Տնտեսական

06.04.2012 14:53


«Մաքուր ջուր»-ը դիմում է դատարան` բողոքարկելու ՀՀ ՏՄՊՊՀ-ի որոշումը

«Մաքուր ջուր»-ը դիմում է դատարան` բողոքարկելու ՀՀ ՏՄՊՊՀ-ի որոշումը

Վերջին օրերին հանրային քննարկումների թիրախում է հայտնվել խմելու ջրի խնդիրը: Կարծիքներն իրարամերժ են, հաճախ` ծայրահեղ սուբյեկտիվ, ընդհուպ մինչև անհատական և խմբային շահերի արտահայտում: Հարկ է նշել, որ շահարկումներն ավելի շատ են, քան բուն խնդրին անդրադառնալը: Բանն այն է, որ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, հետամուտ լինելով խմելու ջրի արտադրությամբ զբաղվող «Էվրի դեյ» ընկերության բողոքին, որը շուկայում ներկայացված է «Բյուրեղ»  և «Ջուր–Ջուր»  ապրանքանիշներով, վարչական վարույթ էր հարուցել «ՄԳԱ Վոթըր» ընկերության նկատմամբ, որը հայտնի է իր «Մաքուր ջուր» ապրանքանիշով:

2012 թվականի մարտի 30–ին կայացած  նիստում ամփոփելով  վարույթի արդյունքները` հանձնաժողովը հայտարարել էր «ՄԳԱ Վոթըր» ընկերության «անբարեխիղճ» մրցակցության,  վերջինիս նկատմամբ առավելագույն պատժամիջոց սահմանելու, ինչպես նաև հնգօրյա ժամկետում խախտումը վերացնելու վերաբերյալ հանձնարարականի մասին:

Հանձնաժողովը հայտարարել էր նաև, որ ընկերությունը շշալցնում է ոչ թե Գառնիի բարձրադիր լեռնային աղբյուրի, այլ Նուբարաշենի տարածքում գտնվող քաղաքային ջրամատակարարման ցանցի ծորակի ջուրը:

Հակոբ Մաթոսյան - «ՄԳԱ Վոթըր» ընկերության փոխտնօրեն. «Իրականում  «ՄԳԱ Վոթըր» ընկերությունը 9 տարի է, ինչ շշալցնում է  Գառնիի աղբյուրների ջուրը, որը խողովակի միջով հոսում է արտադրամաս: Ընկերությունը երբեք սպառողներից չի թաքցրել «Մաքուր ջրի» հումքային ծագումը և հետևողականորեն պատշաճ տեղեկատվություն է տրամադրել»:

Նշենք, որ ընկերությունը հարցով դիմել է Ստանդարտների Ազգային ինստիտուտ, որից ստացել է պաշտոնական պատասխան առ այն, որ Հայաստանում գործող և ոչ մի օրենքում չկա «բնական աղբյուրի խմելու ջուր» հասկացության կոնկրետ ամրագրում: Հետևաբար նման պարագայում հանձնաժողովի կողմից այս բառակապակցության վիճարկումը չունի հիմքեր, այլ միայն հիմնված է անդամների տրամաբանության վրա: Հանձնաժողովը, «ՄԳԱ Վոթըր» ընկերության մասին իր ձևակերպումներում գործածել էր «ստվերային դաշտում աշխատող», «պետությանը խոշոր չափի վնաս հասցնող», «սպառողների իրավունքները ոտնահարող» և այլ արտահայտություններ, որոնք, ընկերության ղեկավարության  հավաստմամբ անհիմն են.

Հակոբ Մաթոսյան  - «ՄԳԱ Վոթըր» ընկերության փոխտնօրեն.                           «Ունենալով ոչ բավարար տեղեկատվություն ջրի մաքրման և շշալցման տեխնոլոգիական գործընթացի մասին, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մասնագետները եկել են անհիմն եզրահանգման` ենթադրելով, որ «ՄԳԱ Վոթըր» ընկերության գործունեության տնտեսության մի մասը ստվերում է: Այսպիսով, նրանք ոչ միայն հանրության աչքերում վարկաբեկում են ընկերությանը, այլև կասկածի տակ են դնում հարկային մարմինների աշխատանքը, որոնք պարբերաբար ստուգումներ են անցկացրել ընկերությունում և նման խախտումներ չեն հայտնաբերել»:

Հատկանշական մեկ փաստ. հանձնաժողովի մասնագետները նույնիսկ հարկ չեն համարել այցելել ընկերության արտադրամաս, չեն ծանոթացել շշալցման բուն գործընթացին, միայն հիմնվել են մրցակից կազմակերպության բողոքի վրա: Հետևաբար զարմանք է հարուցում պետական ծառայողների նման անփույթ վարքագիծը, առավելևս` նրանց արած անհիմն և անպատասխանատու հայտարարությունները: Նման պահվածքով հենց իրենք են խոշոր չափի վնաս հասցնում պետությանը.  պահելով  մրցակից ընկերության կողմը, կատարում են իրենց գործառույթին հակառակ գործառույթ` ստեղծելով անհավասար մրցակցային պայմաններ, նպաստելով տնտեսական դաշտում մենաշնորհային դիրքի առաջացմանը: Եվ վերջապես, լինելով պետական հանձնաժողով, այս կառույցը շահագրգիռ չէ պետության միջազգային վարկանիշի և ներդրումային ֆոնի պահպանման գործում: Հիշեցնենք, որ «ՄԳԱ Վոթըր» ընկերությունը ստեղծված է արտասահմանյան ներդրումների շնորհիվ:

Հակոբ Մաթոսյան  - «ՄԳԱ Վոթըր□ ընկերության փոխտնօրեն. ՄԳԱ Վոթըր» ընկերությունը մտադիր է դիմել դատարան Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշումը բողոքարկելու  հայցով»:

Բարեխիղճ հարկատու լինելուց զատ, «ՄԳԱ Վոթըր»-ը 9 տարի եղել և շարունակում է մնալ բարձր վարկանիշի տեր, սոցիալական ուղղվածություն ունեցող ընկերություն: Ի դեպ, ընկերությունն իր գործունեության 9 տարիների ընթացքում  իրականացրել է բազմաթիվ սոցիալական ծրագրեր` ստեղծելով բազմաթիվ  աշխատատեղեր: Համագործակցելով Միավորված Ազգերի Կազմակերպության մանկական ֆոնդի` Յունիսեֆի հետ, օժանդակում է Հայաստանի Հանրապետության պետական ամենակարիքավոր ծննդատներին:

Հակոբ Մաթոսյան  - «ՄԳԱ Վոթըր» ընկերության փոխտնօրեն. «Այս օրերին մենք ստանում ենք հազարավոր հեռախոսազանգեր մեր սպառողներից: Նրանք պատրաստակամ են նույնիսկ ստորագրահավք կազմակերպել հօգուտ ընկերության վարկանիշի»:

Հայաստանյան բազմաթիվ գործընկերներ վստահում են ընկերության արտադրանքին և հետագայում էլ կշարունակեն լինել նրա կողքին: Մի՞թե սա չի հերքում հանձնաժողովի այն թյուր կարծիքը, որ ոտնահարվում են սպառողների իրավունքները: Վերջում հավելենք, որ հանձնաժողովն իր պահվածքով  ընդամենը խոչնդոտում է բարեխիղճ հարկատուի աշխատանքը, վնասում է Հայաստանի հանրապետության տնտեսական զարգացմանը:

Այս խորագրի վերջին նյութերը