Մեկնաբանություն

24.02.2012 19:52


Մաշտոցի պուրակը և Բաղրամյան 26–ի «ականջները»

Մաշտոցի պուրակը և Բաղրամյան 26–ի «ականջները»

Լավ է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ապամոնտաժեց  մայրաքաղաքի Աբովյան փողոցի մայթերի վրա տեղակայված «բուտիկները», բայց վատ է, որ որոշում կայացվեց դրանք  տեղափոխել Մաշտոցի պուրակ։ Փոխարենն այդ տարածքը բարեկարգելու և կանաչ գոտու վերածելու՝ բետոնապատում է իրականացվում, ինչը սխալ է։

Լավ է, որ երիտասարդ բնապահպանները կռիվ են տալիս կանաչ տարածքների համար, բայց վատ է, երբ, օրինակ, Մաշտոցի պուրակի պահպանման ու բնությունը մաքուր պահելու համար սեփական «աչոկներն» են փորձում հավաքել և բնապահպանների պայքարին «վեննա» մտնել ամբողջ հեռուստաեթերի «էկոլոգիան» կեղտոտած որոշ դեմքեր։ Շատ հեշտ է անշառ թեմայով պայքարի ելնել, մանավանդ երբ «պայքարն» այդ ոմանց համար արտոնված է ամենաբարձր մակարդակով։

Լավ է, որ ծառերի համար ահագին կռիվ տվող կա, բայց վատ է, որ, օրինակ, մարդ սպանելու պատվիրատուի հետ ժպտադեմ նկարվող ու սեփական PR–ն ա՛յդ կերպ անող վարչապետի դեմ «մտավորականները» ելույթներ չունեցան ու չասեցին, թե այս ի՞նչ «մեսիջ» եք հղում հանրությանը և մի՞թե մեր հասարակության հերոսը մարդու կյանք խլողն է, որ շտապել եք այդպես գրկախառնված պատկերվել «ֆեյսբուքների» տարածքներում, պարո՛ն վարչապետ։  

Լավ է, որ բնապահպանական կազմակերպությունները և քաղաքացիական նախաձեռնություններով հանդես եկող սուբյեկտները կռիվ են տալիս Թեղուտի, Սյունիքի մարզի գյուղի, Երևանի կանաչապատ մի փոքր հատվածի համար, բայց վատ է, երբ որևէ մեկի ձայնը չլսվեց այն ժամանակ, երբ, օրինակ, «դրայվեր» քաղաքապետ Կարեն Կարապետյանը ձորում հսկայական ռեստորան էր սարքում՝ բնականաբար բնության հաշվին։

Լավ է, որ ՀՀ ակտիվ քաղաքացիները ձգտում են ունենալ կանաչապատ քաղաք և դրա համար դուրս են գալիս պայքարի, բայց վատ է, երբ այդ պայքարն օգտագործվում է, ասենք, նախագահական նստավայրի կողմից՝ այս կամ այն մարդու դեմ «մուտիլովկաներ» անելու նպատակով։ Բաղրամյան 26–ի ականջները թաքցնել չի հաջողվում։ «Պրոսպեկտի» ծննդատան տարածքում այնպիսի պալատական մտավորականներ ու արտահաստիքային սազանդարներ են «դոշ» տալիս պուրակի համար, որ ակնհայտ է դառնում ուղղորդող ձեռքի առկայությունը։ Այնպիսի մարդիկ են փողոց դուրս եկել ու քաղաքապետարանի որոշմանը դեմ արտահայտվում, որ ընթացիկ կյանքում հաստատ առանց իշխանության «դաբրոյի» ռիսկ չեն անի լվացվել, բայց արի ու տես, որ արդարության մարտիկներ են դարձել։ Ստանիսլավսկին կասեր՝ չեմ հավատում։ Էդ մարդկանց մենք երբեք չենք տեսել Սերժ Սարգսյանի կամ որևէ չինովնիկի թանին թթու ասելիս, բայց հիմա նրանք ասլան են կտրել, ինչը հուշում է, որ որոշների դեպքում մենք գործ ունենք պատվերով համերգի և պատվերով «էկոլոգիստ» դառնալու հետ։

Մի խոսքով, Մաշտոցի պուրակի համար պայքարում և՛ լավ, և՛ վատ բաներ ի հայտ եկան։ Այսպիսի բաներ։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։  Այս թոհուբոհի մեջ իշխանության որոշակի շրջանակներ ահագին «փչացրեցին» Տարոն Մարգարյանին։ Երևանի նշանակված քաղաքապետին երևի այդ կերպ փորձում էին  հասկացնել, որ իրենք նշանակել են, իրենք էլ կարող են «փչացնել», եթե քաղաքապետն իրենց հուսախաբ անի, իսկ հուսախաբ չանելու համար Տարոնը պետք է ձայներ բերի Սերժ Սարգսյանի գլխավորելիք ցուցակին ու միևնույն ժամանակ հանգիստ վերաբերվի այն թուքումուրին, որը թափվում է իր վրա։

Նկատենք, որ Տարոնի դեմ հակաքարոզչություն իրականացնելով՝ «նախաձեռնողականները» հիմքեր են նախապատրաստում, որպեսզի մի օր էլ նրան դարձնեն անհանդուրժելի և անընդունելի։ Շտապենք հանգստացնել քաղաքապետին. հիմա դեռ անհանդուրժելի դառնալու ժամանակը չէ, այնպես որ հանգիստ կարող եք զբաղվել «բուտիկների» հարցով։

Այս խորագրի վերջին նյութերը