Լրահոս

16.05.2012 14:42


ՀՀ մշակույթի նախարարության պարզաբանումը մամուլում տեղ գտած հրապարակումների վերաբերյալ

ՀՀ մշակույթի նախարարության պարզաբանումը մամուլում տեղ գտած հրապարակումների վերաբերյալ

«Վերջին օրերին մշակույթի բնագավառի մի քանի պաշտոնյաների աշխատանքից ազատումը արձագանք գտավ մամուլում: Այս թեման պարզ տեղեկատվությունից սկսեց վերածվել միակողմանի քննարկման առարկայի ու քննարկողներից յուրաքանչյուրը փորձեց աշխատանքային դիպվածը դարձնել հայ մշակույթի գլխին կախված դոմոկլյան սուր կամ աղետ: Որպեսզի կարծիքներն ու քննարկումները չթեժանան, իսկ քննարկողները չհատեն ժողովրդական բանահյուսության սահմանը, ՀՀ մշակույթի նախարարությունը պարզաբանում է.

Հայաստանի պատմության թանգարանի փոխտնօրեն Կարեն Խաչատրյանին աշխատանքից ազատել է ոչ թե ՀՀ մշակույթի նախարարը, այլ թանգարանի տնօրենը, քանի որ այդ իրավասությունը օրենքով պատկանում է ՊՈԱԿ-ի տնօրենին: Վերջինիս մեկնաբանմամբ՝ փոխտնօրենը երկար ժամանակ խնդրել է ազատել իրեն աշխատանքից անձնական խնդիրների և այլ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու ցանկության պատճառով:

Տնօրենը բազմիցս մերժել է իր տեղակալի դիմումը, հաշվի առնելով աշխատանքային ծանրաբեռնվածությունը: Փոխտնօրենի դեռևս ապրիլի 3-ին գրած դիմումը հենց այդպես էլ ձևակերպված է եղել: Մեկ ամիս շարունակ փոխտնօրենին հորդորելով հրաժարվել աշխատանքից ազատվելու մտքից՝ թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը մայիսի 3-ին Կարեն Խաչատրյանին ազատել է աշխատանքիցª համաձայն իր դիմումի:

«Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Գրիգորյանի ղեկավարած կառույցում դեռևս տարեսկզբին պլանային աուդիտ է իրականացվել: Այնտեղ հայտնաբերված թերացումներն ու բացթողումները կարող էին հիմք հանդիսանալ նկատողության /որի բացակայությամբ հպարտանում է Մ. Գրիգորյանը/, ինչպես նաև աշխատանքից ազատման: Սակայն, առաջնորդվելով ստուգումների ամբողջական և համալիր արդյունքներ ունենալու տրամաբանությամբ, նախարարի հրամանով ստեղծվել է «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ին ամրացված թանգարանային ֆոնդերի հաշվառման և գույքագրման մասնագիտական հանձնաժողով՝ վերոնշյալ ՊՈԱԿ-ում բացահայտված խնդիրներն ուսումնասիրելու և դրա արդյունքում աուդիտի վերջնական եզրակացություն ձևավորելու նպատակով:

Քանի որ այս գործընթացի իրականացման ժամանակահատվածում լրացել է Մ. Գրիգորյանի աշխատանքային պայմանագրի ժամկետը, նրան առաջարկվել է մինչև հանձնաժողովի աշխատանքների ավարտը պայմանագիրը երկարացնել երկու ամսով /ինչին տնօրենը համաձայնել է/, ապա, նաև՝ տասնհինգ օրով:
Մ. Գրիգորյանը հրաժարվել է երկարացնել աշխատանքային պայմանագիրը, ինչի արդյունքում ՊՈԱԿ-ը կարող էր մնալ առանց ղեկավարի: Այս իրավիճակում միակ իրավական լուծումը նրան աշխատանքից ազատումն էր և նոր տնօրենի պաշտոնակատարի նշանակումը, որպեսզի հանձնաժողովի բնականոն աշխատանքները շարունակվեն: Կուզենայինք նշել նաև, որ ՊՈԱԿ-ում իրականացվող աուդիտի արդյունքներով ընդունվելիք որոշումները դեռ առջևում են:
ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության նախկին պետ Սոնա Հարությունյանը աշխատանքից ազատվել է համաձայն իր 2012 թ. մարտի 19-ի դիմումի: Վեց տարի շարունակ ՀՀ մշակույթի նախարարությունում աշխատած տիկին Հարությունյանն աշխատանքից ազատման իր դիմումում ներկայացրել էր նախարարության մասին իր չհիմնավորված կարծիքը և վերջում հավելել, որ նպատակահարմար չի գտնում շարունակել աշխատել սույն պաշտոնում: Դիմումի մանրամասները չենք մեջբերում, քանի որ տիկին Հարությունյանը դա, որպես իր գրավոր մտքի լուրջ ու մեծ ձեռքբերում, հասցրել է վերջին երկու ամսում բազմիցս հրապարակել:

Նախ տեղեկացնենք, որ բարձրացված այս աղմուկը, արվեստագետների բաց նամակն ու լրատվամիջոցներից մեկի անհանգստությունը համարում ենք միանգամայն անհիմն: Վերջին տարիների ընթացքում ՀՀ մշակույթի նախարարությունից սեփական դիմումի համաձայն ազատվել են երեք փոխնախարարներ, իսկ նույն այդ վարչությունից՝ երկու վարչության պետեր, ովքեր իրենց գիտելիքների, փորձառության ու աշխատելու կարողությամբ ոչ միայն չեն զիջել, այլ հիմնականում գերազանցել են Սոնա Հարությունյանին: Սակայն, նման աղմուկ չի բարձրացել նրանցից որևէ մեկի աշխատանքից ազատման շուրջ: Ինչո՞ւ: Մի պարզ պատճառով, որովհետև նախկինում ազատված անձանց մեջ բացակայում էր Սոնա Հարությունյանի եսակենտրոն պահվածքը և սեփական անձի շուրջ աղմուկ ստեղծելու ու կազմակերպելու ջիղը:

Նամակագիրներից ոմանք հրապարակավ կարծիք են հայտնում, թե Ս. Հարությունյանն ազատվել է աշխատանքից նախարարի կամայականության պատճառով՝ աշխատանքային միջադեպը տեղափոխելով անձնական դաշտ: Ստիպված ենք հիշեցնել, որ տկն. Հարությունյանն այն սակավաթիվ մարդկանցից է, ում նախարարություն վեց տարի առաջ աշխատանքի է հրավիրել նախարար Հասմիկ Պողոսյանը՝ որպես խորհրդական: Արդյո՞ք նախարարի հետ անձնական խնդիրներ ունեցող աշխատակիցը կարող էր մեկ տարվա ընթացքում գործուղման մեկնել Քուվեյթ, Շվեյցարիա, Չինաստան, ինչպես նաև տարեկան երկու անգամ իր ուսումնական արձակուրդ-գործուղումն անցկացնել Գերմանիայում:

Նախարարին ուղղված հաջորդ մեղադրանքն այն է, որ Սոնա Հարությունյանի դիմումը մակագրվել է առանց դիմումատուին հանդիպելու: Տեղեկացնենք, որ սրան նախորդել են մի քանի նմանատիպ դիմումներ, որոնցից յուրաքանչյուրի շուրջ բազմաթիվ քննարկումներ ու զրույցներ են ունեցել նախարարն ու վարչության նախկին պետը: Պարզապես, Ս. Հարությունյանի համար անակնկալ էր, որ իր հերթական դիմումն այս անգամ դարձավ վերջինը:

Լավ է, որ գնահատվում է երբեմնի պաշտոնյայի աշխատանքը, բայց գերագնահատելն ավելորդ է: Տեղեկացնենք, որ Ս. Հարությունյանը նախարարության միակ աշխատակիցը չէր, ով ուսանել է Եվրոպայում: Եվ պետք է նշենք, որ դա հմուտ, փորձառու, գիտակ պաշտոնյա լինելու միակ ու կարևորագույն չափանիշը չէ: Մի՞գուցե նրա ստացած եվրոպական կրթությունը խթանել է լավ արվեստաբան դառնալուն, սակայն, որպես վարչության պետ, նրա թերացումներն ու բացթողումները բազմաթիվ են, որոնք կարող ենք հիմնավորել փաստաթղթերով: Սակայն, դա չենք անում հիմնարկության ներքին կյանքը չհանրայնացնելու ու նախկին աշխատակցի հետագա աշխատանքային առաջընթացը չխաթարելու պատճառով:
Մենք չզլացանք վերոնշյալ հարցերին այսքան մանրակրկիտ անդրադառնալ, ցանկանալով, որ մեր արվեստագետները ստանան ամբողջական և օբյեկտիվ տեղեկատվություն»:

Այս խորագրի վերջին նյութերը