Լրահոս

05.04.2012 14:06


Ընտրությունների վերահսկողության միասնական շտաբը կգործի՞

Ընտրությունների վերահսկողության միասնական շտաբը կգործի՞

Այսօրվա ասուլիսին ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը կարևորել է ընտրակեղծիքների դեմ պայքարի դերը՝ համոզմունք հայտնելով, որ ընտրակեղծիքները վտանգում են Հայաստանի ապագան։

Ըստ բանախոսի՝  ընտրակեղծիքները կատարվելու են մի քանի ճանապարհով։ Առաջինը իշխանական լծակները օգտագործելով՝ տարբեր մեթոդներով ընտրողին վախեցնելն է։ Այստեղ Խաչատրյանը կարևորել է մամուլի դերը. ընտրողն իրեն ավելի վստահ է զգում, երբ ընտրատարածքում լրագրող կա՝ տեսախցիկով, ֆոտոխցիկով կամ թեկուզ գրչով։ Երկրորդը ընտրողների ցուցակների միջոցով կեղծիքներն են, երբ ցուցակներում ներառվում են երկրից բացակայող, այլևս Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք.

–Կան կազմակերպված խմբեր՝ կեղծ անձնագրերով, որոնք քվեարկում են այդ մարդկանց փոխարեն։

Վահագն Խաչատրյանն անդրադարձել է քաղաքական ուժերի՝ ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ, «Ժառանգություն», ընտրությունների վերահսկողության համար միասնական շտաբ ստեղծելու մասին հռչակագրին։ Նա հույս է հայտնել, որ հռչակագիրը չի մնա միայն թղթի վրա, և իրական գործողություններ կսկսվեն.

–Կա առնվազն 4 գործողություն, որ պետք է կատարի դիտորդը։ Մեկ մարդու համար դա անելը դժվար է, բայց եթե ամեն մեկը կենտրոնանա մեկ գործառույթի վրա, դիտորդների աշխատանքն ավելի արդյունավետ կդառնա։

Վահագն Խաչատրյանը չի կարողացել պատասխանել այն հարցին, թե արդյոք շտաբի ստեղծման հետ կապված գործողություններն արդեն սկսվե՞լ են՝ պատճառաբանելով նրանով, որ ինքն այդ գործընթացում ներգրավված չէ և զբաղված է իր ընտրատարածքի հետ կապված խնդիրներով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը