Լրահոս

14.05.2009 16:01


«Սերունդ» հայապահպան միավորմը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ

«Սերունդ» հայապահպան միավորմը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին

Մեծարգո պարոն Նախագահ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայ- թուրքական հարաբերությունների վերաբերյալ հայտարարությունները մեր կողմից անպատասխան թողնելը նրան դարձնում է սանձարձակ։ Առանց նախապայմանների հարաբերությունների վերաբերյալ հայկական դիվանագիտության հուսահատ ջանքերը դատապարտված են և դառնում են հայության երկու հատվածների՝ Հայրենիքի և Սփյուռքի պառակտման պատճառ։ Հայ-թուրքական հարաբերությունների համապատկերին մոռացության է տրվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման (այդ թվում և Թուրքիայի կողմից) և դատապարտման գործընթացը։ Նսեմացվում են Արցախյան ազատամարտի մեր ձեռքբերումները, այն դարձնելով հայ-թուրքական հարաբերությունների մանրադրամ։ Հայաստանի Հանրապետության դիվանագիտության «նախաձեռնողականությունը» մտնում է փակուղի։

Հանուն մեր ժողովրդի և պետության արժանապատվության՝ անհրաժեշտ է վերարժեվորել իրավիճակը և արժանի գնահատական հնչեցնել, քանի որ՝

1.      Մեր հայրենիքի յուրաքանչյուր թիզն անգին է և ենթակա չէ որևէ սակարկության։

2.      Սահմանի բացումը նախ և առաջ անհրաժեշտ է Թուրքիային, քանի որ դա անուղղակիորեն բերում է այդ սահմանի «դե յուրե» ճանաչմանը։ Չպետք է մոռանալ, որ առկա հայ-թուրքական սահմանի այն կողմում գտնվում են 20-րդ դարասկզբին նույն Թուրքիայի կողմից բռնազավթված պատմական հայկական շրջանները։

3.      Եթե Հայաստանի Հանրապետության ներկայիս քաղաքական և տնտեսական իրավիճակը  հնարավորություն չի տալիս Հայ-թուրքական հարաբերություններում արդարացի և արժանապատիվ վերջակետ դնել, ապա մեր սերունդը բարոյական իրավունք չունի այդ հնարավորությունից զրկել հաջորդ սերունդներին, վաղվա հզոր ու կայացած Հայոց պետությանը։

4.      Թուրքիային քաղաքակրթությանը մոտեցնելու մեր հիվանդագին ձգտումը հերթական անգամ կործանարար կարող է լինել մեզ համար։

«Սերունդ» հայապահպան միավորում

Այս խորագրի վերջին նյութերը