Մեկնաբանություն

13.02.2012 14:05


Քաղաքակիրթ ապահարզան

Քաղաքակիրթ ապահարզան

Ինչպես հայտնի է, մեկ տարի առաջ իշխանական կոալիցիայի ներկայացուցիչները ստորագրեցին կոալիցիոն նոր հուշագիր։ Հուշագրում այդ մասնավորապես նշված էր, թե ՀՀԿ–ն, ԲՀԿ–ն ու ՕԵԿ–ը չեն փորձելու 2012–ի խորհրդարանական ընտրություններում միմյանց հաշվին փոխել ուժերի ներկայիս հարաբերակցությունը, իսկ 2013ի նախագահական ընտրություններում էլ միասնաբար սատարելու են գործող նախագահին։

Կոալիցիոն նոր հուշագիրն, ակնհայտորեն, ձեռնտու չէր Գագիկ Ծառուկյանին, բայց տվյալ պահին իրավիճակը սթափ գնահատելով և ռազմավարական շահերից ելնելով՝ ԲՀԿ–ն գնաց մարտավարական զիջման, և ստորագրեց այդ հուշագիրը։

Նկատենք, որ կարճաժամկետ նահանջի գնալով՝ ԲՀԿ–ն ուժերը ճիշտ բաշխելու և երկարաժամկետում կորցրածը հետ բերելու հստակ նպատակ ուներ։ Ժամանակը ցույց տվեց, որ ամեն ինչ հենց այդ ուղղությամբ էլ զարգանում է։ Երկրում տիրող սոցիալ–տնտեսական վիճակի վատացման հետևանքով ՀՀԿ վարկանիշի շարունակական նվազեցումը, իսկ ԲՀԿ–ի կողմնակիցների աճը և այդ ուժի քաղաքական կշռի ավելացումը թույլ տվեցին շտկումներ մտցել իրավիճակում և, փաստացի, պատռել 2011–ի փետրվարի 17–ին ստորագրված կոալիցիոն նոր հուշագիրը, որը փաստաթուղթ էր անհամաձայնությունների, այլ ոչ թե գործընկերային հարաբերությունների մասին։

Ինքնուրույն քաղաքական գործոն մնալու հստակ ծրագրով առաջնորդվող և վարվող տնտեսական քաղաքականության հետ անհամաձայնություն ունեցող ԲՀԿ նախագահը, հուշագրի ստորագրումից շատ չանցած, հայտարարեց, թե Սերժ Սարգսյանին սատարել–չսատարելու հարցը պետք է թողնել «հաջորդ դասին» և դրան անդրադառնալ միայն խորհրդարանական ընտրություններից հետո։ ԲՀԿ առաջնորդի ասածն այն էր, թե վաղ է խոսել նախագահական ընտրություններում իշխանության միասնական թեկնածուի մասին, քանի դեռ հասարակությունը չի որոշել, թե ինչպիսի պատկեր պետք է ունենալ ԱԺ–ում։ Բացի այդ՝ Ծառուկյանը հստակ հայտարարեց, որ խորհրդարանական ընտրություններին պատրաստվում է մասնակցել առանձին։

Գագիկ Ծառուկյանի այդ հայտարարությունները հունից հանեցին Սերժ Սարգսյանին ու իր երիտշրջապատին։ Սերժատու մամուլում սկսեցին լուրեր տարածվել, թե կոալիցիոն նոր հուշագիր է ստորագրվելու և ԲՀԿ–ին պարտադրվելու է միասնական ցուցակով մասնակցել ընտրություններին։ Ս. Սարգսյանի ու «ազատ, բայց սերժատու» մամուլի ցանկությունները, սակայն, մնացին լոկ ցանկություններ, քանի որ ԲՀԿ–ն չփոխեց իր դիրքորոշումը՝ ԱԺ ընտրություններին մասնակցել առանձին ցուցակով։

Այսօր տարածված կոալիցիոն ուժերի հայտարարությունը, ըստ որի՝ կողմերը որոշել են ԱԺ գալիք ընտրություններին մասնակցել առանձին, դե ֆակտո ազդարարեց մեկ տարի առաջ ստորագրված կոալիցիոն հուշագրի գոյության դադարեցման մասին։ Ասել է թե՝ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը քաղաքակիրթ ձևով քաղաքական ապահարզան ստորագրեցին։ Իսկ ապահարզան էր կոալիցիոն ուժերի այսօրվա հայտարարությունն այն պարզ պատճառով, որ եթե կողմերը հայտարարում են ընտրություններին առանձին մասնակցելու մասին, ապա դա նշանակում է, որ առ ոչինչ են դառնում նախորդ տարի ստորագրված հուշագրում ամրագրված դրույթներն այն մասին, թե կոալիցիոն կուսակցությունները պարտավորվում են չփոխել ուժերի ներկայիս հարաբերակցությունը խորհրդարանում։ Դա հնարավոր կլիներ միայն այն դեպքում, եթե ՀՀԿ–ն, ԲՀԿ–ն և ՕԵԿ–ը միասնական ցուցակով մասնակցեին ընտրություններին։ Այժմ նման բան չկա։ Սերժի թիմը չհասավ դրան։ Նոր ԱԺ–ում ուժերի հարաբերակցությունը որոշելու է ընտրողը, իսկ ընտրողը հաստատ փոխելու է այն։

Մեզ մնում է միայն արձանագրել, որ Գագիկ Ծառուկյանը  կուլիսային ու հրապարակային պայքարում հաղթեց Բաղրամյան 26–ին և թույլ չտվեց ոտնձգություն իր ինքնուրույնության նկատմամբ։ Հիմա արդեն ամեն ինչ կախված է լինելու քաղաքական պայքարից, հասարակական ակտիվությունից և այն բանից, թե քաղաքական ուժերն ինչպիսի ծրագրեր կառաջարկեն ընտրողին և թե ինչպիսի թիմով հանդես կգան։  

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը