Լրահոս

18.04.2012 12:15


Ա. Ռուստամյան. «Որևէ մեկն իրավունք չունի կասկածի տակ դնելու Լևոն Տեր–Պետրոսյանի և Գագիկ Ծառուկյանի անկեղծությունը»

Ա. Ռուստամյան. «Որևէ մեկն իրավունք չունի կասկածի տակ դնելու Լևոն Տեր–Պետրոսյանի և Գագիկ Ծառուկյանի անկեղծությունը»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականում գտնվող Վարդան Օսկյանյանը վստահ է, որ ժամանակն արագ է անցնում, և ընտրությունները վերահսկող միասնական շտաբը հնարավորինս արագ պետք է սկսի իր աշխատանքները։ Այս մասին նա հայտարարել է շտաբի այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ՝ ավելացնելով, որ այդ շտաբի աշխատանքներին մասնակցելու համար այսուհետ որպես ԲՀԿ–ի լիազոր ներկայացուցիչ է հանդես գալու Վահե Էնֆիաջյանը։

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ընդգծել է, որ իրենց ներկայացուցիչը Ստեփան Միանսյանն է, բայց չի բացառվում, որ այլ անձինք էլ ներգրավվեն միասնական շտաբի աշխատանքներին։  

–Առաջին գործը, որ մենք պետք է հանձնարարենք մեր ներկայացուցիչներին՝ նրանք պետք է արձանագրեն արդեն տեղի ունեցած օրինախախտումները և միասնական շտաբի անունից հատուկ հաղորդագրություններ պատրաստեն։ Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», կարծում եմ՝ մենք բոլորս համարում ենք, որ «Ժառանգության» ստորագրությունն ուժի մեջ է, քանի որ հակառակի մասին հայտարարություն չի հնչել, և «Ժառանգությունը» շարունակում է մնալ այս ձևաչափի լիիրավ անդամ։ Ցանկացած պահի նա կարող է գալ և մասնակցել մեր աշխատանքներն,–ասել է Լ. Զուրաբյանը։

Այսօր նա միասնական շտաբի անդամների ուշադրությունը սևեռել է յոթերորդ ընտրատարծքում տեղի ունեցած օրինախախտումների վրա, երբ ՀԱԿ–ի ակտիվիստներին խոչընդոտել են քարոզչություն իրականցնել և բռնություններ են կիրառել։

–Խնդրում եմ այդ հարցը լուրջ քննարկել, արձանագրել և միասնական շատբի անունից հանդես գալ համապատասխան հայտարարությամբ ու պահանջներով,–ընդգծել է ՀԱԿ համակարգողը։

Միասնական շտաբում ՀՅԴ–ի լիազոր ներկայացուցիչներն են լինելու Համլետ Աբրահամյանը և Սպարտակ Սեյրանյանը։

–Շատ ակտիվորեն մասնակցելու ենք շտաբի նիստերին և ներկայացնելու ենք մեր կողմից արձանագրված խախտումները,–ասել է Ա. Ռուստամյանը,–իսկ այն հարցերը, որ «Ժառանգությունը» բարձրացնում էր նախորդ նիստին, ամբողջությամբ լուծված են, քանի որ երկու քաղաքական ուժերի ղեկավարները շատ հստակ արտահայտել են իրենց ներկայացուցիչների լիազոր լինելու հանգամանքը, և որևէ մեկն իրավունք չունի կասկածի տակ դնելու նրանց այդ հայտարարույթան անկեղծությունը։ Ուստի չեմ գտնում, որ «Ժառանգությունը» պատճառ ունի չմասնակցելու միասնական շտաբի աշխատանքներին։

Իր հերթին Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը նշել է, որ հայտարարությունները, թե այս նախաձեռնությունը ինչ–որ մեկի դեմ է, մերկապարանոց են և անհիմն։

–Նրանք, ովքեր ընտրակեղծիքները դիտում են որպես ընտրություններին մասնակցության հիմնական լծակ, ահա հենց նրանք էլ այդպիսի մեկնաբանություններով են հանդես գալիս։ Մենք «Ժառանգություն» կուսակցությանն այդ չարախոսների շարքին չենք դասում, նրանց ստորագրությունը հարգում ենք։ Կարծում եմ, որ իրենք չեն կողմնորոշվել, թե ով պետք է ներկայացնի այս շտաբում «Ժառանգությանը», երևի մտածում են, որ Ռուբեն Հակոբյանի հայտարարություններն այնքան էլ համահունչ չեն իրենց կուսակցության տրամաբանությանը։ Թող մտածեն, մենք պատրրաստ ենք սպասել,–եզրափակել է Հ. Հովհաննիսյանը։

7or.am  

Այս խորագրի վերջին նյութերը