Տնտեսական

31.01.2012 17:10


Կառավարության հերթական փուչիկները

Կառավարության հերթական փուչիկները

Վերջերս տեղեկատվություն տարածվեց, որ Հայաստանում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ պետական և մասնավոր կառույցներից ձևավորվելու է արդյունաբերական բարձրագույն խորհուրդ: Խորհրդի նպատակն արտահանմանն ուղղված արդյունաբերության զարգացումն է լինելու: Այս տեղեկատվությունը խիստ տարօրինակ է հնչում հատկապես մարզերում օր օրի աճող աղքատության մակարդակի և գործարարների համատարած դժգոհության ֆոնին: Ավերված տնտեսական ենթակառուցվածքներ ունեցող Գյումրիում կարծում են, որ կառավարությունը հերթական անգամ գործ անելու փոխարեն տարատեսակ խորհուրդներ ստեղծելով է զբաղված: Շիրակի մրցունակության կենտրոնի տնօրեն Գայանե Ավագյանի համար անհասկանալի է՝ ինչպես է խորհուրդը խրախուսելու արտահանմանն ուղղված արտադրությունը.

–Երևի սա այն խորհուրդներից է, որոնք վերջերս անընդհատ ստեղծվում են: Իմ անձնական կարծիքն այն է, որ այդ խորհուրդը ոչ մի բան չի փոխելու, բացի խորհրդի անդամներին քաղաքացիների տված հարկերից աշխատավարձեր վճարելուց։

Փոխարենը Շիրակի մարզպետարանից պաշտոնապես հայտնում են, որ մարզում կառավարության ջանքերի շնորհիվ անցած տարի գրանցվել է 60 տոկոսանոց տնտեսական աճ: Սակայն չեն կարողանում հստակ բացատրել՝ այդ աստղաբաշխական աճն ինչպես է անդրադարձել գյումրեցիների և մարզի մյուս բնակիչների վրա: Արտադրությամբ զբաղվող գործարարներն էլ ահազանգում են, որ վերջին տարիներին իրենց արտադրության ծավալները հետևողականորեն անկում են ապրել:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը