Քաղաքական

21.02.2012 12:07


Վահան Հովհաննիսյանը մեկնաբանել է ՀՅԴ–ական Աղաբեկյանի պահվածքը

Վահան Հովհաննիսյանը մեկնաբանել է ՀՅԴ–ական Աղաբեկյանի պահվածքը

Այս շաբաթ տեղի ունեցած՝ Երկրապահ կամավորականների միության համագումարի ժամանակ նախագահությունում նստած էր նաև ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ վարչության անդամ Արթուր Աղաբեկյանը։ Այդ համագումարում գեներալ Մանվել Գրիգորյանը հայտարարեց՝ ԵԿՄ-ն ստարում է Սերժ Սարգսյանին նրա բոլոր նախաձեռնություններում:

Դաշնակցական Արթուր Աղաբեյանի ներկայությունն ու ԵԿՄ–ում հնչեցված հայտարարությունը «7օր»–ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։

–Արթուր Աղաբեկյանն այդ հայտարարության մասնակիցը չի եղել։ Պարզ չէ՞, որ կան ԵԿՄ անդամ բազմաթիվ դաշնակցականներ, ովքեր  մասնակցել են Հայաստանի ու Արցախի սահմանների պաշտպանությանը, և նրանք ԵԿՄ–ի մեջ են որպես հասարակակա՛ն կազմակերպության անդամ, այլ ոչ թե՝ քաղաքական։ Կամավորների այդ միության կանոնադրությունն արգելում է ընդհանրապես խառնվել քաղաքականությանը։ Հիմա այդ հայտարարությունը դիտարկել որպես քաղաքականությանը միջամտություն, թե ոչ, թող արդեն դատեն լրագրողներն ու հասարակությունը։ Բայց պետք է հիշեցնել նաև, որ երկրապահ կամավորականների մեջ կան Հայ ազգային կոնգրեսի բազմաթիվ կողմնակիցներ ևս։ Չեմ կարծում, որ այդ հայտարարությունը եղել է նրանց հետ համաձայնեցված։ Կարծում եմ, որ երկրապահներն ինչքան քիչ միջամտեն քաղաքականությանը, այնքան մեր հասարակության համար լավ կլինի,–ասել է Վահան Հովհաննիսյանը։

ՀՅԴ խմբակցության ղեկավարն ընդգծել է նաև, որ թեև ԵԿՄ–ի մեջ առանձին դաշնակցականներ կան, սակայն իրենց կուսակցությունը ԵԿՄ–ի մասնակիցը չէ.

–Այդ դաշնակցականները՝ առանձնաբար կամ որպես կուսակցություն, բնականաբար չե՛ն պաշտպանում այսօրվա իշխանությունների քաղաքականությունը, չե՛ն սատարում, չե՛ն ողջունում, կողքը չե՛ն կանգնում, և այլն, և այլն։ Այսինքն՝ այն հայտարարությունները, որ արվում են, մեզ չեն վերաբերում։

Ինչ վերաբերում է այսօր մամուլում տեղ գտած տեղեկատվությանը, թե մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ խմբակցության անդամ Արայիկ Գրիգորյանն ընտրողին ներկայանալու է որպես անկուսակցական թեկնածու և արդեն իսկ սկսել է աշխատել ՀՀԿ-ի համար, Վահան Հովհաննիսյանն ասել է.

–Ես նման ինֆորմացիա չունեմ, դրա համար ավելի լավ է՝ պարզեք Արայիկ Գրիգորյանից, բայց չեմ կարծում, որ նա նման բան հայտարարած լինի։ Երևի ասեկոսեներ են։ Չգիտեմ, ճիշտն ասած, չեմ զբաղվել այդ հարցով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը