Լրահոս

25.05.2009 17:08


Գյումրիի քաղաքապետարանը «կարգ ու կանոն» է հաստատում

Գյումրիի քաղաքապետարանը «կարգ ու կանոն» է հաստատում

Գյումրի Ռիժկովի անվան կենտրոնական ճեմափողոցում այսօր քաղաքապետարանի ներկայացուցիչները ոստիկանության օգնությամբ տարածքն ազատում էին փողոցային առևտրով զբաղվողներից: Այստեղ հիմնականում առևտրով են զբաղվում գրքեր ու ամսագրեր վաճառողները: Ռիժկովի փողոցում գիրք վաճառողներից Արտեմ Կարապետյանն ասել է, որ այսօր առավոտից ոստիկաններն իրենց արգելել են առևտուր անել:

«Պատճառաբանում են, թե իբր Ազգային ժողովն է նման որոշում ընդունել, հիմա էլ տեղական իշխանությունները կյանքի են կոչում այդ որոշումը: Ճգնաժամի պայմաններում փոխանակ նման որոշումները սառեցնեն, հակառակն են անում: Դե հիմա թող ինձ աշխատատեղ տան, որ աշխատեմ»,- ասել է գրավաճառը:

Մեկ այլ առևտրական, որը չցանկացավ ներկայանալ, ասել է. «Մեզ տեղեկացրին, որ քաղաքապետարանը շուտով տեղափոխվելու է նոր շենքը, ուստի հարիր չէ, որ հենց նրա հարևանությամբ առևտրով զբաղվողներ լինեն: Մեզ մեկ այլ տեղ են առաջարկել, սակայն, եթե էս փողոցը քաղաքապետարանի կողքին է՝ մեզ առաջարկվող տարածքը հենց քաղաքապետարանի դիմացն է ընկնում: Կամ, էդ երբվանի՞ց է գիրք վաճառելն ամոթ բան դարձել»:

Գյումրիի քաղաքապետարանի ապօրինի շինությունների և հողազավթումների բաժնի պետ Աշոտ Քալաշյանը, ով տեղում հրահանգներ էր տալիս, իրողությունը մեկնաբանեց հետևյալ կերպ. «Գյումրիում պետք է կարգ ու կանոն հաստատվի։ Իսկ եթե խոսքը վերաբերում է կարգ ու կանոնին, ապա փողոցային առևտուրը պետք է արգելվի, հատկապես՝ քաղաքի կենտրոնական հատվածում: Ժամանակն է, որ անցնեն առևտրի կազմակերպան քաղաքակիրթ մեթոդներին և տեղափոխվեն շուկաներ: Մենք երկու ամիս առաջ պարբերաբար զգուշացրել ենք նրանց, իրենք պետք է պատրաստ լինեին»:

Սակայն առևտրականնեը պնդում էին, թե իրենց զգուշացրել են մեկ տարի առաջ ու դրանից հետո հանգիստ են թողել, իսկ հիմա առանց նախօրոք զգուշացնելու վտարում են: Ըստ Աշոտ Քալաշյանի՝ Ռիժկովի ճեմափողոցում առևտրով զբաղվում են ընդամնեը 8-9 քաղաքացի, սակայն մեր այցելության պահին վտարված առևտրականների թիվը 20-30 էր:

 Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը