Աշխարհ

28.02.2012 17:19


Կապիտոլիի ցուցահանդեսում կներկայացվեն գաղտնի փաստաթղթեր Հայոց ցեղասպանության վերաբերյալ

Կապիտոլիի ցուցահանդեսում կներկայացվեն գաղտնի փաստաթղթեր Հայոց ցեղասպանության վերաբերյալ

Ինչպես տեղեկացնում է «Regnum»-ը, վկայակոչելով «HaberTurk»-ին, Վատիկանը հրապարակում է իր հին արխիվներում պահված գաղտնի փաստաթղթերը, որոնք հիմնականում ընդգրկում են 400 տարվա պատմություն՝ սկսած 1621-ից: Ամենահին փաստաթուղը 8-րդ դարի է:

Մինչև 2012թ. սեպտեմբերը Կապիտոլիի թանգարանում տեղի կունենա մոտ 100 գաղտնի փաստաթղթերի ցուցահանդես, որտեղ ներկայացված կլինել նաև Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը հաստատող փաստաթղթեր:

Վատիկանի գաղտնի արխիվի պրեֆեկտ եպիսկոպոս Սերժիո Պագանոն հայտարարել է, որ փաստաթղթերը մեծ քանակությամբ տեղեկատվություն են պարունակում հայերի մասին: Խոսելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ եղած փաստաթղթերի մասին՝ Պագանոն ընդգծել է, որ հրապարակված փաստաթղթերը հաստատում են թուրքական բանակի կողմից հայերի հանդեպ իրականացված դաժան խոշտանգումները:

Պագանոն նաև նշել է, որ Հայոց ցեղասպանությունը հաստատող մոտ 100 փաստաթուղթ, այդ թվում՝ թուրքական բանակի գործողությունների գրավոր ապացույցները, տպագրվելու է առանձին գրքով: Նա ներկայացրել է այդ փաստաթղթերից որոշ մի հատված թուրք զինվոր Մուստաֆա Սուլեյմանի վկայությունից. «Մենք մտանք հայկական գյուղ և սպանեցինք բոլորին` չնայելով սեռին և տարիքին: Մեզ հետ եկած քրդերը թալանեցին հայկական տները: Ծեր հայերից շատերը, ինչպես նաև հաշմանդամները թաքնվում էին դպրոցում, որը գտնվում էր քաղաքի կենտրոնում, բայց մենք հրաման ունեինք՝ սպանեցինք և նրանց: Գելիեգուզան գյուղում սպանվել կամ հրկիզվել էր մոտ 800 հայ: Հայր Հովհաննեսի աչքերը հանեցինք, կտրեցինք մորուքը, քիթը և ականջները: Ես ոչ մի երեխայի չեմ սպանել, անգամ երկու երեխայի փրկել եմ: Երեք օր պահել եմ իմ վրանում, բայց մի անգամ երբ ներս մտա, տեսա, որ նրանք անդամահատված են…»:

Պագանոն տեղեկացրել է, որ այդ փաստաթղթերն անզսպելի ցավ և սարսափ են առաջացնում:

«Հայերի նկատմամբ թուրքերի դաժանությունների մասին տեղեկությունները ստիպեցին ինձ ամաչել, որ ես մարդ եմ»,- հայտարարել է եպիսկոպոսը:

 

Այս խորագրի վերջին նյութերը