Կարծիք

23.05.2009 11:03


Ազատական ազգայնականության որոշ դրույթներ (մաս 2)

Ազատական ազգայնականության որոշ դրույթներ (մաս 2)

                    Հայկական հայրենասիրությունը կամ ազգայնականությունը կարող է ինքնարտահայտվել միայն հայերենով և գերազանցապես Հայաստանի ներսում: Թվում է, թե սա ակնհայտ դրույթ է։ Սակայն այսօր էլ ինտերնետում որպես հայ ազգայնականներ ներկայացող անձինք մեծամասամբ ռուսալեզու են և գտնվում են ռուսական տեղեկատվական դաշտի ուժեղ ազդեցության ներքո: Հայալեզու և հայաստանաբնակ լինելու պահանջը քմահաճույք չէ: Հայերեն իմանալը կամ հայրենասեր լինելը յուրաքանչյուր մարդու ազատ ընտրության հարցն է, այլ ոչ՝ պարտականություն: Սակայն Հայաստանի և հայերենի ներսից իրականությունը դիտելը հրամայական է դառնում, երբ կա Հայաստանի քաղաքական գործընթացին մասնակցելու և հրապարակային կարծիք հայտնելու հավակնություն, այն էլ՝ ազգայնական դիրքերից:

            Խզում ռուսական գաղափարական դաշտի հետ: Կարելի է երկար վիճել, թե ռուսական մշակույթի հետ ինտենսիվ շփումը և ռուսական քաղաքականության գոտում գտնվելը վերջին երկու դարերի ընթացքում ի՛նչ որակի և ի՛նչ քանակի ձեռքբերումներ ու կորուստներ է բերել հայերիս համար: Կարծում եմ՝ երկուսն էլ եղել են մոտավորապես նույն չափի: Սակայն այսօրվա Ռուսաստանը բազմաթիվ բարդույթներով հիվանդ հասարակության երկիր է, որի ազդեցությունը գերազանցապես վնասակար է: Ռուսաստանն այսօր հետադիմական, հակաազատական երկիր է և հայկականի նկատմամբ հակազգային գաղափարների, ինչպես նաև կեղծ գիտականակերպ տեսությունների ու մտավոր վիրուսների հիմնական արտահանողն է Հայաստան: Հայաստանի անչափահաս անկախությունը վերջնականապես հասունանալու ներուժ ունի միայն այն պարագայում, եթե կտրվի նախկին խնամակալի ազդեցությունից և սկսի աշխարհը դիտել սեփական հայացքով:

            Ներքին գաղութատիրության ախտորոշումը: Գաղութատիրական մտածողության կրող կարող են լինել ոչ միայն գաղութատեր պետության ներկայացուցիչները, այլև գաղութացված երկրի վերնախավի ներկայացուցիչները: Գաղութատիրական մտածողության կրող «տուզեմնիյ» (բնիկ) վերնախավը սեփական ինքնության մասին պատկերացումները քաղում է օտար աղբյուրներից, և կամա թե ակամա սեփական երկրին ու ժողովրդին տեսնում է օտարի աչքերով: Քանի որ նա սեփական գոյությունն արժևորում է ոչ թե ներսի, այլ դրսի դիտակետից, նրա գոյության կերպին բնորոշ է «թվալ», այլ ոչ թե՝ «լինել» հոգեվիճակը: Սեփական մշակույթի առումով նրա համար առաջնային է դառնում «ներկայանալը» և «ներկայացնելը», այլ ոչ թե՝ ստեղծելն ու արտադրելը: Արևելահայ մտավորականության մի զգալի, այդ թվում և, թերևս, առաջին հերթին «հայրենասեր» մասը, եղել է և մնում է ներքին գաղութատիրականության անգիտակից կրող:

            Արևելահայ Սփյուռքի աշխարհայացքի ախտորոշումը: Ներքին գաղութատիրական մտածողությունը նոր և ակտուալ ձևափոխումներ է ստանում անկախության տարիներին Հայաստանից արտագաղթած արևելահայ մտավորականության, առաջին հերթին նախկին մետրոպոլիայում' Ռուսաստանում բնակվողների շրջանում: Սփյուռքի համար, առհասարակ, բնորոշ է որոշակի պահպանողականություն. հայրենիքից դուրս ապրողն ուզում է, որ իր կողմից լքված երկիրը մնա այնպիսին, ինչպիսին է իր հուշերում: Նրան ակամայից վանում են փոփոխությունները: Երբ հայրենիքը վերածվում է նախնիների երկրի' կարոտախտի առարկայի, ապա բնական է այն պատկերացնել որպես կայունության, «համերաշխության» և ավանդույթների անխաթար պահպանման միջավայր: Այսպիսով, կարոտախտային հայրենասիրությունը միտում ունի վերածվելու սեփական երկրի զարգացման հակառակորդի, քանի որ զարգացումն անհնար է առանց բախումների, պայքարի, վեճերի և այլն: Այս միտմանը կարելի է հանգիստ վերաբերվել, քանի դեռ այն գերազանցապես մնում է իր բնական սահմաններում' Սփյուռքում: Սակայն երբ այն, շնորհիվ իր ռեսուրսային գերակայության, սկսում է տարածվել նաև բուն երկրում, դառնում է վնասակար: Մեր դեպքում զուտ կարոտախտային հայրենասիրությունը միանում է նաև ներքին գաղութատիրությանը, որի պատճառով հայրենիքն արդեն փաստացիորեն վերածվում է ամերիկյան բնկիների ռեզերվացիայի պես մի բանի, ուր բարի պապիկ ու տատիկները ծիրանի չիր են պատրաստում, և ուր համեղ ջուր է հոսում աղբյուրներից: Սրա վկայություններից են Երևանի մասին կարոտախտային երգերը, որոնցում Երևանը ներկայացվում է որպես քաղաք, ուր ջուրը լավն է, և ծիրանի չիր կա։ Կարծես դա կարող է լինել որևէ քաղաքի կարևոր արժանիք:

            Մշակութային զարգացում և առաջադիմություն:  Ոչ թե լինել, այլ թվալ գոյության կերպը վառ արտահայտություն է գտնում «պահպանենք մեր մշակույթը» տարածված շաբլոնում: Թվում է, թե սա կագին կոչ է, կամ, համենայնդեպս, կապ չունի գոյության հիշյալ կեղծ կերպի հետ: Բայց եթե ուշադրություն դարձնեք, Հայաստանում և Սփյուռքում շատ հազվադեպ են ասում' «զարգացնենք մեր մշակույթը»։ Բոլոր հիմնական կոչերն ուղղված են պահպանմանը: Բայց այդ դեպքում դա ոչ այլ ինչ է, քան թանգարանային ազգ լինելու կոչ, ինչը շատ լավ համահարաբերակցվում է «նախնիների երկիր», «բնիկների ռեզերվացիա», «համով ջրի ու ծիրանի չրի քաղաք» փոխաբերությունների հետ: Հայաստանակենտրոն հայացքի համար Հայաստանը ոչ թե նախնիների և անցյալի երկիր պետք է լինի, այլ՝ ներկա սերնդի: Մշակութային ժառանգականության միակ արդյունավետ ձևն ամեն օր և ամեն ժամ նոր մշակութային արժեքներ ստեղծելն է: Ավանդույթն ընդհատվում է այն պահից, երբ դադարում է վերարտադրվել: Նախկինի արժեքներն ապրում են միայն ներկայի նորարարության մեջ և միջոցով, այլապես վերածվում են թանգարանային մեռյալ նմուշների: Հայկական մշակույթի բոլոր, այսպես կոչված, «մեծերը» եղել են նորարար. նրանք չեն պահպանել, այլ ստեղծել են։ Ավելի շուտ' պահպանել են ստեղծելով:

            Անկախ Հայաստանի արժևորումը: Տարօրինակ է, բայց հայկական ազգայնականության դեպքում հնարավոր, ու վերոշարադրյալի դեպքում էլ, թերևս, օրինաչափ, երբ հայ «հայրենասերը» կարոտախտով է վերաբերվում խորհրդային ժամանակաշրջանին: Խոսքը հատկապես այն տարածված կաղապարի մասին է, թե Խորհրդային Հայաստանում մշակույթը ծաղկում էր, կամ՝ մշակույթի ծաղկման համար կային առավել նպաստավոր պայմաններ, քան այսօր: Իհարկե, խորհրդային շրջանի հայկական մշակույթի ձեռքբերումները չարժե թերագնահատել, բայց առավել ևս չարժե դրանք գերագնահատել: Ամեն դեպքում, խորհրդային (առաջին հերթին՝ ստալինյան և հետստալինյան) շրջանի հիմնական միտումը մշակույթի գավառականացումն էր և արհեստական կտրվածությունը արևմտյան քաղաքակրթությունից, որը հայկական մշակույթի բնական համատեքստն է: Որքան էլ անկախ Հայաստանի ընդհանուր վիճակը քննադատելի լինի, մեծ հաշվով՝ այնտեղ մշակութային ստեղծագործության և արտադրության համար շատ ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծված: Թեկուզ ա՛յն բանի շնորհիվ, որ ինքնարտահայտման աստիճանն ու աշխարհի հետ կապի մեջ լինելու հնարավորությունն անհամեմատ ավելի մեծ են, քան խորհրդային Հայաստանում: Իսկ եթե անկախ Հայաստանում բարձրակարգ մշակույթ, այնուամենայնիվ, չի ստեղծվում, պատճառը պետք է փնտրել նախ և առաջ հենց մշակույթի ստեղծման հավակնություններ ունեցող մտավորականության ամլության մեջ: Ինչպես և այլ ոլորտներում, մշակութային դաշտում ևս, անկախ Հայաստանի խնդիրների մեծ մասի արմատները ոչ թե անկախության, այլ ճիշտ հակառակը' «սովետականության» մեջ են:  

            Համեստ արժանապատվություն: Ազգային ինքնության տեսանկյունից ազգային գերարժևորման և թերարժևորման բարդույթները հավասարապես վնասակար են: Նախկինում հայերս սովոր ենք եղել գերագնահատել մեր արժանիքները, մեր մշակութային ժառանգության հարստությունը և այլն: Այսօր բնականից առաջանում է հակառակ միտումը' թերագնահատումը: Իրականում հայկականության ճշգրիտ տեղը ձևակերպել է դեռևս Խորենացին' «թեև փոքր ածու ենք, ...և մեր թագավորությունը բազմիցս նվաճված, սակայն բազում սխրանքներ գործվել են և մե՛ր աշխարհում»: Սա ինքնանվաստացում չէ, այլ աշխարհում սեփական տեղի համարժեք ընկալման և, միաժամանակ, արժանապատվության դրսևորում: Այս հանգիստ, հիստերիզմից ու վայրիվերումներից զուրկ ընկալումն է լավագույն հակաթույնը՝ ընդդեմ ազգային սնապարծության և ազգային ինքնանվաստացման:

            Պատասխանատվություն և աշխատանք: Մտքի, խոսքի և գործի անպատասախանատվությունը, ինչպես նաև մտքի և գործի ծուլությունը չափազանց բնորոշ գծեր են նաև հայկական քաղաքական դաշտի համար: Ազատական ազգայնականության նախագծի կարևոր կոչերից պետք է լինի պատասխանատվության և աշխատանքի կոչը: Ոչ միայն քաղաքական կազմակերպությունները, այլև իրենց կարծիքը հրապարակայնորեն արտահայտելու հնարավորություն ունեցող անձինք, պետք է պատասխանատվություն կրեն իրենց արտահայտած յուրաքանչյուր դիրքորոշման, տեսակետի, կանխատեսման հետևանքների համար: Այս պատասխանատվությունը պետք է տարածվի ընդհուպ մինչև լեզվի ոլորտ. կարևոր քաղաքական հնչեղութուն ունեցող յուրաքանչյուր հասկացություն պետք է հստակ սահմանված լինի՝ ի հեճուկս այսօրվա լղոզվածության, քանի որ վերջինս անպատասխանատվության գլխավոր պատճառներից է:

            Ազատական ազգայնականությունը երրորդ ուժ չէ: Թե՛ տեսության, թե՛ պատմության տեսանկյունից՝ երրորդ ուժի ձևավորման բոլոր փորձերն ավարտվել են ձախողմամբ, քանի որ քաղաքական պայքարը ձգտում է երկբևեռության: Սակայն, բացի այդ, կա նաև այն հանգամանքը, որ ազատական ազգայնականության գաղափարական նախագիծը, անկախ Հայաստանի տեսանկյունից, ո՛չ թե երկրորդ, երրորդ, չորրորդ (և այլն), այլ՝ առաջի՛ն ուժ է: Սա Անկախության հռչակագրի տրամաբանությունից բխող աշխարհայացքն է, և նրա նկատմամբ բոլոր մնացած ուժերն ու գաղափարները կարող են համարվել ընդդիմադիր' երկրորդ, կամ լուսանցքային' երրորդ, չորրորդ և այլն: Այստեղ ևս անհրաժեշտ է եզրերի հստակություն: Չի կարելի երրորդ կոչել այն գաղափարը, որն իր էությամբ առաջնայինն է անկախ Հայաստանի համատեքստում:

            Հրանտ Տեր-Աբրահամյան

Տես նաև...

Այս խորագրի վերջին նյութերը