Մեկնաբանություն

22.02.2012 00:04


Ով և ինչու է սատարում Սերժ Սարգսյանին

Ով և ինչու է սատարում Սերժ Սարգսյանին

Ուշագրավ մի օրինաչափություն է նկատվում 2008–ի նախագահական ընտրություններից հետո։ Նրանք, ովքեր մինչև այդ պայքարում էին Սերժ Սարգսյանի դեմ, այսօր դարձել են նրա շրջապատը ներկայացնող մարդիկ և սազն առած գովերգում են հուշագրերի մեծ սիրահարին, իսկ նրանք, ովքեր տարիներ շարունակ եղել են Սերժ Սարգսյանի ընկերները, կանգնել են նրա կողքին և օգնել կարիերային աճ ունենալ ու ի վերջո նախագահ դառնալ, այսօր Սերժի հետ չեն։ Ասել է թե՝ Սերժ Սարգսյանը հիմա դարձել է օտարների մեջ յուրային, իսկ յուրայինների մեջ՝ օտար։ Նկատենք, որ դա բացառապես Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ է տեղի ունեցել։ Պատճառն այն է, որ նախագահը չի ընդունում գործընկերային հարաբերություններ, այլ նախընտրում է գործ ունենալ հաճախորդների, «դատարկ դհոլների» և սեփական «ես»–ը կորցրած մարդկանց հետ։

Զրոներով շրջապատված լինելու և քաղաքական դաշտում միայն ժողգործիքներ տեսնելու ցանկությունն է նաև պատճառը, որ նախագահականից կառավարվող  «ազատ, բայց սերժատու» լրատվամիջոցների թիրախը Սերժ Սարգսյանին իշխանության բերած նախկին ընկերներն են ու կոալիցիոն «թիմակից» ԲՀԿ–ն։ Սարգսյանը շատ լավ գիտի, որ, պատկերավոր ասած, հաճախորդների ատամները կարող է հեշտությամբ հաշվել, իսկ ահա նախկին ընկերներինը և ԲՀԿ–ինը՝ ոչ, դրա համար էլ կատաղի պայքար է մղում վերջիններիս դեմ։

Ու՞մ հույսին է Սերժ Սարգսյանը

Արտաշես Գեղամյան, Արթուր Բաղդասարյան, Մանվել Գրիգորյան, Արամ Զավենի Սարգսյան ... այս մարդիկ նորանկախ Հայաստանի պատմության այս կամ այն փուլում հրապարակավ կամ կուլիսներում հայհոյանքների տարափ են տեղացել Սերժ Սարգսյանի հասցեին ու պայքարել նրա դեմ, սակայն այժմ սատարում են «ֆուտբոլասեր» նախագահին։

Արտաշես Գեղամյան

Մինչև 2008 թվականը «Ազգային միաբանություն» կուսակցության  առաջնորդի ցանկացած ելույթի մեջ հեշտությամբ կարելի է գտնել սարսափելի մեղադրանքներ, որոնք հնչեցվել են Սերժ Սարգսյանի հասցեին։ Գեղամյանը հեռուստաեթերից ու թերթերի էջերից լուտանքներ էր թափում Պաշտպանության նախարար աշխատող Սարգսյանի հասցեին։ Բանը հասավ այնտեղ, որ Սերժ Սարգսյանը 2003–ի նախագահական ընտրություններից հետո Մամիկոնիչին «դատարկ դհոլ» անվանեց։ Թե ինչ եղավ հետո, բոլորին հայտնի է։

Երեկվա թշնամիներն այսօր իրար «պաչ–պռոշտի» են անում։ Նույնիսկ խոսվում է այն մասին, որ Գեղամյանը կարող է իր ներկայությամբ զարդարել ՀՀԿ–ի նախընտրական ցուցակը։ Կողմերն, ինչպես ասում են, իրար արժեն։

Արթուր Բաղդասարյան

ՕԵԿ–ի ստեղծման առաջին իսկ օրվանից խոսվել է այն մասին, որ կուսակցության կնքահայրը Սերժ Սարգսյանն է, սակայն Արթուր Բաղդասարյանը հերքում էր դա։ Տվյալ դեպքում էական չէ, թե որքանով էին ճիշտ այդ խոսակցությունները. մարդու վերջը բարի լինի։ Իսկ վերջը, ինչպես հայտնի է, հեչ էլ բարի չէր Բաղդասարյանի համար։

ՕԵԿ առաջնորդը լավ կարիերա արեց ու հաջողացրեց դառնալ ԱԺ նախագահ։ Հետո Արթուրի ախորժակը բացվեց ու նա աչքը տնկեց Բաղրամյան 26–ի ուղղությամբ։ 2008–ի նախագահականի ժամանակ ՕԵԿ առաջնորդը բոլոր հնարավոր մեղքերի մեջ մեղադրում էր իր մրցակից Սերժ Սարգսյանին։ Թե ինչ եղավ հետո, պատմելու կարիք չկա։ Միայն արձանագրենք, որ Բաղդասարյանը ստանձնեց ԱԽՔ–ի պաշտոնը և այսօր Գեղամյանից ոչ պակաս է քծնում Սարգսյանին, բայց, չնայած այդ ամենին, ՀՀԿ–ի ցուցակում մենք Բաղդասարյանին, ի տարբերություն Գեղամյանի, դժվար թե տեսնենք։

Փաստորեն, չկա արդարություն այս կյանքում. ով ԱԽՔ դառնա, ով գնա ՀՀԿ–ի ցուցակ։

Մանվել Գրիգորյան

 Ծանր տրանսպորտային միջոցների նախկին վարորդն ու ներկայիս գեներալն այն մարդկանցից էր, ով  հոկտեմբերի 27–ի դեպքերից հետո ՀՀԿ–ի հետ միասին պահանջում էր այն ժամանակվա ԱԱԾ ղեկավար Սերժ Սարգսյանի հրաժարականը։

Մանվել Գրիգորյանը Սերժ Սարգսյանի դեմ էր աշխատում նաև 2008–ի նախագահական ընտրությունների ժամանակ։ Երկրապահներն այն աստիճանի էին դեմ դուրս եկել Սարգսյանին, որ վերջինս, նախագահականում հայտնվելուց հետո, բացասաբար արտահայտվեց Մ. Գրիգորյանի հասցեին։ Դրանից հետո անցան օրեր ու տարիներ։ Կողմերը լեզու գտան։ ԵԿՄ վերջին համագումարում Մանվել Գրիգորյանը հայտարարեց, որ սատարում է Սերժ Սարգսյանին, քանի որ իրենք մարտական ընկերներ են, իսկ Սերժ Սարգսյանն էլ այնպիսի ելույթ ունեցավ, ասես ոչինչ չէր եղել։

Հիմա հարց է առաջանում. բա ինչու՞ Մանվել Գրիգորյանն ու իր գլխավորած կառույցը սատարման հայտարարություն չէին ընդունում 2008–ի նախագահականի ժամանակ։ Թե՞ այն օրերին Սերժ Սարգսյանը մարտական ընկեր չէր, իսկ այժմ հանկարծ ու դարձավ այդպիսին։

Բա ինչու՞ 2008–ի նախագահական ընտրություններից առաջ գեներալ Մանվելը համագումար չարեց ու չասեց, թե պատրաստ է մեռնել Սարգսյանի հրամանով, քանի որ կռվի ժամանակ կատարել է նրա հրամանները։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները բոլորը, այդ թվում ու նախևառաջ Մանվելն ու Սերժը գիտեն, բայց դե ներքաղաքական կյանքում «մարտական ընկերն» արդեն բիզնես կատեգորիայի է վերածվել և հարցերն ու պատասխաններն ավելորդ են դարձել։

Արամ Սարգսյան

Սա առանձին դեպք է։ Ֆորմալ տեսակետից՝ Արամ Զավենի Սարգսյանը շարունակում է ընդդիմադիր լինել Սերժ Սարգսյանին, բայց երբ վերլուծում ես ՀԱԿ անդամ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդի քայլերն ու ելույթները՝ պարզ է դառնում, որ գործ ունենք շարքային հաճախորդի հետ, ով Ա. Գեղամյանից, Ա. Բաղդասարյանից կամ Մ. Գրիգորյանից գրեթե չի տարբերվում։ Արամի միակ տարբերությունը վերը նշված երեքից այն է, որ նրանք բացահայտ են սատարում Սերժ Սարգսյանին, իսկ ինքը՝ առայժմ «տակից»՝ սերժատու լրատվամիջոցներին օպերատիվ կարգով հարցազրույցներ տալով։

Ամփոփենք

Սերժ Սարգսյանն իրեն ինքնավստահ է զգում միայն այն ժամանակ, երբ շրջապատված է լինում ինքնուրույնությունից զուրկ ֆիգուրներով ու գեղամյանատիպ հաճախորդներով։  Քաղաքական հարաբերությունների հաճախորդացումը և առևտրականացումը միակ տարբերակն է, որի օգնությամբ Սարգսյանը փորձում է կառուցել «մեկ ազգ, մեկ օլիգարխ, մեկ տիրացու, մեկ փեսա» համակարգ, ինչը նախաձեռնող նախագահի «իդեա–ֆիքսն» է։

Ինչ վերաբերում է Սերժի հաճախորդներին, ապա նրանց այսօրվա պահվածքը հասկանալի է։ Նրանք այլևս Սերժի սեփականությունն են դարձել և պետք է անեն այն, ինչ կասի սեփականատերը։ Ուրիշ ճար չունեն։

Եթե ուշադրություն եք դարձրել՝ Սերժ Սարգսյանին անվերապահորեն աջակցում են բոլոր նրանք, ովքեր ծայրահեղ մարգինալներ են և այլ տարբերակ, քան շուրաբալագանովյան ոճով սեփական գոյությունը քաղաքական դաշտում քարշ տալը չունեն։ Եվ հակառակը՝ բոլոր նրանք, ովքեր նույնիսկ փոքր չափի ինքնուրույնություն և արժանապատվություն ունեն՝ Սերժ Սարգսյանին սատարելու հարցը ուղարկում են «Սուրոյենց կտուր»։

Խոսքս, անշուշտ, չի վերաբերում ՀՀԿ–ին։ Հանրապետականները Սարգսյանին սատարում են, այսպես ասած, «ի պաշտոնե»։ Սեփական «ես»–ն ունեցող որևէ այլ ուժ մտադիր չէ պաշտպանել նրան։ Ոչ մեկը չի ուզում արժանանալ ՕԵԿ–ի ճակատագրին։ Բոլորն էլ հասկանում են, որ Սարգսյանից պետք է հեռու մնալ։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը