Լրահոս

25.01.2012 17:45


Գործարարի անձնական գրասենյակ. տեղեկացնում է ՊԵԿ-ը

Էլեկտրոնային շփումը խրախուսելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեում էլեկտրոնային հարկ վճարողների համար 2012-ի հունվարի 1-ից գործում է հարկ վճարողների էլեկտրոնային` անձնական գրասենյակը ինչը հարկատուների և հարկային մարմինների միջև օն-լայն շփման կատարելագործում է ենթադրում: Բիզնես-գրասենյակի միջոցով գործարարները կարող են առցանց ռեժիմում տեղեկացված լինել իրենց վճարումների, ծանուցումների, ինչպես նաև հաշվետվությունների ուշացման և վճարումներ չկատարելու վերաբերյալ: ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանի խոսքերով, էլեկտրոնային` անձնական գրասենյակի ներդրումը ևս մեկ քայլ է ուղղված ՊԵԿ-ի և հարկ վճարողների միջև երկխոսության զարգացմանը. «Մեր նպատակն է, որպեսզի ՊԵԿ տեղեկատվական բազան և  հարկ վճարողների կողմից ուղարկված տեղեկություններն անընդհատ թարմացվեն,  ինչը հնարավորություն կտա գործել ոչ թե պատժամիջոցների, այլ ծանուցումների մեխանիզմով: Աստիճանաբար կընդլայնվեն մատուցվող  ծառայությունները, կբարելավվի որակը, որպեսզի հարկ վճարողներն օգտվեն և երկխոսեն կոմիտեի հետ»: Այսպես, էլեկտրոնային գրասենյակը գործարարին նախևառաջ հնարավորություն է ընձեռում առաջինը տեղեկացված լինել ՊԵԿ-ի պաշտոնական կայքում հրապարակված նորություններից, որոնք զետեղվում են անձնական գրասենյակի հենց առաջին բաժնում: Իսկ երկրորդ բաժնում՝ անձնագրային տվյալներն են. գործարարն օն-լայն կարող է տեսնել իր ղեկավարած կազմակերպության վերաբերյալ բոլոր այն տվայները որոնք առկա են «Հարկատու-3» համակարգում: Դրանք են` գործունեության հասցեները, բանկային հաշիվները, տնօրենի և հաշվապահի մասին, գործունեության ոլորտների և առկա լիցենզիաների, ինչպես նաև դրանց կարգավիճակների վերաբերյալ տեղեկությունները, գրանցված օբյեկտները և ՀԴՄ-ները կրկին իրենց կարգավիճակներով։ Ընդ որում, էլեկտրոնային հարկ վճարողը ոչ միայն կարող է ստուգել այս տվյալների ճշտությունն, այլև անճշտություն հայտնաբերելու դեպքում տեղեկացնել հարկային մարմիններին: Վճարման անդորրագրերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը գործարարը կարող է տեսնել էլեկտրոնային գրասենյակի երրորդ բաժնում: Այստեղ նա տեղեկություն կարող է  փնտրել ինչպես ժամանակահատվածի միջակայքում, այնպես էլ ստույգ ամսաթվով, ինչը հնարավորություն է տալիս համոզվելու, որ ոչ մի սխալ տեղի չի ունեցել և  վճարումն ըստ նշանակության է հասել: Գործում է նաև ծանուցման համակարգը. հարկ վճարողին ուղարկված` չներկայացված հաշվետվություների, չմարված պարտավորությունների, ինչպես նաև համադրման արդյունքների մասին բոլոր ծանուցումները ներկայացված են չորրորդ բաժնում: Ընդ որում, ծանուցումները վայրկյանների ընթացքում են հայտնվում գործարարի անձնական գրասենյակում, քանի որ ձևավորվում և ուղարկվում են էլեկտրոնային համակարգի կողմից։ Անձնական գրասենյակ ունեցող գործարարները հնարավորություն ունեն նաև տեղեկություններ ստանալ իրենց բիզնես-գործընկերոջ վերաբերյալ. արդյոք այդպիսի հարկ վճարող գրանցված է ՊԵԿ տեղեկատվական բազայում, թե ոչ: Հարկ վճարողների բաժնում նա կարող է փնտրել կոնկրետ կազմակերպության վերաբերյալ համառոտ տեղեկություններ. հարկ վճարողի հաշվառման համարը, անվանումը, տեսչությունը, հասցեն և գործունեության ոլորտը: Գործարարի անձնական գրասենյակի արդյունավետությունն առաջինը գնահատում են հենց Էլեկտրոնային հարկ վճարողները. «Հարկատուների համար անձնական գրասենյակը մեծ առավելություն ունի այն առումով, որ շատ արագ և ավելի հեշտ, միևնույն ժամանակ հավաստի կարող ենք իմանալ մեզ անհրաժեշտ տեղեկությունները, նորություններն ու փոփոխությունները»,-վստահեցրել է «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի գլխավոր հաշվապահ Նվարդ Անանյանը: Իսկ «Ամերիա աուդիտ» ՓԲԸ խորհրդատվական ծառայության ղեկավար ՍամվելԴանիելյանը նկատում է, որ անձնական գրասենյակի միջոցով նվազագույնի է հասցվում ՊԵԿ-հարկատու շփումը: Ի դեպ, անձնական գրասենյակն առաջիկայում կհամալրվի ևս մի քանի նորույթներով: Ըստ  տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի, գործարարը հնարավորություն կունենա օն-լայն ռեժիմով դիտել անձնական հաշվի քարտի շարժը, ինչպես նաև հենց անձնական գրասենյակից իրականացնել էլեկտրոնային վճարումներ: «Մենք հակված ենք մեկ կետից` էլեկտրոնային եղանակով շփվել հարկ վճարողների հետ»,-ընդգծել է Միքայել Փաշայանը: Գործարարի անձնական գրասենյակի կիրառմամբ ՊԵԿ-հարկատու էլեկտրոնային շփումը տեղափոխվում է որակական նոր հարթություն: ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը