Լրահոս

30.05.2012 11:18


Հարուցվել է քրեական գործ հրապարակման ուսումնասիրության հետևանքով

Հարուցվել է քրեական գործ հրապարակման ուսումնասիրության հետևանքով

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկված Անտոնիո Կավեի անձնական խուզարկությամբ հայտնաբերված առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության դեպքի առթիվ:

2012թ. մարտի 20-ին «Հետք» ինտերնետային կայքում հրապարակվել էր Իտալիայի քաղաքացուց առգրավված մոտ 10 000 ԱՄՆ դոլար գումարի` ՀՀ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնից անհետանալու մասին հոդված:

Այդ կապակցությամբ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել է ծառայողական քննություն, որի արդյունքում պարզվել է, որ 2011թ. հոկտեմբերի 14-ին խարդախություն կատարելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել Իտալիայի Հանրապետության քաղաքացի Ա. Կավեն:

Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1 460 000 ՀՀ դրամ, 2 400 ԱՄՆ դոլար եւ 1 800 եվրո գումար: Հայտնաբերված գումարն այլ անձնական իրերի հետ փաթեթավորվել է մեկ փաթեթում  եւ նախապատրաստված նյութերի հետ նույն օրն ուղարկվել  ՀՀ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժին:

Նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որի նախաքննությամբ հաջորդաբար զբաղվել են ոստիկանության նույն բաժնի քննիչներ Ս. Վարանցովյանը, Մ. Գրիգորյանը եւ Պ. Բադալյանը:

Պ. Բադալյանը 2011թ. դեկտեմբերի 30-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

2012թ. մարտի 6-ին` դատավճիռ կայացնելուց հետո, դատարանում պարզվել է, որ Ա. Կավեից առգրավված  իրերի միջից վերոհիշյալ գումարը բացակայում է:

Նկատի ունենալով, որ նյութերում առկա են  ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով  նախատեսված` յուրացման եղանակով ուրիշի գույքի` առանձնապես խոշոր չափերով հափշտակության հատկանիշներ` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ:

 Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը