Լրահոս

14.05.2009 16:19


Ստեփան Գրիգորյան. «Ղարաբաղյան հարցն անպայման պետք է լուծվի Կոսովոյի, Աբխազիայի և Հարավային Օսիայի նախադեպերի ֆոնի վրա»

Ստեփան Գրիգորյան. «Ղարաբաղյան հարցն անպայման պետք է լուծվի Կոսովոյի, Աբխազիայի և Հարավային Օսիայի նախադեպերի ֆոնի վրա»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նշել է, որ համանախագահները, ինչպես նաև հայկական և թուրքական կողմերը Ղարաբաղյան խնդրի կարգավորման նոր բանաձև են հնչեցնում։ Այն է՝ Ղարաբաղյան խնդիրը պետք է լուծվի միջազգային երեք չափանիշների՝ տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման սահմաններում, ինչը դրական է։

-Ղարաբաղյան հարցի լուծման գլխավոր ուղղությունը ոչ մի անգամ նման բանաձևով չի ներկայացվել, և ես դա դրական եմ համարում։ Եվ չեմ բացառում, որ այստեղ դեր խաղաց նաև այդ գործընթացում Թուրքիայի ակտիվությունը,- ասել է նա։

Ս.Գրիգորյանի կարծիքով՝ քանի որ բանակցություններն արդեն իսկ ընթանում են, ճիշտ կլինի, եթե կողմերն անցնեն  խաղաղության պայմանագրի պատրաստման փուլին։ Իսկ Ղարաբաղը միանշանակ պետք է վերադառնա բանակցային գործընթաց։

Նա նաև մտահոգություն է հայտնել, որ ոչ միայն իշխանությունները, այլև հասարակությունը մոռացության են մատնում Կոսովոյի, Աբխազիայի և Հարավային Օսիայի նախադեպերը, մինչդեռ. «Ղարաբաղյան հարցը անպայման պետք է լուծվի հենց այդ նախադեպերի ֆոնի վրա».

- Ի՞նչ կարող են մեզ ասել Արևմտյան երկրները, որոնք ճանաչեցին Կոսովոն։ Թուրքիան ևս, ունենալով Հյուսիսային Կիպրոսի խնդիրը և ճանաչելով Կոսովոն, չի կարող մեզ ասել՝ վերադարձրեք Ղարաբաղը։

Այս խորագրի վերջին նյութերը