Մեկնաբանություն

16.04.2012 15:43


Շարքերը բյուրեղանում են

Շարքերը բյուրեղանում են

Նախընտրական քարոզչության առաջին շաբաթն ահագին հստակություններ մտցրեց քաղաքական դաշտում։ «Կոնսենսուս մինուս ՀՀԿ» պլատֆորմին կամ որ նույնն է՝ ՀՀԿ–ի քաղաքական մենաշնորհի վերացմանը տարբեր դրդապատճառներով կողմ են ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն և ՀԱԿ–ը։

ԲՀԿ–ի մոտեցումները ՀՀԿ–ի մենաշնորհին վերջ դնելու հարցում շատ հստակ ներկայացրել ու մենաշնորհի վերացմանը հաջորդող ճանապարհային քարտեզն է առաջարկել Վարդան Օսկանյանը։

«Խորհրդարանական այս ընտրություններով մենք պետք է կարողանանք լուծել երկու հիմնական խնդիր՝ առաջին՝ խորհրդարանում փոխել քաղաքական իրավիճակը՝ վերացնել մեկ կուսակցության մենաշնորհը և հասնել քաղաքական հակակշիռների:
Երկրորդ` կազմել նոր կառավարություն, որը կունենա հասարակության լայն շերտերի աջակցությունը, կկարողանա իրականացնել խորքային բարեփոխումներ և լուծել ժողովրդի առաջ ծառացած խնդիրները»,–
ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել է նախկին արտգործնախարարը:

ՀՅԴ–ն, իր գաղափարախոսությանը հավատարիմ, դեմ է Սերժ Սարգսյանի վարած արտաքին ու ներքին քաղաքականությանը և հանրությանն է ներկայանում «Ո՛չ քաղաքական մենաշնորհին», «Ո՛չ «ֆուտբոլային» դիվանագիտությանը», «Ո՛չ ապաշնորհ տնտեսական քաղաքականությանը» և «Այո՛ ազգային գաղափարախոսության հենքի վրա գործող նոր իշխանությանը» կարգախոսներով։ Դաշնակցությունը հայտարարում է, որ իշխանության գալու պարագայում ամեն ինչ անելու է, որպեսզի հետ կանչվի Հայաստանի ստորագրությունը հայ–թուրքական տխրահռչակ արձանագրություններից, իսկ սոցիալ–տնտեսական կյանքի վերաբերյալ հանրությանը խոստանում է փորձագիտական հաջող քննություն բռնած ամբողջական սոցիալական փաթեթ։

Նկատենք, որ Վարդան Օսկանյանին իր շարքերն ընդգրկելով և նրան ցուցակի 2–րդ համարը հատկացնելով՝ ԲՀԿ–ն ևս «մեսիջ» հղեց ՀՀ քաղաքացիներին, որ տարանջատվում է  Սերժ Սարգսյանի վարած «նախաձեռնողական» արտաքին քաղաքականությունից։

ՀԱԿ–ը՝ որպես տիտղոսային ընդդիմություն, հանդես է գալիս «Ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին» կարգախոսով, ինչը ևս տեղավորվում է Հայաստանում գործող քաղաքական մենաշնորհը կազմաքանդելու ծրագրում։ Ի պատիվ Լևոն Տեր–Պետրոսյանի՝ նա դադարեցրել է «Եղիազար Այնթապցու» համար «էջմիածնական միաբանություն» անելը։ Դա է պատճառը, որ ՀԱԿ–ը մեր քննադատության թիրախը չէ և դա է պատճառը, որ «միաբանի» վերածված Րաֆֆի Հովհաննիսյանն է այժմ ընկել մեր «դռբի» տակ։ Ասել է թե՝ մեր գիծը չի փոխվել՝ Սերժ Սարգսյանն ու իր արբանյակներն են «7 օրի» հաճախորդները։

«Կոնսենսուս մինուս ՀՀԿ» պլատֆորմին հասկանալի պատճառներով դեմ է ՀՀԿ–ն, որի վարած քարոզչությունը և հատկապես նախընտրական «Հավատանք, որ փոխենք» կարգախոսը բազմաթիվ անեկդոտների անսպառ աղբյուր են դարձել։ Սերժ Սարգսյանը, 2007–ի ընտրությունների պես, մենակ է տանում ընտրարշավը, բայց եթե ԱԺ նախորդ ընտրություններում նա պատրաստվում էր նախագահականին և խնդիր էր դրել խորհրդարանական ընտրությունները վերածել նախագահականի առաջին փուլի, ապա այժմ Սերժը պարզապես մենակ է մնացել և թաղից–թաղ ընկած ձայներ է խնդրում ՀՀԿ գաղափարական առաջամարտիկներ Մհեր Սեդրակյանի, Սամվել Ալեքսանյանի և մյուսների համար։

Ինչ վերաբերում է «Կոնսենսուս մինուս ՀՀԿ»–ի դեմ պայքարին, ապա սերժսարգսյանական թիմը հանդես է գալիս երեք ուժերի միջոցով՝ ՀՀԿ–ի, ՀՀԿ–ի կցորդ ՕԵԿ–ի և ընդդիմադիր դաշտում ներդրված «ական» «Ժառանգության»։ Վերջինիս վրա դրված է Սերժի մենաշնորհը վերացնելուն կողմ ուժերի դեմ հանդես գալը ճիշտ նույն ձևով, ինչպես մի ժամանակ իրեն պահում էր «Ազգային միաբանություն» կուսակցությունը։ Դիտարկելով տարատեսակ ժառանգականների հայտարարությունները՝ կարելի է արձանագրել, որ նրանց վրա դրված է ԲՀԿ–ի դեմ «շավկայություն» անելու ֆունկցիան։ Սերժի նորաթուխ «Արտաշես Գեղամյանն» այս ընտրապայքարում «սարերի քամի» անող Րաֆֆի Հովհաննիսյանն է։ Հետևե՛ք  «ժառանգության»  առաջնորդի բառաֆոնդին ու քաղաքական դիրքորոշմանը և կհամոզվե՛ք դրանում։

Շատ խորհրդանշական և հակասական է ստացվել «Ժառանգության» կարգախոսը։ Նախագահականի թելադրած ցուցակը շալակին մտնելով քարոզարշավ՝ Րաֆֆիի թիմն ընտրել է «Գալի՛ս ենք» կարգախոսը։ Իրականությունն այն է, որ նրանք ոչ թե գալիս են, այլ գնու՛մ են Սերժի խնամու մոտ, իսկ թե որտեղ կհայտնվեն դրանից հետո, Գեղամյանը կիմանա։ «Հայտնվել» ասելով, ի դեպ, տվյալ դեպքում նկատի չունեմ ՀՀԿ–ի ցուցակում հայտնվելը։

Ամփոփենք.

«Ընտրությունների վերահսկման միասնական շտաբի» աշխատանքները լքող Ռուբեն Հակոբյանի հեռանալու առիթով ինչպես դիպուկ նկատեց ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ շարքերը բյուրեղանում են։ Մի կողմում «Կոնսենսուս մինուս ՀՀԿ» պլատֆորմի մեջ մտնող ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն ու ՀԱԿ–ն են, իսկ մյուս կողմում՝ «Կոնսենսուս հանուն ՀՀԿ մենաշնորհի պահպանման» ջատագովներ ՀՀԿ–ն, ՕԵԿ–ը և «Ժառանգությունը»։  Ճիշտ է, ՀԴԿ–ի Արամ Գ. Սարգսյանն էլ է Սերժի դաշտում խաղում, բայց նա այնքան հնամաշ գործիչ է, որ չի կարող որևէ ազդեցություն թողնել իրավիճակի վրա։ ՀԿԿ–ի ու «Միավորված հայերին» իմաստ չունի անդրադառնալը։

Ավելորդ չեմ համարում հատուկ նշել, որ ՕԵԿ–ն այս գործընթացում իրեն ավելի բարոյական է պահում, քան «Ժառանգությունը»։ Արթուր Բաղդասարյանը չի թաքցնում, որ Սերժ Սարգսյանի կցորդն է, և բացահայտորեն հասկացնում է, որ ընդամենն ունի ապագա ԱԺ–ում հայտնվելու խնդիր։ Իսկ ահա Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթներ է ունենում «Երեք նախագահների եռանկյունուց դուրս» թեմայով, սակայն գործում է 3–րդ նախագահի ցածր հովանու ներքո։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ «Ժառանգությունը» վերջերս այցելել էր ՀՀ գյուղական բնակավայրերից մեկը և սարսափահար պարզել, որ այնտեղ իրենց հետ քայլում են նաև ԱԱԾ աշխատակիցներ։ Րաֆֆիի թիմակիցները շտապել էին տիեզերական աղմուկ բարձրացնել համացանցում՝ ցույց տալու համար, թե տեսեք–տեսեք՝ ԱԱԾ–ից մեզ հետևում են։ Ազատիչի ժառանգականները թերևս չեն ընտելացել իրենց նոր կարգավիճակին ու չեն հասկանում, որ պետպատվերի շրջանակներում գործող ուժերը միշտ էլ պաշտպանվում են պետության, տվյալ դեպքում՝ իշխանության կողմից։ Այնպես որ, հարգելի՛ ազատիչներ, մի՛ վախեցեք ԱԱԾ–ի աշխատակիցներից։ Նրանք էլ գոհ չեն, որ պետք է ուղեկցեն ձեզ, բայց դե, գործ է, անում են։

«Ժառանգության» վայնասունն ԱԱԾ–ի մասով ինձ հիշեցրեց «Անորսալի Ջո»–ի մասին անեկդոտը։

Ի դեպ, մի ժամանակ Արտաշես Գեղամյանը հայտարարում էր, թե Սերժն իրեն հետապնդում է և դա է պատճառը, որ ինքը բրոնեժիլետով է ման գալիս։ Հիմա էլ ժառանգականներն են գոռգոռում, թե ԱԱԾ–ն իրենց հետևում է։ Սերժն իր հաճախորդներին տրվող քարոզչական ցուցումները, փաստորեն, չի փոխում։

Այս խորագրի վերջին նյութերը