի մասի «հայրենասիրությունն» այնքան ծույլ է, որ ալարում է նույնիսկ սեփական լեզուն սովորել, և այսօր էլ ինտերնետում ներկայացված հայ «ազգայնական» բլոգերի մեծ մասը ռուսալեզու է: Այս ամենը հուշում է մեզ, որ այստեղ ինչ որ բան այն չէ: Այն ինչ սովորաբար կոչում են հայ «ազգայնականություն»՝ իրականում այդպիսին չէ: Դա ձևավորվել է պետության բացակայության տարիներին, և շարունակում է կրել ազգի պետականազուրկ վիճակի տարրերը: Ավելին, ինչ որ պահից, սկբզնապես անկեղծ այդ շարժումը, կամա թե ակամա, վերածվել է օտար պետության' Ռուսաստանի (ավելի լայն' «Անտանտի», բայց պոտենցիալ նաև ցանկացած այլ օտար ուժերի) տարածաշրջանային շահերը սպասարկող նախագծի: Անկախ Հայաստանը պետք է ունենա իր ազգայնականությունը, որը համապատասխանի նոր պայմաններին, և սպասարկի բացարձակապես Հայաստանի ազգային-պետական շահերը:

            Վերացական հայրենասիրություն

           Հայ «ազգայնականության» հայրենասիրությունը, օտարածին լինելով' վերացական է: Նա տարանջատում է իր կարծիքով «զուտ ազգային» հարցերը, «ոչ ազգայիններից»: «Զուտ ազգային հարցերը» վերաբերվում են արտաքին քաղաքականությանը, իսկ ներքին հարցերը' երկրորդական են: Հենց դա էլ ևս մեկ անգամ մատնում է նման «ազգայնականության» արտաքին ծագումը, քանի որ ներքին հարցերը կարող են երկրորդական թվալ միայն օտար հայացքին: Իրականում այդպիսի բաժանում չկա և չի կարող լինել: Բոլոր հարցերը, որոնք առնչվում են Հայաստանին' ազգային են ըստ սահմանման: Երդվելով «ազգի» ու «հայրենիքի» անունով' վերացական «ազգայնականությունը» մոռանում է, որ «ազգը» ներկայացնում են կոնկրետ մարդիկ, որոնք ապրում են կոնկրետ տարածքում: «Վերացական հայրենասիրության» դավանողի սիրտը չի ցավում, երբ այդ կոնկրետ մարդկանց նկատմամբ գործում են սարսափելի անարդարություններ, երբ նրանց ծեծում են, սպանում են, խախտում են նրանց իրավունքները: Այսպես ազգի և հայրենիքի սկզբնապես շատ անմիջական, առօրեական գաղափարները' վերացականացվելով, դառնում են դեմագոգիայի և շահագործման առարկա:

            Այսօրվա երկակի վտանգը

            Այսօր մեծագույն սխալ կլինի, քննադատելով իշխանության «նախաձեռնողականությունը» ձայնակցել մարտի մեկից հետո վերջնականապես պատմությունից դուրս հայտնված  կեղծ «ազգայնական» հիսթերիզմին: Ցավոք, ազատականության և ազգայնականության հակադրությունը ձեռնտու է ավանդապես մեկի կամ մյուսի կողմից խոսող երկու ուժերին էլ'  սութի «լիբերալ-կոսմոպոլիտներին» և սութի «ազգայնականներին»: Այն ուղղությունը, որը համադրում է ազգայինն ու ազատականը՝ դեռ իր հստակ անունը չունի Հայաստանում, բայց անպայման պետք է ունենա, եթե Հայաստանի անկախությունը իրականություն է, այլ ոչ թե ֆիկցիա: Այդ հնարավոր ուղղության դրական հաստատումների մասին, խոսենք, թերևս, մյուս անգամ:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Այս խորագրի վերջին նյութերը