Քաղաքական

14.04.2012 15:17


Արմեն Ռուստամյան. «Փաստն այն է, որ Ռուբիկ Հակոբյանը գնաց Գալուստ Սահակյանի հետևից»

Արմեն Ռուստամյան. «Փաստն այն է, որ Ռուբիկ Հակոբյանը գնաց Գալուստ Սահակյանի հետևից»

«Երբ որ ինքը խոսում է՝ այլեւս ոչ մեկին չի լսում: Ինքն այնտեղ՝ դահլիճում է եղել, երբ ես  բյուրեղանալու մասին ասել եմ, ինչի՞ մասին է խոսքը: Կամ էդպիսի՞ բաներ ենք իրար երեսի ասել. բոլորն ուղիղ եթերով գնացել է տասնյակ լրագրողների ներկայությամբ: Է՞ս ինչ ձեւ ա: Ռուբիկ Հակոբյանը չի, որ պետք է դասեր տա քաղաքական գործիչ լինել-չլինելու վերաբերյալ՝ հատկապես, որ քաղաքական գործիչ լինելու իր տրամանաբանությունն այն է, որ հասցնես այս ընթացքում ճամբար փոխե՞ս: Ես այդպիսի մարդկանց հետ խոսելու բան չունեմԹող իրենց կենսագրությունը մի լավ վերլուծեն, հետո նոր ուրիշներին դաս տան՝ թե ինչ է նշանակում քաղաքական գործիչ: Իսկ բյուրեղանալ ասելը այն էր՝ թե ով ում հետեւից է գնում: Փաստն այն է, որ Ռուբիկ Հակոբյանը գնաց Գալուստ Սահակյանի հետեւից»,-  Aravot.am-ի  եւ «Ա1+»-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ  Արմեն Ռուսամյանը՝ անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի այն հայտարարությանը, թե  Արմեն Ռուստամյանը «երեւի մոռացել է, որ Դաշնակցության մեջ հետեւից չեն խոսում»:

Հարցին՝ թե մյուս փաստն էլ այն է, որ ՀՅԴ-ն է գնում ԲՀԿ-ի հետ, իսկ ԲՀԿ-ն այս պահին կոալիցիայի մաս է, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն ասել է. «Մենք այսօր պատրաստ ենք  բոլորի հետ գնալու այս խնդիրները լուծելու համար: Նիկոյանը մոնիթորինգի խումբ է հրավիրել եւ բոլորն այնտեղ են: Բա «Ժառանգությունն» ինչո՞ւ այնտեղից դուրս չի գալիս, հարց չե՞ք տալիս իրենց: Մենք գնում ենք, որպեսզի իրենց(իշխանություններին) ստիպենք կատարել մեր պահանջը, եւ իրենք պետք է ստիպված լինեն դա կատարել: Եթե այսպես բաժանենք ճամբարների, ասես՝ եկեք բոլորս լավ ընտրություններ անենք, բայց իրենց առաջ հարցեր չդնես, որոնք նրանք պարտավոր են լուծել, ապա դա աշխատելու ճիշտ եղանակը չի: Սա մեթոդների հարց է: Մենք իրենց ստիպելու ենք, որպեսզի նրանք կամ՝ ընդունեն իրենց սխալները, կամ՝ ասեն՝  կներեք, մենք էստեղ անելիք չունենք, որովհետեւ մենք գնալու ենք շարունակենք կեղծել: Ճիշտ աշխատաձեւը սա է, ոչ թե ամպագորգոռ հայտարարություններ անելը, իրենց թվում է, թե դրանով հա՞րց են լուծելու: Հարց ունես՝ գնա նեղը գցի, բա ընդդիմության խնդիրը իշխանություններին նեղը գցելն է  նաեւ այս ձեւաչափերով: Հանրապետականն ինչո՞ւ դուրս եկավ այդ շտաբից. որովհետեւ տեսավ իրական քայլեր են նախատեսված: Այնտեղ էլ ենք ստիպելու, որ իրական քայլեր կատարեն, կամ խոստովանեն, որ իրենք եկել են պատրանք ստեղծելու: Իրենք ուզում են պատրանք ստեղծեն, մենք էլ պիտի պատռենք իրենց դիմակը, թույլ չտանք, որ պատրանք ստեղծեն: Պետք է պայքարել»:

Չեք կարծում, որ այս ամենակարեւոր փուլում ընդդիմության մեջ դուք մի կողմից՝  ուզում եք միասին փորձել ինչ-որ բան անել հնարավոր ընտրակեղծիքները կանխելու համար, մյուս կողմից՝ երկու ընդդիմադիր կուսակցություններ՝ «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն իրար թիրախ են ընտրել: Aravot.am-ի այս դիտարկմանն ի պատասխան Ռուստամյանն ասել է.

«Այդ հարցն ուղղեք «Ժառանգությանը»: Մե՜նք չենք ձախողում շտաբի աշխատանքները: Իրենք մի շաբաթ առաջ ստորագրում են փաստաթուղթ, որտեղ ԲՀԿ-ն կա, հետո հանկարծ զարմանում են, որ ԲՀԿ-ն կոալիցիոն կուսակցությո՞ւն է»:

Սա ընտրազանգվածի համար կռիվ չի՞, հաշվի առնելով, որ Ձեր երկու կուսակցությունների ընտրազանգվածը մոտավորապես նույնն է:

«Մենք խնդիր չունենք ընտրազանգվածի: Մենք ասում ենք՝ եկեք ձեր քվեն տվեք նրան, ում ուզում եք: Իսկ սա պարզ հարց է, որը վեր է ներկուսակցական խնդիրներից, եւ շատ լավ է, որ այդ քննարկումները եղել են տասնյակ լրագրողների ներկայությամբ, ու բոլորը տեսել են, թե ով է իրեն կառուցողական պահում եւ  ով է եկել շոուներ անելու: Թե՝ ովքե՞ր կարող են վերահսկել տեղամասերում, դա էլ կերեւա: Մեծ-մեծ խոսալով հո չի՞, պետք է կարողանաս 2 հազար տեղամասում առնվազն 2 հազար մարդ ունենաս: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի սա դառնա իսկապես եւս մեկ հնարավորություն՝ ընտրակեղծիքների դեմն առնելու համար եւ  հստակ ասել ենք, թե ինչ խնդիրներ պետք է լուծի այդ միասնական շտաբը եւ ինչ աշխատակարգով: Այդ քայլերն արել ենք նախանձախնդիր կերպով եւ շարունակելու ենք շատ հստակ, կառուցողական այս գործը տանել առաջ, ոչ թե թատերական տեսարաններ ստեղծել»,- հայտարարել է դաշնակցական գործիչը:

Հիմա «4»-ի, այս պահին՝ այլեւս «3»-ի  միասնական շտաբը «բյուրեղացե՞լ» է, թե՞ ոչ: Արմեն Ռուստամյանի ասելով, ինքն այդ բյուրեղանալ բառն ասել է միասնական շտաբի երկու աշխատանքային հանդիպումների արդյունքում, երբ պարզ դարձավ, որ նախ՝ ՀՀԿ-ն հրաժարվեց դրան մասնակցելուց, հետո՝ «Ժառանգությունը», եւ նկատի ունենալով Ռուբեն Հակոբյանին պնդել է.

«Բյուրեղանալ» բառն էլ լավ չի հասկացել: Բյուրեղանալը տեղի է ունենում այն ժամանակ, երբ տարակարծությունները նվազում են: Իսկ որ կային տարակարծություններ՝ բոլորը տեսան: Այսինքն, քաղաքագետները, որոնք մտքի մեծ թռիչք ունեն եւ մարդկանց դասեր են տալիս, պետք է նախ բյուրեղանալը հասկանան ինչ է: Այո, երբ տարակարծությունները պակասում են տեղի է ունենում բյուրեղացում: Թող հանեն այդ տարակարծությունները եւ նորից գան մտնեն այդ բյուրեղի մեջ»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը