Լրահոս

11.05.2009 19:23


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին և «British Council»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանին։
Դեսպան Չարլզ Լոնսդեյլը ՀՀ վարչապետին է ներկայացրել Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի կողմից Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ֆինանսավորմամբ իրականացվող EU skills ծրագիրը, որն ուղղված է եվրոպական ինտեգրման գործընթացում պետական համակարգի աշխատողների և գործիչների հմտությունների բարձրացմանը և փորձի փոխանակմանը։ Ծրագիրը միաժամանակ իրականացվում է Հարավային Կովկասի երեք երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում և նպատակ ունի նպաստել Եվրոպական հարեւանության քաղաքականության իրականացմանն ու պարտավորությունների արդյունավետ կատարմանը։ Ըստ դեսպանի, այս ծրագրի մեկնարկի ճիշտ ժամանակն է, որին կհաջորդի կարիքների գնահատումը, ինչի համար ակնկալվում է ՀՀ կառավարության աջակցությունը։
Զրույցի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ծրագիրը շատ հետաքրքրիր է, թիրախները լավ են ընտրված։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է կազմակերպել դասընթացներ, որոնք կանցկացնեն Եվրոպայից, այդ թվում Միացյալ Թագավորությունից հրավիրված փորձագետները։ Շահառու կառույցների ներկայացուցիչների հետ նախնական պայմանավորվածության համաձայն՝ կարևորվում են հատկապես կառավարում, զեկույցների պատրաստում, մոնիտորինգ և գնահատման հմտություններ, ինչպես նաև հասարակայնության հետ կապեր և լրատվամիջոցների կառավարում բնագավառները։

 

Այս խորագրի վերջին նյութերը