Մեկնաբանություն

22.01.2012 14:45


Բանգլադեշցի Համոն և պատմական արդարությունը

Բանգլադեշցի Համոն և պատմական արդարությունը

Իշխանական մամուլը ցնծության մեջ է։ Բաղրամյան 26–ից նոր «զակազ» է ստացվել։ «Բարգավաճ Հայաստանի» դեմ գրելու «մատերիալ» կա, կամ եթե չկա էլ, ապա կարելի է հորինել։

Ինչպես հայտնի է, մի քաղաքացու ծեծելու մեղադրանքով ձերբակալվել է Բանգլադեշցի Համոն։ Այստեղ որևէ արտառոց բան չկա. եթե ծեծել է, ապա պետք է օրենքով նախատեսված կարգով պատժվի և եթե ոստիկանությունը գործել է օրենքի համաձայն, ապա այստեղ թմբկահարման խնդիր չկա, բայց իշխանություններն այս ամենից ուզում են շոու սարքել։ Ըստ սերժատուների՝ վերջապես իշխանական արդարադատությունը հաղթանակ տարավ։ Ճիշտ է, նույն այդ արդարադատությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ խայտառակ պարտություն կրեց Լիսկայից, բայց դե ոչինչ։ Եթե նույնիսկ արդարադատությունը մեկումեջ հաղթանակ տանի, ապա արդեն լավ է, մանավանդ եթե մեկումեջի դեպքում հնարավորություն է ստեղծվում հեռուն գնացող «վերլուծություններ» ներկայացնել և ցեխ շպրտել ԲՀԿ–ի ուղղությամբ։

Այժմ տարատեսակ խոսակցություններ են տարածվում «Բանգլադեշցու» պահով։

Մամուլում հրապարակում եղավ, ըստ որի՝ Վովա Գասպարյանը իր «մուռն» է հանում Բանգլադեշցի Համոյից, քանի որ նախկինում «տակ» էր տվել նրա հետ «ռազբորկայում», իսկ հիմա «պեպելնիցայությունը» հնարավորություն է տվել «աբառոտկա» ֆռալ։ Այլ կեպ ասած՝ մամուլը Վ. Գասպարյանին ներկայացնում էր որպես «Համոյի աբիժնիկ», ով հիմա «դուխավորվել» է այնպես, ինչպես Վազգեն Սարգսյանի կենդանության օրոք ու Վազգենի սպանությանը հաջորդած մեկ–եկու օրերի ընթացքում։

Ոստիկանությունից «տերտերական» բառաֆոնդով հարուստ մի հաղորդագրություն տարածվեց, և հերքվեց Վ. Գասպարյանի վերը նշված մոտիվացիան ու մեկնաբանվեց, թե ինչն ինչոց է։ Հակված ենք ընդունելու այդ մեկնաբանությունը, քանզի մեր կարծիքով այստեղ այլ հանգամանքներ կան։

Գաղտնիք չէ, որ Հայաստանում «աղմկոտ» արդարադատությունն ընտրովի է կիրառվում։ Դա է պատճառը, որ երբ օրինախախտության համար մեկին պատժում են, մարդիկ ոչ թե դրա իրավական կողմն են քննարկում, այլ այն թե ինչու դա տեղի ունեցավ ու ինչ քաղաքական ենթատեքստ կար։ Այս ամենը հաշվի առնելով և հաշվի առնելով այն, որ Համոյից «մուռ» հանելու վարկածն է ամենաշատը շրջանառվում նրա ձերբակալության հետ կապված՝ կարող ենք ասել, որ եթե «մուռ»–ի պահը կա, ապա դա ոչ թե Գասպարյան Վովայի, այլ Սերժ Սարգսյանի՛ «մուռը» կարող է լինել։ Համենայնդեպս այսպիսի կարծիքներ նույնպես հնչում են և դրանց համար որոշակի հիմքեր կան։

Բանն այն է, որ տարիներ առաջ, երբ Սերժ Սարգսյանի ջերմեռանդ պաշտպան Արտաշես Գեղամյանն «ընդդիմություն» էր աշխատում և հանրահավաքներ էր անում, իր իսկ բնորոշմամբ, «Քոչարյան–Սարգսյան հանցավոր զույգի դեմ», Բանգլադեշցի Համոն, ըստ մամուլի, ձվեր էր նետել «Ազգային Միաբանություն» կուսակցության ղեկավարի ուղղությամբ։ Սերժ Սարգսյանը, հավանաբար, ծանր էր տարել Բանգլադեշցի Համոյի ձվանետման պահը, քանի որ տուժել էր այն ժամանակ դեռևս մինչև վերջ չբացահայտված, բայց այդուհանդերձ իր հավատարի՛մ հաճախորդը։ Եվ ահա առիթը ստեղծվեց, և Սերժ Սարգսյանը հիշեց ձվերի պատմությունը։

Սա հիրավի պատմական արդարության վերականգնում է Սերժ Սարգսյանի ձեռամբ, քանզի Գեղամյանն այն ժամանակ (կարող եք չկասկածել՝ Սարգսյանի «պասով») Ռոբերտ Քոչարյանի դեմ էր աշխատում, իսկ Սերժին անդրադառնում էր «կոնսպիրացիան» և հաճախորդությունը չբացահայտելու համար։ Հիմա արդեն ձևականությունների փուլն անցել է և Սերժ Սարգսյանի կողքին բացահայտորեն կանգնած են բոլոր նրանք, ովքեր առավոտից–երեկո պայքարել են Քոչարյանի դեմ (Վիկտոր Դալլաքյան, Գեղամյան և այլն) և դրանով իսկ դարձել «ֆուտբոլասեր» ու հուշագրամոլ նախագահի թիմակիցը։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Հայաստանում շատ է շահարկվել «քաղբանտարկյալ» հասկացությունը և արժեզրկվել։ Այդ ամենը հաշվի առնելով՝ լրագրող Վահան Իշխանյանը դիպուկ էր նկատել, որ Բանգլադեշցի Համոն, հիմք ընդունելով մեզանում ձևավորված ստանդարտները, կարող է քաղբանտարկյալ հռչակվել։ Եվ իրոք, ինչու ոչ։ Եթե «Ճուտ» մականունով մեկն է քաղբանտարկյալ դառնում, ինչպես նաև քրեական վարքուբարքով մյուսն է քաղբանտարկյալի անվան տակ համաներմամբ ազատ արձակվում (ըստ ՀԱԿ համակիր Վարդգես Գասպարիի), ապա Բանգլադեշցի Համոն ումի՞ց է պակաս։

Համոն, ըստ հայկական իրողության, դասական քաղբանտարկյալ է, քանզի զոհ գնաց ներիշխանական մթնոլորտի և պատժվեց ոչ թե օրենքի խախտման (նման «մանրուքներին» իշխանական վերնախավում ուշադրություն չեն դարձնում), այլ միգուցե այն պատճառով, որ 2004 թ–ին ձվեր էր նետել Սերժ Սարգսյանի «ընդհատակյա» ընկերոջ՝ Արտաշես Գեղամյանի ուղղությամբ։

Նկատենք, որ Բանգլադեշցի Համոն մի բան գիտեր, երբ ձվեր էր նետում Գեղամյանի ուղղությամբ։ Դա, փաստորեն, քաղաքական ակցիա է եղել ընդդեմ Սերժի հաճախորդների ու կեղծ ընդդիմադիրների, և նպատակ է հետապնդել բացել ժողովրդի աչքերը։ Նա, ամենայն հավանականությամբ, դեռ այն ժամանակվանից ուզում էր ընտրողներին ազատել Սերժ Սարգսյանի լայնախոհությունը, աջակցությունն ու «զրոները» ճաշակած գործչից, սակայն, ավա՜ղ, չկարողացավ ու հիմա տառապանքների մեջ է։

Այս խորագրի վերջին նյութերը