Մեկնաբանություն

11.04.2012 19:11


Խիստ նկատողություն ռեկտորին` գիտնականների հետ հանդիպելու համար

Խիստ նկատողություն ռեկտորին` գիտնականների հետ հանդիպելու համար

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, որը վաղուց աչքի է ընկնում  տարօրինակ եւ նախարարին ոչ վայել պահվածքով, խիստ նկատողություն է հայտարերել  Երեւանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանին: Պաշտոնական պատճառաբանությունն այն է, որ Հայաստանի ամենահեղինակավոր ուսումնական հաստատություններից մեկի ռեկտորը մի քանի օր անհարգելի պատճառներով չի ներկայացել աշխատանքի: Իսկ իրականում, ինչպես հայտարարել է Սուրեն Զոլյանը, նա մասնակցել է Եւրախորհրդի նախարարների խորհրդի կողմից ընտրված «Փոքրամասնությունների կամ տարածաշրջանային լեզուների Եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտեի» նիստին: Ընդ որում, Զոլյանը հենց այս կոմիտեի անդամ է: Ավելին, Խարտիայում հստակ նշված է, որ կառավարությունը չպիտի միջամտի փորձագետի գործունեությանը:

Հավաստի աղբյուրների համաձայն, այս դեպքում Արմեն Աշոտյանը գործում է վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ, իսկ ավելի ճիշտ` հենց նրա հանձնարարությամբ: Բանն այն է, որ կառավարությունը մտադիր է լուծարել Հայաստանի լավագույն բարձրագույն հաստատություններից մեկը եւ այն միացնել Հայկական մանկավարժական համալսարանին, իսկ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի շենքն էլ վաճառել:

Անդրադառնալով Աշոտյանի որոշմանը, Սուրեն Զոլյանը պարզապես ասել է, որ ԿԳ նախարարը ոչնչություն է: Իհարկե, եթե Հայաստանը զարգացման բնականոն ճանապարհի վրա գտնվող երկիր լիներ, ապա նման վարչապետ եւ ԿԳ նախարար չէր ունենա, բայց այսօր ունենք այս իրավիճակը: Եւ բոլորովին էլ պատահական չէ, որ ԿԳ նախարարն օրվա մեծ մասն անցկացնում է սոցիալական ցանցերում, աչքի ընկնելով դեռահասին բնորոշ մեկնաբանություններով եւ հայտարարություններով:

Ի դեպ, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Սուրեն Զոլյանին, Աշոտյանը գրել է, թե վերջին ամիսներին նա աչքի էր ընկնում իր տարօրինակ պահվածքով: Ահա նման մակարդակի տեր ԿԳ նախարար ունենք:

Ի դեպ, եթե Աշոտյանն այդքան շատ է սիրում նկատողություն հայտարարելը, ապա կարող է խիստ նկատողություններ հայտարարել այն դպրոցների եւ ուսումնական հաստատությունների ղեկավարներին, որոնք աշակերտներին, նրանց ծնողներին եւ ուսուցիչներին պարտադրել են մասնակցել Սերժ Սարգսյանի հանդիպմանը էրեբունցիների հետ:

Սուրեն Զոլյանը դիմելու է դատարան, քանի որ ավելի քան համոզված է, որ Աշոտյանը գերազանցել է իր լիազորությունները: Նա ասում է, թե նույն հաջողությամբ Աշոտյանը կարող էր հրամայել իրեն գլխատել կամ աքսորել Լուսին: Ռեկտորը նաեւ ավելացնում է, թե դատաքննության ընթացքում կհրապարակվի այս որոշմանը նախորդած նամակագրությունը եւ ակներեւ կդառնա պարոն Աշոտյանի մտավոր եւ բարոյական մակարդակը, ինչից թող հետեւություններ անեն նրա գործընկերները կառավարությունում եւ կուսակցությունում:

Գևորգ Դավթյան

Այս խորագրի վերջին նյութերը