Լրահոս

07.03.2012 12:25


Կանայք ամենաքիչը ներկայացված են եղել ՀՀ երկրորդ գումարման Ազգային ժողովում

Կանայք ամենաքիչը ներկայացված են եղել ՀՀ երկրորդ գումարման Ազգային ժողովում

Այսօր շատ են խոսում խորհրդարանում կանանց և տղամարդկանց անհավասար ներկայացվածությունից։ «7օր»–ը պարզել է, որ կանայք ամենաքիչը եղել են ՀՀ երկրորդ գումարման Ազգային ժողովում։

Այսպես, օրինակ, ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդում եղել է 8 կին պատգամավոր՝ Թամարա Ալոյան, Ջեմմա Անանյան, Նարինե Բալայան, Անահիտ Բայանդուր, Անահիտ Գևորգյան, Հրանուշ Հակոբյան, Ալինա Հովհաննիսյան, Կարինե Ստեփանյան։

Անկախացման նախաշեմին Հայաստանի առաջին գումարման Գերագույն խորհուրդը 1990թ. կազմավորվեց մեծամասնական ընտրակարգով (260 պատգամավոր), երկու փուլով՝ մայիսի 20-ին և հունիսի 3-ին: Այդ ժամանակ Հայաստանը դեռևս խորհրդային հանրապետություն էր: Նոր խորհրդարանում, որն սկսեց գործել հուլիսի 20-ից, ներկայացված էր երկու քաղաքական ուժ՝ Կոմունիստական կուսակցությունը և Հայոց համազգային շարժումը: Հետագայում խորհրդարանում կազմավորվեցին ՀՀՇ, ՀՌԱԿ, ՀՅԴ, ՀԱԺԿ, ՀԿԿ կուսակցական խմբակցությունները:

ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովում ներկայացված է եղել 11 կին պատգամավոր՝ Ջեմմա Անանյան, Զարուհի Արևշատյան, Անժելա Բակունց, Նանա Թոգոշվիլի, Ջուլիետ Կաժոյան, Հրանուշ Հակոբյան, Շողեր Մաթևոսյան, Ամալյա Պետրոսյան, Նադեժդա Սարգսյան, Գայանե Սարուխանյան, Մարգուշ Վարդանյան։

ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի ընտրությունները (190 պատգամավոր` 150 մեծամասնական և 40 համամասնական ընտրակարգով) տեղի ունեցան 1995թ. հուլիսի 5-ին: Օրենքով սահմանված 5 տոկոսի սահմանագիծը հաղթահարեց 5 կուսակցություն, որոնց միջև տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ. «Հանրապետություն» միավորում՝ 50 տոկոս (20 պատգ.), «Շամիրամ»՝ 20 տոկոս (8 պատգ.), ՀԿԿ՝ 15 տոկոս (6 պատգ.), ԱԺՄ՝ 7,5 տոկոս (3 պատգ.), ԱԻՄ՝ 7,5 տոկոս (3 պատգ.): Ազգային ժողովում ստեղծվեց նաև «Բարեփոխումներ» պատգամավորական խումբը (31 պատգ.): 21 պատգամավոր ընդգրկված չէր որևէ խմբակցության կամ պատգամավորական խմբի կազմում: Հետագայում ձևավորվեց «Երկրապահ» պատգամավորական խումբը (17 պատգ.):

ՀՀ երկրորդ գումարման Ազգային ժողովն ուներ 4 կին պատգամավոր՝ Էմմա Խուդաբաշյան, Հրանուշ Հակոբյան, Հերմինե Նաղդալյան, Ալվարդ Պետրոսյան։

Հայաստանի Հանրապետության երկրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները (131 պատգամավոր՝ 75 մեծամասնական և 56 համամասնական ընտրակարգով) տեղի են ունեցել 1999թ. մայիսի 30-ին: Ըստ ընտրությունների արդյունքների` օրենքով սահմանված հինգ տոկոսի սահմանագիծը հաղթահարել են 6 կուսակցություն և դաշինք՝ «Միասնություն» դաշինք՝ 41,69 տոկոս (29 պատգ.), ՀԿԿ՝ 12,09 տոկոս (8 պատգ.), «Իրավունք և միաբանություն» դաշինք՝ 7,96 տոկոս (6 պատգ.), ՀՅԴ՝ 7,86 տոկոս (5 պատգ.), «Օրինաց երկիր» կուսակցություն՝ 5,28 տոկոս (4 պատգ.), ԱԺՄ՝ 5,17 տոկոս (4 պատգ.): Ազգային ժողովի 129 պատգամավորներից կուսակցական էին 76-ը, անկուսակցական` 53-ը:

ՀՀ երրորդ գումարման ազգային ժողովում եղել է 7 կին պատգամավոր՝ Հռիփսիմե Ավետիսյան, Հեղինե Բիշարյան, Էմմա Խուդաբաշյան, Հրանուշ Հակոբյան, Արմենուհի Հովհաննիսյան, Հերմինե Նաղդալյան, Ալվարդ Պետրոսյան։

ՀՀ երրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները (131 պատգամավոր՝ 75 համամասնական և 56 մեծամասնական ընտրակարգով) տեղի են ունեցել 2003թ. մայիսի 25-ին: Խորհրդարան են անցել 6 կուսակցություն և դաշինք՝ Հայաստանի հանրապետական կուսակցություն՝ 23,66 տոկոս (23 պատգ.), «Արդարություն» դաշինք՝ 13,71 տոկոս (14 պատգ.), «Օրինաց երկիր» կուսակցություն՝ 12,60 տոկոս (12 պատգ.), Հայ հեղափոխական դաշնակցություն՝ 11,45 տոկոս (11 պատգ.), «Ազգային միաբանություն»՝ 8,91 տոկոս (9 պատգ.), Միավորված աշխատանքային կուսակցություն՝ 5,67 տոկոս (6 պատգ.):

ՀՀ չորորդ գումարման Ազգային ժողովի 11 կին պատգամավորներն են՝ Լարիսա Ալավերդյան, Ռուզաննա Առաքելյան, Անահիտ Բախշյան, Լիլիթ Գալստյան, Ալվարդ Պետրոսյան, Գոհար Ենոքյան, Նաիրա Զոհրաբյան, Հերմինե Նաղդալյան, Զարուհի Փոստանջյան, Կարինե Աճեմյան և Հեղինե Բիշարյան։

ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները (131 պատգամավոր՝ 90 համամասնական և 41 մեծամասնական ընտրակարգով) տեղի ունեցան 2007թ. մայիսի 25-ին: Մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ տեղի ունեցան 2007թ. օգոստոսի 26-ին և 2008թ. օգոստոսի 24-ին: ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովում ստեղծվեց պատգամավորական 5 խմբակցություն՝ «Հայաստանի հանրապետական կուսակցություն» (64 պատգ.), «Բարգավաճ Հայաստան» (25 պատգ.), Հայ հեղափոխական դաշնակցություն (16 պատգ.), «Օրինաց երկիր» (8 պատգ.), «Ժառանգություն» (7 պատգ.): Այս խմբակցությունները ստեղծվել են 2007թ. հունիսի 7-ին: Դրանցում ընդգրկված չէ 11 պատգամավոր:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը