Լրահոս

17.04.2012 09:42


Դիտորդական խումբը համաձայն չէ ՀՀ արդարադատության նախարարության մեկնաբանության հետ

Դիտորդական խումբը համաձայն չէ ՀՀ արդարադատության նախարարության մեկնաբանության հետ

Սույն թվականի ապրիլի 16-ին ՀՀ ոստիկանության Դիտորդական խումբը լրատվամիջոցներից տեղեկացավ, որ Արդարդատության նախարարությունը պատասխանել է իրենց  02.04.2012թ-ին «Ոստիկանության Ձերբակալվածների պահման վայրերի վերահսկողության դիտորդական խումբն արդարադատության նախարարությանը մեղադրել է ծառայողական քննությունը ամիսներ անց իրականացնելու մեջ>> հրապարակմանը, ներկայացնելով Դիտորդական խմբի 21.11.2011թ-ի №2245/115 գրության հիմքով կատարված ծառայողական քննության արդյունքները:

Գտնում ենք, որ տվյալ հարցի հետ կապված պատասխանը պիտի որ առաջին հերթին ուղարկվեր Դիտորդական խմբին: Իսկ եթե արդարադատության նախարարությունը որոշել է պատասխանել Դիտորդական խմբի լրատվամիջոցներով տարածած հայտարությանը, պետք է անդրադառնար հինգ ամիս ուշացումով ծառայողական քննություն կատարելուն, այլ ոչ թե բողոքի հիմքերին: 

Սակայն այդ հանգամանքն անտեսելով հանդերձ` Դիտորդական խումբը հայտարարում է, որ իր ներկայացրած բողոքին ի պատասխան ստացված հայտարարության հիմքերը հստակ չեն, քանի որ անտեսվել են ՀՀ օրենսդրության  որոշակի պահանջներ:

ՀՀ Արդարադատության նախարարությունը հայտարարության մեջ նշել էր, որ <<Քրեական վարույթն իրականացնող մարմինը 07.10.2010թ. որոշում է կայացրել Արման Հրանտի Խոջայանին  ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին եւ նույն օրը նրա նկատմամբ հայտարարել հետախուզում:

Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 07.10.2010թ. որոշմամբ մեղադրյալ Արման Խոջայանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2 ամիս ժամկետով: 17.09.2011թ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի կողմից հայտնաբերված հետախուզվող Արման Խոջայանը, բերման է ենթարկվել եւ տեղափոխվել «Նուբարաշեն» ՔԿՀ:

Սույն գործի փաստական հանգամանքների վերլուծությունից բխում է,որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ վարչակազմը 17.10.2011թ. Արման Խոջայանին ընդունելիս գործել է իրավաչափ` թույլ չտալով որևէ իրավական ակտի խախտում, իսկ վճռաբեկ դատարանը որոշմամբ սահմանված 72 ժամյա պահանջը տվյալ դեպքում պահպանվել է, քանի որ դատարանի 20.09.2011թ. որոշմամբ կալանքի կիրառումը վերահաստատվել է»:

Սակայն հաշվի չի առնվել այն, որ անտեսվել է դատավորի կողմից ընտրված երկամսյա կալանավորման ժամկետը, որը հաջորդիվ կանոնակարգվում է ՀՀ  քր.դատ.օր-ի 259 հոդվածի երրորդ մասով, համաձայն որի «Մեղադրյալի հետախուզումը նրա գտնվելու տեղի բացահայտումն է, մեղադրյալին ձերբակալելը և վարույթն իրականացնող մարմնի տրամադրությանը հանձնելն է: Քննիչի որոշման հիման վրա, սույն օրենսգրքով սահմանված կարգով, հետախուզվող մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել խափանման միջոց>>:

Տվյալ դեպքում անձը պետք է բերման ենթարկած ոստիկանների կողմից ձերբակալվեր և հանձնվեր վարույթն իրականացնող մարմնին: Դրանից հետո  նրան պետք է պահեին վարույթն իրականացնող մարմնի տարածքի ՁՊՎ-ում` մինչ կալանավորումը որպես խափանման միջոց վերահաստատելը: Դատարանի որոշումից հետո միայն  նրան պետք է տեղափոխեին ՔԿՀ:

Դիտորդական խումբը կարծում է, որ Արդարադատության նախարարությունն ի վերջո կստեղծի նախադեպ` ցուցաբերելով օբյեկտիվ մոտեցում երևույթներին և հետամուտ կլինի ՀՀ օրենքների  անբասիր կիրառմանը: 

Այս խորագրի վերջին նյութերը