Մեկնաբանություն

15.01.2012 12:56


Ու՞մ է շահավետ տարածել Տիգրան Սարգսյանի ապագա ԱԺ նախագահ դառնալու լուրը

Ու՞մ է շահավետ տարածել Տիգրան Սարգսյանի ապագա ԱԺ նախագահ դառնալու լուրը

Վերջին օրերին կտրուկ ակտիվացել էին խոսակցությունները հատկապես ՀՀԿ-ականների շրջանում, թե իբր գալիք ԱԺ ընտրություններից հետո Տիգրան Սարգսյանը թողնելու է վարչապետի պաշտոնը և ընտրվելու է ԱԺ նախագահ:

Ընդ որում, այդ լուրերն այն աստիճան էին տարածվել, որ վարչապետի մամլո խոսնակը ստիպված եղավ հայտարարել, որ «նման հարց չի քննարկվել, և այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում»:

Այդ դեպքում, հարց  է առաջանում, թե ու՞մ է շահավետ տարածել այդ լուրերը:

Սկսենք նրանից, որ լուրերի հետևում կարող է կանգնած լինել նախկին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով այսօր դարձել է ՀՀԿ-ի նախընտրական շտաբի պետ և պետք է ինչ- որ ձևով հիմնավորի, թե ինչու՞ է աշխատելու ՀՀԿ-ի համար` ԱԺ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո:

Համաձայնվեք, որ այս իրավիճակում միակ ձևակերպումը, որ կարող է տալ Հովիկ Աբրահամյանը իր թիմակից ՀՀԿ-ականներին, դա այն է, որ նա աշխատում է ՀՀԿ-ի համար, որպեսզի ԱԺ ընտրություններից հետո տեղափոխվի կառավարություն: Այս հիմնավորումը անչափ կարևոր է նրա` Հովիկ Աբրահամյանի համար, որպեսզի նրա հանդեպ իր  թիմակիցները հավատը չկորցնեն:

Հասկանալի է, որ այս «լուրերի տարածումը» շահավետ է ոչ միայն Հովիկ Աբրահամյանին, այլև Սերժ Սարգսյանին, քանզի դրանով ՀՀԿ-ի ներկայիս շտաբի պետը ակտիվ կաշխատի ՀՀԿ-ի համար:

Այս «լուրերի տարածումը» շահեկան է նաև նախագահի փեսա Միքայել Մինասյանի համար, ումմտահոգում է Տիգրան Սարգսյանի առաջախաղացումը իշխանական վերանխավում, և նա նույնպես կցանկանար Հովիկ Աբրահամյանի միջոցով «կծոտել» վարչապետին:

Սակայն վերջին հաշվով նույնիսկ դպրոցականի համար էլ պարզ է, այս ամենը լուրջ չեն կարող ընդունել քիչ թե շատ ազդեցիկ շրջանակները, որոնց համար ակնհայտ է, որ ներկայիս իշխանական կոնֆիգուրացիայում Հովիկ Աբրահամյանը որևէ լուրջ հեռանկար չունի:

Եթե ՀՀԿ-ն հաջողություն գրանցի գալիք ընտրություններում, ապա դրանից կօգտվեն Սերժ և Տիգրան Սարգսյանները, թմբկահարելով, որ ի շնորհիվ իրենց է դա կատարվել, իսկ «անընդունելի և անհանդուրժելի» Հովիկ Աբրահամյանին նրանք «մեծահոգաբար» թույլ կտան «հանգիստ ապրել»:

Եվ ճիշտ հակառակը, եթե ՀՀԿ-ն պարտություն կրի, ապա դրա գլխավոր մեղավորը կհայտարարվի շտաբի պետը, այսինքն` հենց Հովիկ Աբրահամյանը, իր բոլոր հետևանքներով: Այնպես որ, Հովիկ Աբրահամյանը այդպիսի լուրեր բաց թողնելու փոխարեն ճիշտ կաներ «աստճանաբար» հեռանար ՀՀԿ-ի շտաբի պետի պաշտոնից, քանզի միայն այդ դեպքում նա չի կրի ՀՀԿ պարտության համար իր փայ պատասխանատվությունը. այդքանը հասկանալու համար, իրոք որ, շատ խելք պետք չէ:

Արտակ Հակոբյան

zham.am

Այս խորագրի վերջին նյութերը